ՕԵԿ-ը մտահոգություն է հայտնում Սփյուռքի և Մշակույթի նախարարությունների լուծարման վերաբերյալ. հայտարարություն
ՕԵԿ Քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Պետական կառավարման համակարգի կառուցվածքային փոփոխությունները և դրանց հնարավոր հետևանքները չեն կարող վրիպել մեր քաղաքական ուժի ուշադրությունից։ «Օրինաց Երկիրը» հավատարիմ լինելով համակարգված և կշռադատված լուծումներով, այլ ոչ թե իրավիճակային մոտեցումներով երկիրը կառավարելու իր որդեգրած սկզբունքին, արձանագրում է, որ պետական որոշ մարմինների չհիմնավորված և հապճեպ վերակազմավորման կամ լուծարման սպասվող գործընթացը հղի է անխուսափելի վտանգներով։
«Օրինաց Երկիրը» դիտարկելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը իր մտահոգությունն է հայտնում հատկապես Սփյուռքի և Մշակույթի նախարարությունների լուծարման և դրանք գերատեսչական մարմիններ դարձնելու վերաբերյալ։ Եթե դրանք ժամանակին անփույթ կառավարման պատճառով չեն կարողացել իրենց առջև դրված առաքելությունը իրականացնել, դեռևս չի արդարացնում այն միտքը, որ այդ կառույցները անպայման պետք է լուծարվեն։ Վերջինիս այլընտրանքը մենք համարում ենք կառավարման արդյունավետության բարձրացումը, աշխատանքի ճիշտ գնահատման ուղիների սահմանումը՝ յուրաքանչյուրի ունակություններին և կարողություններին համապատասխան»։