211652_close_icon
views-count2086 դիտում article-date 10:49 14-12-2018

Տասը ամսում երկրից դուրս է եկել շուրջ 1 մլրդ դոլար․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Այս տարվա տասը ամիսներին միայն բանկային համակարգի միջոցով երկրից դուրս է եկել շուրջ 1 մլրդ դոլար։ Խոսքը մասնավոր ֆինանսական փոխանցումների մասին է։ Պաշտոնական տվյալներով, ֆինանսական միջոցների արտահոսքը Հայաստանից ավելացել է շուրջ 172 մլն դոլարով։ Ֆիզիկական անձանց բանկային փոխանցումներն արտերկիր տարեսկզբի տասը ամիսներին ավելի քան 951 մլն դոլար են։ Նախորդ տարվա համեմատ արտահոսքը ավելացել է 22 տոկոսով։ Ֆինանսական միջոցների արտահոսքի ակտիվացման հարցում թե ինչպիսի ազդեցություն են ունեցել Հայաստանում տեղի ունեցած վերջին քաղաքական իրադարձությունները, կոնկրետ փաստեր չկան։ Այդ երեւույթը դիտարկվել է ինչպես իշխանափոխությունից առաջ, այնպես էլ դրան հաջորդող գրեթե բոլոր ամիսներին։ Միակ բացառությունը եղել է հունիսին, երբ նախորդ տարվա համեմատ արտահոսքը նվազել է։ Այդ ամսին Հայաստանից դուրս է բերվել 76 մլն դոլար։ Մինչդեռ ինչպես դրան նախորդող, այնպես էլ հաջորդող ամիսներին գումարների ակտիվ արտահոսք է եղել։ Ավելին՝ հունիսից սկսած ելքերն ընդհուպ մոտեցել են ամսական 100 մլն դոլարի սահմանագծին, իսկ արդեն հոկտեմբերին նույնիսկ գերազանցել են այդ ցուցանիշը։ Հոկտեմբերին արձանագրվել է բանկային համակարգի միջոցով Հայաստանից դուրս կատարված փոխանցումների ռեկորդային բարձր մակարդակ։ Ֆինանսական միջոցների արտահոսքը հասել է 121 մլն դոլարի։ Գումարի գրեթե կեսը՝ ավելի քան 59 միլիոնը, մտել է ռուսական շուկա։ Այս ընթացքում թեեւ արձանագրվել է նաեւ արտաքին հատվածից մտնող գումարների ավելացում, այնուհանդերձ աճի տեմպը անհամեմատ ավելի համեստ է։ Բանկային համակարգի միջոցով դրսից ստացված գումարները տասը ամսում ավելացել են ընդամենը 4,1 տոկոսով (կամ 58,5 մլն դոլարով)։ Ներքին շուկայից ֆիզիկական անձանց փոխանցած գումարների գրեթե 57 տոկոսը բաժին է ընկել երկու երկրների։ Ընդհանուր առմամբ այն կազմել է 538 մլն դոլար. Ռուսաստան է փոխանցվել շուրջ 386 միլիոն, Միացյալ Նահանգներ՝ 152 մլն դոլար։ Նախորդ տարվա համեմատ Հայաստանից ռուսական շուկա կատարված փոխանցումներն ավելացել են գրեթե 76 միլիոնով։ Մեկ տարվա ընթացքում աճը եղել է 19,7 տոկոս։ Թեեւ ակտիվացել է ֆինանսական միջոցների արտահոսքը նաեւ Միացյալ Նահանգներ, այնուհանդերձ այս դեպքում աճի տեմպը համեմատաբար փոքր է՝ շուրջ 12 տոկոս։ Արտահոսքի կտրուկ փոփոխություն է տեղի ունեցել Գերմանիայի հետ հարաբերություններում։ Տարեսկզբի տասը ամիսներին ֆիզիկական անձանց փոխանցումներն այս երկիր ավելացել են շուրջ 56 տոկոսով։ Նախորդ տարվա 24,3 միլիոնի փոխարեն այս տարի դրանք կազմել են գրեթե 38 մլն դոլար։ Տրանսֆերտային շուկայի մասնակից հիմնական գործընկերներից, մասնավորապես Ռուսաստանից եւ Միացյալ Նահանգներից բացի, Հայաստանից բավական մեծ գումարներ են փոխանցվում նաեւ այլ երկրներ։ Կենտրոնական բանկը չի մանրամասնում, թե որոնք են այդ երկրները։ Ամեն դեպքում դրանց մասնաբաժինը հասնում է 26-27 տոկոսի։ Ակնհայտ է, որ խոսքը լուրջ արտահոսքի մասին է։ Տասը ամսում դրանք կազմել են շուրջ 260 մլն դոլար։ Արտահոսքը այս երկրներ մեկ տարում ավելացել է 69 մլն դոլարով (ավելի քան 36 տոկոսով)»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր