211652_close_icon
views-count15292 դիտում article-date 14:20 28-12-2018

Վիրաբույժը, ով ոչ միայն կտավներ է վրձնում, այլև` վիրահատությանը վերաբերվում է որպես «արվեստի գործ»-ի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Այն, որ բժիշկ պիտի դառնայի մանկուց էր որոշված: Ինչու վիրաբուժություն` չգիտեմ, չեմ կարող ասել: Ասում են վիրաբույժ չեն դառնում, այլ` ծնվում են: Ինչ- որ չափով հավատում եմ այս խոսքերին», -ասում է մասնագիտությամբ վիրաբույժ Ներսես Բերբերյանը, ով դժվարությամբ է համաձայնվում խոսել իր մասին: Փոխարենը խոսում եմ ես` հարցերի միջոցով փորձելով մի քիչ բացել լռակյաց տղամարդու կերպարը: Մինչ խաչաձև հարցեր եմ տալիս բժիշկն էլեկտրոնային փոստն է ստուգում ու գրառումներ անում: Տարիներ առաջ Ներսես Բերբերյանը Սիրիայից Հայաստան եկավ ուսանելու: Հայկական ու արաբական միջավայրում մանկությունը անցկացրած երիտասարդ բժիշկն ասում է. «Հայաստան գալուց հետո հասկացա, որ այլևս չեմ վերադառնա Սիրիա»: Չնայած, որ հայկական կրթություն էր ստացել, հայկական գաղութում մեծացել, բայց միջավայրն իրենը չէր`օտար էր: Սիրիա մեկնելու առիթը հետագայում միայն ծնողներին տեսնելն է դառնում: «Հայ ես, ուրեմն պետք է ապրես քո հողում, շենացնես քո երկիրը», -ասում է բժիշկը: Հարցիս` ռոմանտիկ եք, պատասխանում է հակիրճ` ոչ, ցանկացած նորմալ հայի նման`հայրենասեր: Բժշկական համալսարանն ավարտելուց հետո Ներսես Բերբերյանը շարունակում է հետագա ուսումն ու հիմնավորապես հաստատվում հայրենիքում` ընտրելով մասնագիտության թերևս ամենաբարդ ու պատասխանատու ուղղվածությունը` կրծքագեղձի վիրաբուժությունը: Չնայած երիտասարդ տարիքին նա հասցրել է լուրջ փորձառություն ձեռք բերել, մասնակցել է աշխարհի զարգացած երկրների` Շվեցարիայի և Իտալիայի կրծքագեղձի խնդիրներով զբաղվող առաջատար կլինիկաներում վերապատրաստումների և մաստերկլասերի: Ցավոք, հասարակության շրջանում ժամանակին բժշկի դիմելու կամ պրոֆիլակտիկ հետազոտվելու մշակույթը դեռ զարգացած չէ: Ասում է կրծքագեղձի վիրաբույժն, ով ամեն օր ստիպված է լինում մի քանի անգամ բախվել այն իրողության հետ, որ կլինիկա դիմած կանանց մոտ այդ առումով խնդիրներ կան: Առաջին զրույցը հոգեբանական աջակցությունն է`հիվանդի հետ անկեղծ զրուցելն է, վերջինիս վստահեցնելով, որ դա ժամանակավոր խնդիր է ու կանցնի: «Միայն կամք, ցանկություն ու լավատեսություն է պետք, որպեսզի մարդն ունենա, մնացածը` մասնագետների խնդիրն է», -ասում է բժիշկ Բերբերյանը, լրացնելով, որ հիվանդությունը հաղթահարելու ամենամեծ գրավականը հիվանդի նախատրամադրվածությունն է: «Վիրահատարան մտնելուց հետո` բուն աշխատանքի ընթացքում սառնասիրտ եմ, այլ կերպ չի էլ կարող լինել», -ասում է նա ավելացնելով` բայց առօրյայում, հիվանդների հետ շփվելիս չեմ կարող սառնասիրտ լինել: «Ես կիսում եմ նրանց հուզմունքը, ուրախությունը, «դուխ» եմ տալիս հաղթահարել հոգեբանական վիճակը, հետագայում էլ կապ եմ պահպանում նրանց հետ: Կանայք ուժեղ են իհարկե, բայց նաև աջակցության կարիք ունեն: