4250 դիտում
10:47 11-12-2018
Ինչու ՀՀԿ-ն չմտավ խորհրդարան․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Այս շաբաթվա նշումներում փորձ եմ անելու ներկայացնել իմ դիտարկումներն անցած ընտրությունների մասին և սկսեմ ընտրարշավի «ամենահետաքրքիր» մասնակցից՝ ՀՀԿ-ից: Ինչպես հայտնի է, այդ կուսակցությունը, ԿԸՀ-ի նախնական տվյալներով, ստացել է 59 068 ձայն կամ ընտրողների 4.7 տոկոսը՝ այսպիսով մոտ լինելով 5 տոկոսանոց շեմին:
Որ նախորդ իշխանությունը մերժված է մեր հասարակության մեծամասնության կողմից՝ դա ակնհայտ է: Այդ իշխանությանը մեղսագրվում են բազմաթիվ իրական, ինչպես նաև մի շարք «առասպելական» մեղքեր: Հասարակական ընկալումը նույնականացնում է «նախորդ իշխանություն» և վերջին ընտրություններին մասնակցող «ՀՀԿ» հասկացությունները, ինչը, կարծեմ, բացարձակ ճշմարտություն չէ, որովհետև անցած 10 տարիներին «նախորդ իշխանության» մեջ կային նաև այլ կուսակցություններ, ինչպես նաև մարդիկ, որոնք ՀՀԿ վերջին նախընտրական ցուցակում չկային:
Ասվում է, որ եթե ՀՀԿ-ն կողմ քվեարկեր Ընտրական նոր օրենսգրքին, ապա որպես 4-րդ քաղաքական ուժ, ինչպես նաև որպես Ընտրական նոր օրենսգրքի նախագծով 4 տոկոսանոց շեմը հաղթահարած կուսակցություն, կմտներ խորհրդարան: Դարձյալ համաձայն եմ միայն մասամբ. այս օրենսգրքով նախատեսված «ռեյտինգային» համակարգը ձեռնտու էր ՀՀԿ-ին (ինչպես նաև ԲՀԿ-ին), և եթե այդ համակարգը չլիներ, Հանրապետականի տոկոսը թերևս ավելի ցածր լիներ:
Ընտրարշավը ՀՀԿ-ն վատ չէր անցկացրել՝ հանդես գալով «սևի» և «սպիտակի» հստակ սահմանազատման տեսանկյունից և հիմնականում կարողանալով համախմբել այն մարդկանց, որոնք այս կամ այն պատճառով լավ են զգացել իրենց իշխանության ժամանակ, ինչպես նաև հասցրել են խիստ բացասական հույզերով լցվել ներկայիս իշխանության հանդեպ: Շահնազարյանի, Աշոտյանի և Շարմազանովի ելույթները չնայած արժանանում էին մեծամասնության հայհոյախոսական արձագանքին, բայց բոլոր դեպքերում սրում էին իրավիճակը և հույսեր արթնացնում «հականիկոլականների» մեջ:
Ընտրարշավի ժամանակ ՀՀԿ-ի փոքրաթիվ, բայց, կարծում եմ, նշանակալից սխալներից մեկն ի հայտ եկավ առաջին դեմքերի հեռուստաբանավեճի ժամանակ: Այդ կուսակցության ցուցակն առաջնորդող Վիգեն Սարգսյանը բարձր ինտելեկտի և բազմակողմանի գիտելիքների տեր մարդ է: Բացասական համատեքստում ԼԳԲՏ-ի և նրա ակտիվիստների մասին խոսելն անշուշտ կարող է ազդել «միջին ժողովրդական» մակարդակի կրողների վրա («էս կեղտոտ եվրոպացիք ուզում են մեր հայ ընտանիքները քանդել») և շահել ժողովրդական լայն զանգվածների համակրանքը: Բայց Վիգեն Սարգսյանի համար, ինձ թվում է, ավելի շահեկան է չզբաղվել «հայուգենական» պոպուլիզմով, մնալ իր մտավոր մակարդակի վրա և այս ոլորտի մեջ ընդհանրապես չմտնել: Այս դեպքում մտնելը հնարավորություն տվեց վարչապետին թեման շուռ տալ իր ընդդիմախոսի դեմ ու ևս մի քանի միավոր շահել վերոհիշյալ զանգվածների մոտ: Այս դրվագը, գումարած այն հանգամանքը, որ ՀՀԿ ցուցակում կային մի քանի օդիոզ դեմքեր, գուցեև խանգարեցին նախկին իշխող կուսակցությանը ստանալ ևս մի քանի հազար ձայն և մտնել խորհրդարան»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2153 դիտում
16:10 28-07-2021
Տոկիո-2020. Վարսենիկ Մանուչարյանը եզրափակիչ չմտավ
2915 դիտում
10:35 26-10-2018
ՀՀԿ-ն է ընդդիմության հայտ ներկայացրել, անկախ նրանից` կանցնե՞ն խորհրդարան, թե՞ ոչ․ «Առավոտ»
Այս բաժնից
10510 դիտում
17:45 30-10-2024
Անդո՛, նստելու ես «խիյարը թարս բուսնեց»․ Շահինյանը հոկտեմբերի 27-ից փակագծեր բացեց. Hayeli.am