211652_close_icon
views-count2838 դիտում article-date 19:58 20-12-2018

Արցախի զինված ուժերը կհամալրվեն ժամանակակից զինտեխնիկայով, ամեն ինչ արվելու է դրա համար. Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 20-ին մասնակցել է 2019 թվականի պետական բյուջեի նախագծի հաստատմանը նվիրված Ազգային ժողովի նիստին: Իր ելույթում Բակո Սահակյանը կանգ է առել բյուջեի նախագծի որոշ ուղղությունների վրա: Ինչպես հայտնում են ԱՀ նախագահի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահը իր ելույթում նշել է. «Բյուջեում արտացոլված են մեր երկրի տնտեսական զարգացման հիմնարար սկզբունքները, որոնց բաղադրիչներն են՝ դինամիկ և համաչափ զարգացող տնտեսությունը, ներհայկական տնտեսական ինտեգրացիայի բարձր աստիճանի ապահովումը և սոցիալական պետության կարևորագույն ատրիբուտների պահպանումը: Առանձին ուշադրության կենտրոնում եղել և մնում են բանակաշինության, անվտանգության, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության ոլորտները: Այսուհետ էլ արվելու է հնարավոր ամեն ինչ բանակի մարտունակության հետևողական բարձրացման, զինված ուժերը ժամանակակից զինտեխնիկայով համալրման, քաղաքացիական պաշտպանության համակարգի ամրապնդման ու արդիականացման, զինծառայողների, վետերանների և հաշմանդամների սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ», - ընդգծել է նախագահ Սահակյանը: Իր խոսքում նա նշել է, որ տեղի են ունեցել բյուջեի նախագծի բազմակողմանի ու համապարփակ քննարկումներ՝ նախատեսված բոլոր փուլերով, պատգամավորները հնարավորություն են ունեցել ծանոթանալու բյուջեի տրամաբանությանը, դրա հնարավորություններին ու կազմման գործընթացին և հայտնելու իրենց կարծիքներն ու տեսակետները: Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել պատգամավորներին բյուջետային քննարկումներին ակտիվ մասնակցության ու համագործակցության համար և առաջարկել բյուջեի նախագծի ներկայացված վերջնական տարբերակն ընդունել որպես օրենք: Տեղի ունեցած քննարկումների արդյունքում Ազգային ժողովն ընդունել է Արցախի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեն: Բակո Սահակյանի խոսքով՝ 2019 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվել է տնտեսության ճյուղերի զարգացմանն ուղղված բյուջետային հատկացումների զգալի ավելացում 6.5 տոկոսով՝ ապահովելով առաջանցիկ աճ ընդհանուր ծախսերի աճի նկատմամբ: «Գյուղատնտեսության ոլորտում բյուջեի նախագծի ձևավորման ընթացքում հիմնական շեշտը դրվել է ինտենսիվ զարգացման, հայեցակարգային մոտեցումների վրա, մասնավորապես՝ ոռոգման ոլորտում, որտեղ ջրախնայողական տեխնոլոգիաների ներդրման համար նախատեսված է 600 միլիոն դրամ, արտեզյան ջրհորների կառուցման և վերանորոգման ծրագրի համար՝ 400 միլիոն դրամ: Պետության տնտեսական քաղաքականության իրականացման գործում մեծ սպասելիքներ ունենք էներգետիկայի ոլորտից, որի շարունակական զարգացումը խթան կհանդիսանա տնտեսության այլ ոլորտների առաջընթացի ապահովման համար»,- նշել է Բակո Սահակյանը:

Նմանատիպ նյութեր