211652_close_icon
views-count1184 դիտում article-date 22:36 21-12-2018

Դեսպան Արման Կիրակոսյանը հրաժեշտի հանդիպումներ է ունեցել Վիեննայում

Դեկտեմբերի 17-ին Ավստրիայի Հանրապետությունում և Վիեննայի միջազգային կազմակերպություններում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող դեսպան Արման Կիրակոսյանը հանդիպեց Միջուկային զենքի փորձարկման համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության (CTBTO) Գործադիր քարտուղար Լասսինա Զերբոյի (Lassina Zerbo) հետ: Հանդիպման ընթացքում դեսպան Կիրակոսյանը շնորհակալություն հայտնեց Գործադիր քարտուղար Զերբոյին իր առաքելության տարիների ընթացքում բեղմնավոր համագործակցության և Հայաստանում կազմակերպության աջակցությամբ իրականացված ծրագրերի կապակցությամբ։ Լասսինա Զերբոն իր հերթին բարձր գնահատեց Արման Կիրակոսյանի անձնական ներդրումը Հայաստանի՝ Միջուկային զենքի փորձարկման համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության հետ համագործակցությունն զարգացնելու հարցում: Դեսպան Կիրակոսյանը վերահաստատեց CTBTO Գլխավոր քարտուղարին ուղղված Հայաստան այցելելու հրավերը՝ նշելով, որ այն պատեհ առիթ կհանդիսանա տեղում ծանոթանալու CTBTO-ի օժանդակությամբ իրագործվող ծրագրերին: Հանդիպման ավարտին Լասսինա Զերբոն հաջողություններ մաղթեց դեսպան Արման Կիրակոսյանին իր հետագա դիվանագիտական գործունեության մեջ: Դեկտեմբերի 19-ին ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Կիրակոսյանը հրաժեշտի հանդիպում ունեցավ ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) Գլխավոր տնօրեն Լի Յոնգի (Li Yong) հետ: Հանդիպման ընթացքում UNIDO-ի Գլխավոր տնօրենն անդրադարձավ Արման Կիրակոսյանի պաշտոնավարման տարիներին Հայաստանում UNIDO-ի կողմից իրականացված և շարունակվող ծրագրերին, նշվեց, որ դրանք մեծապես նպաստել են երկրի տնտեսության որոշ բնագավառների, այդ թվում տեքստիլի արտադրության, վերազինմանը և վերականգնմանը: Դեսպան Կիրակոսյանը շնորհակալություն հայտնեց կազմակերպության Գլխավոր տնօրենին արդյունավետ համագործակցության համար՝ ընդգծելով վերջինիս անձնական դերակատարումը Հայաստանի հետ կապված մի շարք հարցերի կարգավորման գործում: Դեսպան Կիրակոսյանը նշեց, որ ուժի մեջ է Հայաստանի կառավարության կողմից Լի Յոնգին ուղղված այցելելության հրավերը: Ի պատասխան UNIDO-ի Գլխավոր տնօրենն ասաց, որ ծրագրում է Հայաստան այցելել 2019թ. երկրորդ կեսին: Նա հավելեց, որ ուրախ կլինի մասնակցել նաև Հայաստանում կայանալիք որևէ համապատասխան գործարար համաժողովին:

Նմանատիպ նյութեր