211652_close_icon
views-count1843 դիտում article-date 18:42 19-12-2018

Ստուգվել է արտակարգ իրավիճակների դեպքում Հայաստանի և Վրաստանի միջև տեղեկատվության տրամադրման շղթայի արդյունավետությունը

Օրերս Վանաձոր քաղաքում Անդրսահմանային տարածքային համագործակցության հայեցակարգի իրականացումն ապահովող 2018-2020թթ. միջոցառումների ծրագրի շրջանակներում անցկացվեց «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ի Նահատակ պոչամբարի պատվարի վթարի դեպքում բնակչության և տարածքների պաշտպանության կազմակերպում թեմայով շտաբային ուսումնավարժությունը: Վարժանքը ղեկավարում էր ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Արտավազդ Դավթյանը: Ուսումնավարժությանը մասնակցեցին ԱԻՆ ՓԾ Բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման, Փրկարարական ուժերի, Լոռու մարզային փրկարարական վարչությունների ծառայողները, ինչպես նաև Լոռու մարզպետարանի ու «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ի աշխատակիցները: Վարժանքի նպատակն էր փորձարկել արտակարգ իրավիճակի տարահանման հանձնաժողովի, Լոռու մարզային փրկարարական վարչության միջև տարերային և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների կանխարգելման, դրանց հետևանքների վերացմանն ուղղված գործողությունները, ԱԻՆ ՓԾ օպերատիվ խմբերի և ուժերի պատրաստականությունը, պատրաստվածությունը բնակչության և տարածքների պաշտպանության միջոցառումների կառավարման և կատարման գործում, վթարային իրավիճակների դեպքում «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ վթարավերականգնողական ուժերի պատրաստականությունը, պատրաստվածությունը և ներքին, արտաքին ազդարարման համակարգի արդյունավետությունը, ինչպես նաև կոմբինատի Նահատակ պոչամբարի պատվարի վթարի վերացման «Պոչամբարների վթարների վերացմանը մասնակցող առանձին անձանց պարտականությունների բաշխումն ու նրանց գործողությունների կարգը»: Վարժանքի շրջանակներում խնդիր էր դրված ստուգել նաև արտակարգ իրավիճակների դեպքում տեղեկատվության տրամադրման շղթայի արդյունավետությունն ինչպես ազգային մակարդակով, այնպես էլ Հայաստանի և Վրաստանի միջև: Համաձայն վարժանքի սցենարի՝ խաղարկվեցին հետևյալ գործողությունները. - Լոռու մարզային փրկարարական վարչության ազդարարում և հավաք. - Լոռու ԱԻ հանձնաժողովի ազդարարում և հավաք. - Հատուկ հետախուզության կազմակերպում. - Բնակչության իրազեկում վտանգավոր օբյեկտի վթարի դեպքում վարվելակերպի կանոնների մասին. - ԱԻՆ ՓԾ ԲՊԱՀՎԿ վարչության և Լոռու ճառագայթային, քիմիական մոնիտորինգի, փրկարարական և արձագանքման խմբերի ազդարարում և խնդրադրում, ռադիացիոն և քիմիական մոնիտորինգի կազմակերպում և իրականացում. - Արտահոսքի հետևանքով տուժածների հայտնաբերման և առաջին բուժօգնության ցուցաբերման իրականացում. - ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբի և ուժերի գործողությունների իրականացում, բնակչության և տարածքների պաշտպանության միջոցառումների կառավարում և կատարում. - Կանխարգելիչ միջոցառումների իրականացում. - Վթարավերականգնողական աշխատանքների կազմակերպում - Արտակարգ իրավիճակներում Լոռու մարզի բնակչության պաշտպանության պլանով նախատեսված գործողությունների իրականացում. - Վտանգավոր գոտում հայտնված բնակչության տարահանման կազմակերպում. - ԱԻՆ ճառագայթային, քիմիական մոնիտորինգի, փրկարարական և արձագանքման խմբերի և գործարանի ներգրավված խմբերի կողմից չեզոքացման աշխատանքների իրականացում: Ուսումնավարժության ավարտին Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Արտավազդ Դավթյանի կողմից ԱԻՆ ՓԾ համապատասխան ստորաբաժանումներին տրվեցին հանձնարարականներ՝ արձագանքման պլանների վերանայման, առկա թերությունների վերացման և արդյունավետ համագործակցության բարելավման ուղղություններով:

Նմանատիպ նյութեր