211652_close_icon
views-count1441 դիտում article-date 18:30 18-12-2018

Այստեղից «երևում է» ողջ համակարգը. ավարտվել է Վեոլիա Ջուր ՓԲԸ կառավարման կենտրոնի ձևավորումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Շատ հետաքրքիր՝ աշխատանքային քննարկումների մթնոլորտում անցավ հրավիրյալների ծանոթությունը Վեոլիա Ջուր ՓԲԸ Կենտրոնական կարգավարական ծառայության աշխատանքին: Ասենք՝ այլ կերպ չէր էլ կարող լինել. Վեոլիա Ջրի պատասխանատուների հետ հանդիպել էին ջրամատակարարման բարելավման գործում ամենաշահագրգիռ կողմերը, ի դեմս ՀՀ ԷԵԲՊՆ Ջրային կոմիտեի, ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, սպառողների շահերը պաշտպանող մի քանի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների եւ լրագրողների: Իսկ առիթը այդ նույն կարգավարական ծառայության ձեւավորմանն ավարտն էր ու լիարժեք գործունեության սկիզբը, որին Վեոլիա Ջուրը համառորեն ձգտում էր անցած ժամանակամիջոցում: Քաղաք Աշտարակ, Արարատյան 70: Այս հասցեն լավ հայտնի է տեղացիներին՝ որպես Վեոլիա Ջրի տարածքային շահագործման ու առեւտրային ծառայությունների աշխատավայր: Բայց անգամ նրանցից քչերը գիտեն, որ այստեղ գործում է նաեւ ընկերության Կառավարման կենտրոնը՝ որտեղից «երեւում է» ողջ համակարգն ու մշտապես վերահսկվում ջրամատակարարման վիճակը ընկերության կողմից սպասարկվող բնակավայրերում: Հյուրերին նախ ներկայացվեց այս «ուղեղային կենտրոնի» տեխնիկական հնարավորություններն ու աշխատանքի սկզբունքը: Այն ձեւավորվել եւ գործում է 2017թ. ապրիլից, նախկին Երեւան ջրի եւ Հայջրմուղկոյուղու կարգավարական ծառայությունների միավորման արդյունքում արդեն որպես Վեոլիա Ջրի կենտրոնական կարգավարական խումբ: Ընդհանուր թվով 13 աշխատակիցներ 7/24/365 ձեւաչափով այստեղ ստանում են տեղեկատվության համակարգի ավելի քան 900 կետերից, իսկ հակառակ ուղղությամբ տալիս են համապատասխան հրահանգներ՝ ինժեներական կառույցների անխափան աշխատանքն ապահովելու նպատակով: Մեր ծորակներից հոսող ջրի շարունակականությունը, դրա ճնշումը, քլորացման աստիճանը ու շատ այլ հանգամանքներ նաեւ կախված են այստեղի աշխատողների մասնագիտական կարողություններից ու պատասխանատվությունից: Այսօրվա կարգավարներից պահանջվում է ժամանակակից տեխնիկայի ու տեխնոլոգիաների իմացություն, ինչպես նաեւ վերլուծելու ու օպտիմալ որոշումներ կայացնելու ունակություն: Օրինակ, համակարգում հոսանքի խնայողության ռեժիմի ապահովման գործում նրանք ձգտում են պահպանել ոսկե միջինը. մի կողմից տնտեսել հոսանքը, մյուսից՝ այնպես օգտագործել պոմպերը, որ մղվող ջրի քանակը բավարարի պահանջարկը: Երկու կարգավար մշտապես (օրական 15-20 անգամ) վերահսկում են իրավիճակն ու պատահարների մասին զեկուցում ավագ մասնագետին, մեկ օպերատոր էլ գրանցում է ստացվող տեղեկատվությունը՝ հետագա վերլուծության համար: Այստեղից հետեւում են պոմպերի, մայրուղային ջրատարների, ճնշումային չափիչ սարքերի /լոգերների/, օրվա կարգավորիչ ջրամբարների, ջրաչափական սարքերի աշխատանքին, բաշխիչ ցանցում քլորի համապատասխանությանը նորմատիվներին: Նրանց օգնում է էլեկտրոնիկան. էկրաններին իրար են հաջորդում բոլոր ինժեներական կառույցները: Ընդ որում ոչ միայն տվյալներն են ինքնաշխատ եղանակով գրանցվում, այլեւ դրանք ցուցադրվում են էկրանին, ինչպես օրինակ, ջրամբարների լցվածությունը: Փաստորեն, կարգավարներին մնում է միայն զգոն լինել ու անհրաժեշտության դեպքում ճիշտ որոշում կայացնել: Իր հերթին մշտապես «զգոն է» իրավիճակը վերահսկող համակարգչային ծրագիրը: Չափանիշների թույլատրելի սահմանները հատելու դեպքում, երբ ցուցանիշի սինուսոիդը անցնում է «կարմիր գիծը», անմիջապես հնչում է ձայնային ազդանշան՝ «ալարմ», ու կարգավարը միջամտում է իրավիճակին: Նախկին Երեւան Ջրի համակարգում հեռատեղեկատվության խնդիրը լուծված էր դեռ մինչ Վեոլիա ջուրը: «Լոկատոր» ծրագրի օգնությամբ ինժեներական կառույցներից 5 րոպեն մեկ ստացվում են իրավիճակի վերաբերյալ տվյալներ: Ավելին, ներդրվող SCADA ծրագրի օգնությամբ սկսվել էր նաեւ հեռակառավարում իրականացվել: Օրինակ, այստեղից ոչ միայն «տեսնում» են քլորացումը Արզնիի, Արզականի, Ապարանի, Կաթնաղբյուրի, Գառնիի խոշոր աղբյուրներում, այլեւ միջամտում են իրավիճակին: Սակայն նախկին Հայջրմուղկոյուղու համակարգում շատ ինժեներական կառույցներ անգամ «Լոկատոր» ծրագրին միացված չեն եղել: Բայց ձեռնարկված միջոցների շնորհիվ առաջիկա օրերին այս գործը եւս կավարտվի: Հյուրերին հետքրքրում էր ամեն ինչ, սակայն առավել՝ ջրի կորուստը: Որքա՞ն կենարար հեղուկ է ստացվում աղբյուրներից, ի՞նչ ճանապարհով է այն հասնում սպառողներին, որտե՞ղ, որքա՞ն ու ի՞նչ պատճառով է ջուրը կորչում: Վեոլիա Ջրի մասնագետները կարծես թե «քննությունը բռնեցին»: Իհարկե, խնդիրները շատ են, մասնավորպես զգալի պետական ներդրումների անհրաժեշտություն է զգացվում՝ համակարգը ժամանակի պահանջներին համապատասխանեցնելու համար: Բայց սկիզբը՝ լայն իմաստով, արդեն դրված է՝ ի դեմս կառավարման կենտրոնի, որտեղ մշտապես տեղյակ են, թե ինչպես է «բաբախում զարկերակը» համակարգում: [b]Վեոլիա ջուր ՓԲԸ Հանրային կապերի ծառայություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր