211652_close_icon
views-count8673 դիտում article-date 17:27 12-12-2018

Չարենցավանի 3-րդ հիմնական դպրոցում մրցույթի արդյունքում ընտրված տնօրենն այսօր մարզպետի որոշմամբ կնշանակվի իր պաշտոնում. Արայիկ Հարությունյան

Չարենցավանի 3-րդ հիմնական դպրոցում մրցույթի արդյունքում ընտրված տնօրենն այսօր մարզպետի որոշմամբ կնշանակվի իր պաշտոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով իր և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այցին Չարենցավանի 3-րդ հիմնական դպրոց: «1. Նախընտրական փուլում՝ հանրահավաքներից մեկի ժամանակ մի խումբ քաղաքացիներ դիմել էին վարչապետին Չարենցավանի 3-րդ դպրոցի հարցով: Այդ հանդիպման ժամանակ Փաշինյանն ասել էր, որ ընտրություններից հետո կայցելի Չարենցավան: 2. Այս համատեղ այցը կարևոր է նրանով, որ ուղիղ եթերում պետությունը, նրա ինստիտուտների ներկայացուցիչները հստակ հայտնարարեցին, որ չեն կարող տուրք տալ հուզականությանը և հարցերը լուծել օրենքից դուրս: Նման իրավիճակներ եղել են նաև մի քանի այլ համայնքում, և սույն հայտարարություններով մենք արձանագրեցինք մեր գործողությունների շրջանակը, որից չենք կարող դուրս գալ: 3. Արձանագրվեց, որ երկու գերատեսչություններ՝ Կոտայքի մարզպետարանը ու Կրթության և գիտության նախարարություններն այս ընթացքում գործել են օրենքին և կարգերին համապատասխան: Արձանագրվեց նաև, որ իրավական տեսակետից նոր տնօրենի ընտրությունն անցել է օրենքին համապատասխան: Բողոքող կողմերից և որևէ մեկը մրցույթի անցկացման իրավական կողմի վերաբերյալ բողոքներ չուներ: 4. Նշվեց նաև, որ կան բողոքներ, որ թե՛ ընտրությունից առաջ և թե՛ դրանից հետո եղել են ճնշումներ: Սույն փաստերով կզբաղվեն իրավապահները: 5. Ակնհայտ է, որ աշակերտների կրթության իրավունքը պետք է պաշտպանվի և դպրոցում վերականգնվի կարգ ու կանոնը: Չարենցավանի 3-րդ հիմնական դպրոցում մրցույթի արդյունքում ընտրված տնօրենն այսօր մարզպետի որոշմամբ կնշանակվի իր պաշտոնում»,-գրել է նախարարի պաշտոնակատարը։ Հիշեցնենք, որ դպրոցի աշակերտներն ու ծնողները դասադուլ էին անում և պահանջում գործող տնօրենի պաշտոնավարման ժամկետը երկարաձգել: Նշենք, որ նոյեմբերի 30-ին քարոզարշավի շրջանակում, երբ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Չարենցավանում էր, դպրոցի ծնողներին ու ուսուցիչներին խոստացել էր հարցին, որ օբյեկտիվ լուծում կտա խնդրին: Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն էլ Չարենցավանի թիվ 3 հիմնական դպրոցում ստեղծված իրավիճակի մասին գրառում էր արել՝ նշելով. «Վարչապետի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում որոշվել է վերջնական հանգուցալուծմանը գալ առաջիկա շաբաթասկզբին (օրենքով սահմանված ժամկետների շրջանակներում), երբ վարչապետն անձամբ կայցելի դպրոց և հանդիպում կունենա բոլոր շրջանակները ներկայացնող մանկավարժների և ծնողների հետ, որպեսզի հանգուցալուծումը լինի առավելագույնս օբյեկտիվ, բայց բոլոր դեպքերում. բացառապես օրենքի գերակայության պահանջներին խիստ համապատասխան: Մինչ այդ ևս մեկ անգամ խնդրում եմ ծնողներին և մանկավարժներին՝ չխախտել երեխաների կրթության իրավունքը և զերծ մնալ դասապրոցեսը բոյկոտելուց, իսկ բոլոր քաղաքական ուժերին և տարածաշրջանը ներկայացնող քաղաքական գործիչներին կոչ եմ անում այս գործընթացում չփորձել երեխաների կրթության իրավունքի շահարկմամբ քաղաքական դիվիդենտներ շահել. սա բացառապես հանրակրթական ոլորտի առողջացմանը միտված իրավական գործընթաց է: Իրավական երկրում բոլոր հարցերը լուծելի են բացառապես օրենքով սահմանված նորմերի կիրարկմամբ՝ զերծ հույզերից, կանխակալ մոտեցումներից և խմբակային շահերից»։

Նմանատիպ նյութեր