Նրանց հետ և դժվար է աշխատել, և հեշտ է», -հավելում է իր բոլոր հիվանդներին ու նրանց հիվանդության պատմության /история болезни/ մանրամասները հիշող բժիշկը: Մեր զրույցը մի քանի անգամ ընդհատվում է սոնոգրաֆիայի ու մամոգրաֆիայի սենյակներում հետազոտվող հիվանդների ախտորոշման հետ կապված: Էկրանին երևացող պատկերն ուսումնասիրելուց հետո ասում է` լուրջ խնդիր չկա: Վիրահատությանը որպես «արվեստի գործ»-ի է վերաբերվում: Ասում է Ներսես Բերբերյանն առանց աչքը հեռացնելու հերթական հիվանդի գործից: Ուրախալի է, երբ վիրահատությունից հետո արդյունքը շատ դրական է լինում և դու պիտի ասես այդ մասին: Ներքին հուզմունք կա այդ պահին` կարողացել ես օգնել մարդուն: Մեր զրուցակիցի խոսքով, եթե մարդը պետք է վիրաբույժ դառնա, ապա դա ի վերուստ է տրված: Օնկոպլաստիկ վիրաբույժին նաև արվեստն է հարազատ` նկարում է, երաժշտությամբ հետաքրքրվում: Անհատական ցուցահանդեսի մասին գուցե մի օր մտածի, եթե ազատ ժամանակ գտնի ու շարունակի ստեղծագործել, իսկ առայժմ արդեն վրձնած նկարներն աշխատասենյակն են զարդարում: Մտովի հետ է գնում ուսանողական տարիներ ու հիշում, որ դասախոսի հանձնարարությամբ պետք էր թղթին հանձնել բջջաբանության դասի ընթացքում մանրադիտակի տակ տեսածը: Ապագա բժիշկի խոսքով ինքը տպավորիչ ու գեղեցիկ նկարել էր, այնքան տպավորիչ, որ նկարը պահեցին ամբիոնում: Իսկ նկարել սկսել է դպրոցական տարիներին ու տարբեր թեմաներով, բայց ավելի հասուն տարիքում դրանք թեմատիկ առումով բոլորն արդեն կապված են եղել մասնագիտության հետ: Աշխատասենյակի պատին փակցված գործերն առաջին հայացքից աբստրակտ պատկերներ են թվում, ավելի ուշադիր նայելիս նկատում ես` հերոսը կին է: «Էսթետիկան ինձ համար մեծ նշանակություն ունի: Նկարչությունն օգնում է վիրահատական սեղանի մոտ յուրաքանչյուր կտրվածք անելիս: Ես պատկերացնում եմ, թե ինչ հետք է թողնելու այս կամ այն կտրվածքը կամ ինչպես անել, որ հետագայում հնարավորինս չերևա դա: Պետք է այնպես անել, որ քո կտրվածնքները խնդիրներ չառաջացնեն», - մեղմ ժպիտով ասում է Ներսես Բերբերյանը: Օնկոպլաստիկ վիրաբույժի խոսքով իր նպատակը ոչ միայն կրծքագեղձի վիրահատություն իրականացնելն ու ուռուցքը հեռացնելն է, այլև` կնոջ կրծքագեղձը պահպանելը: Բարեբախտաբար մեզ մոտ էլ արդեն սկսել են կիրառել աշխարհի զարգացած երկրների փորձը: Երբ մասնագիտական ու արվեստի ոլորտից անցում եմ կատարում անձնականի ու հետաքրքրվում եմ արդյոք կուզենա, որ իր փոքրիկ դուստրն էլ վիրաբույժ դառնա` երիտասարդ հայրիկի աչքերը միանգամից սկսում են փայլել: «Աղջիկս շատ արտիստիկ է, սիրում է պարել, նկարում է, ասմունքում, բայց նաև ասում է, որ բժիշկ է դառնլու: Արդեն հետաքրքվում է իմ մասնագիտությամբ, տարաբնույթ հարցեր է տալիս: Դեռ վաղ է, որևէ բան ասել, թեև բոլոր նախապայմանները կան», -եզրափակում է մեր զրույցը բժիշկ Բերբերյանը` դեմքին անթաքույց ժպիտով` եթե այդուհանդերձ որոշի բժիշկ դառնալ, ինքը միայն ուրախ կլինի: Մարինա Հովհաննիսյան
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր