ՀԱՊԿ-ում միմյանց հանդեպ անվստահություն կա. ՀՀ ԶՈՒ գնդապետ
Այն, ինչ գրված է ՀԱՊԿ կանոնադրության մեջ, ամեն ինչի մասին է եւ ոչնչի: Դեկտեմբերի 24-ին Երեւանում կայացած «ՀԱՊԿ մարտահրավերները, սպառնալիքները եւ զարգացումը իրավական տեսանկյունից» թեմայով կլոր սեղանի ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ զինված ուժերի գնդապետ, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի դասախոս Արմեն Ղալիչյանը:
Նրա խոսքերով, ՀԱՊԿ անդամ երկրների ներսում կան որոշակի «տեղեկատվական արշավներ», որոնք ուղղված են կազմակերպության գործունեության խաթարմանը:
«Ի՞նչ է դա նշանակում: Դա նշանակում է, որ այն շրջանակները, որտեղ մենք գործում ենք, բավարար չեն», - ասաց գնդապետը:
Միեւնույն ժամանակ նա ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ Ղազախստանում անցկացված զորավարժությունների ընթացքում կողմերին առաջադրվել են հատուկ խնդիրներ, սակայն մասնակիցներից ոչ մեկը չգիտեր, թե ինչով զբաղվեր:
«Սա եւ՛ միմյանց հանդեպ անվստահության մասին է խոսում, եւ՛ շատ այլ բաների: Դա անհրաժեշտ է վերանայել: Հակառակ դեպքում, դա լավ բանի չի հանգեցնի », - իր խոսքը եզրափակեց Ղալիչյանը: