ԵՊՀ ուսանողները թարգմանական տեսությունը համատեղելու են գործնական պարապմունքների հետ
                        ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնում այսօր բացվեցին համաժամանակյա (սինքրոն) թարգմանության երկու լսարան՝ հագեցած ժամանակակից տեխնիկայով:
Բացման արարողությանը ներկա էին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, պրոռեկտորներ Գեղամ Գևորգյանն ու Ալեքսանդր Գրիգորյանը, Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի դեկան Սամվել Աբրահամյանը, Թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնի վարիչ Ռուզան Ղազարյանը, ուսանողներ:
Արամ Սիմոնյանը բացման խոսքում կարևորեց  համաժամանակյա (սինքրոն) թարգմանության նոր լսարանների բացումը:
«Ռոմանագերմանական ֆակուլտետի, ինչպես նաև համալսարանի համար նմանօրինակ լսարանների բացումը  շատ կարևոր է,- նշեց Արամ Սիմոնյանը,- այս ամբողջ ընթացքում մեր հիմնական մարտահրավերներից մեկը եղել է այն, որ հնարավորություն չենք ունեցել ամբողջությամբ  դրսևորվելու մեր թարգմանական ներուժը: Համաժամանակյա  թարգմանության լսարանների բացումը մի համեստ քայլ է իրավիճակը շտկելու, թարգմանչական նոր կադրեր պատրաստելու ուղղությամբ»:
Արամ Սիմոնյանն ավելացրեց , որ համալսարանը հատուկ դեր ունի միջմշակութային ու միջլեզվական շփումներն ապահովելու գործընթացում,  և  այսօրվանից  հիմք է ստեղծում   որակյալ կադրերի ստեղծման համար:
«Ես լիահույս եմ, որ այս երկու լսարանները մեզ հնարավորություն կտան վերականգնելու  մեր թարգմանական դպրոցի ավանդույթները, և համոզված եմ, որ կգա մի օր, երբ մեր ուսանողները մեծ ներդրում կունենան մշակութային արժեքների ստեղծման և փոխանցման գործում»,-ավելացրեց Արամ Սիմոնյանը:
Թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնի վարիչ Ռուզան Ղազարյանը նախ  շնորհակալություն հայտնեց  ներկաներին լսարանների բացմանը մասնակցելու համար, ապա ավելացրեց,  որ այսօր չափազանց կարևոր օր է բուհի, ամբիոնի և ուսանողների համար:
«Առաջին անգամ է, երբ բուհը, կարևորելով լեզվի դասավանդման  ժամանակակից մեթոդները,  ստեղծել է այս երկու լսարանը՝ բացարձակապես սեփական միջոցներով: Այստեղ մեծ է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի դերը: Լեզվական ֆակուլտետներում նմանօրինակ որակյալ տեխնիկայով հագեցած լսարանների առկայությունը ժամանակի պահանջ է»:
Տիկին Ղազարյանն իր խոսքում  կարևորեց  ուսանողների մտավոր ներուժի և բուհի տեխնիկական տվյալների համապատասխանեցումը. «Օտարերկրյա  ուսանողների հետ շփման  փորձն ինձ թույլ է տալիս ասելու, որ մեր ուսանողները ոչնչով չեն զիջում արտասահմանցի ուսանողներին: Խնդիրը տեխնիկական հնարավորությունների մեջ է»:
Շնորհակալ էին նաև ուսանողները, քանի որ նրանք այսուհետ թարգմանչության մասին տեսական գիտելիքները համատեղելու են գործնական պարապմունքների հետ:
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            

