211652_close_icon
views-count2113 դիտում article-date 12:41 10-12-2018

Հայրենիքը հզորանում, իսկ նրա պատմությունը ստեղծվում է բոլորիս ամենօրյա քրտնաջան աշխատանքով. նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը ԱԺ ընտրությունների առթիվ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ուղերձ է հղել Ազգային ժողովի ընտրությունների առթիվ, որում ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Դեկտեմբերի 9-ին մեր երկրում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայացած իրողություն են, որի արդյունքում ձևավորվելու են իշխանության օրենսդիր և գործադիր ճյուղերը: Շնորհավորում եմ «Իմ քայլը» դաշինքին, «Բարգավաճ Հայաստան» և«Լուսավոր Հայաստան» կուսակցություններին, որոնք, հաղթահարելով օրենքով նախատեսված շեմը, կազմավորելու են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը: Միաժամանակ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ընտրություններին մասնակցած բոլոր կուսակցություններին ու դաշինքներին, ինչպես նաև Հայաստանի բոլոր քաղաքացիներին, ովքեր իրենց վերաբերմունքն արտահայտեցին երկրի ապագայի նկատմամբ: Այս ընտրությունները, որպես համապետական քաղաքական գործընթաց, առաջինն են մեր երկրում տեղի ունեցած գարնանային մեծ փոփոխություններից հետո: Նորընտիր Ազգային ժողովն ու կառավարությունն աշխատելու են պատասխանատվության մեծ տիրույթում: Մաղթում եմ նրանց հաստատակամություն և եռանդ՝ իրենց ծրագրերն իրականացնելու ճանապարհին: Հայրենիքը հզորանում, իսկ նրա պատմությունը ստեղծվում է բոլորիս ամենօրյա քրտնաջան աշխատանքով: Բոլորի՛ս պարտքն է ողջ ուժերը ներդնել ի շահ երկրի ու ժողովրդի, հանուն ուժեղ Հայաստանի և Արցախի հանրապետությունների, համայն հայության և Հայաստանի բոլոր քաղաքացիների: Աստված պահապան մեր երկրին ու ժողովրդին»։

Նմանատիպ նյութեր