211652_close_icon
views-count15208 դիտում article-date 21:24 08-12-2018

ՀՀ գլխավոր դատախազը խոսել է համաներման ակտի, «Մարտի 1»-ի, Քոչարյանի և այլ աղմկահարույց գործերի մասին. Tert.am

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը [url=https://www.tert.am/am/news/2018/12/08/artur-davtyan/2867243?fbclid=IwAR2WXOfHNqKMGcBfmryCSFgDR8qRk1VpLPk0Z8hYrjmbnkO1yi8oLC6VvTw]Tert.am[/url]-ի հետ հարցազրույցում անդրադարձել է «Մարտի 1»-ի գործին, պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքին, պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի մասով գործին և այլ աղմկահարույց թեմաների: Մասնավորապես, գլխավոր դատախազը նշել է. «Ուզում եմ հիշեցնել, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշումը վերացնելու Վերաքննիչ դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոքը բերվել էր անձամբ իմ կողմից: Այն վերաբերում է մի անձի, ով 10 տարի եղել է մեր երկրի երկրորդ նախագահը: Ավելին, Վերաքննիչ քրեական դատարանի կողմից առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը վերացվել է այնպիսի խնդրահարույց հիմնավորումներով, որոնք վերաբերում են պաշտոնաթող նախագահի անձեռնմխելիության իրավական թնջուկին: Այսինքն՝ բոլոր առումներով իրավիճակը բացառիկ էր և հետևաբար ենթադրում էր ոչ ստանդարտ մոտեցում: Դատական նիստին մասնակցելու իմ որոշման հիմքում եղել է նշածս բոլոր գործոնների հանրագումարում ունեցածս պատասխանատվությունը: Որպես գլխավոր դատախազ պարտավոր եմ երաշխավորել մեր պետության պատմության մեջ բացառիկ այդ քրեական գործի քննության արդյունավետությունը, լրիվությունը, բազմակողմանիությունն ու օբյեկտիվությունը: Որևէ այլ գործոն դեր չի կատարել և չի կարող կատարել: «Մարտի 1-ի» գործով վարույթում առկա փաստակազմն առանձին էական դրվագներով բացարձակապես տարբերվում է այն փաստական բազայից, որն ունեինք նախկինում: Ինչպես գիտեք, նաև արդեն իսկ ունենք Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշումները մարտիմեկյան դեպքերին առնչվող գործերով նախկինում կայացված դատավճիռների վերաբերյալ, որի հիման վրա նոր հանգամանքով պայմանավորված, կձեռնարկվի նաև նախկինում կայացված դատական ակտերի վերանայման գործըթնաց: Բացի այն, որ ներկայումս Մանվել Գրիգորյանին մեղսագրվում են բազմադրվագ, հանցավոր սխեմաներում առերևույթ բազմաթիվ անձանց ներգրավմամբ առերևույթ հանցանքներ, քննությամբ բացահայտվել են նաև այլ, սխեմատիկ, համակարգված առերևույթ հանցագործությունների նոր դրվագների ուղղությամբ լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի նախաքննություն իրականացնելու անհրաժեշտություն, ինչը, այդ թվում, միջազգային իրավական ակտերում ամրագրված պահանջներին համահունչ, շարունակում է պահպանել մեղադրյալի պատշաճ վարքագիծը խափանման միջոցի այդ տեսակով երաշխավորելու հիմքերն ու անհրաժեշտությունը: Արժեքավոր եմ համարում ՄԻԵԴ որոշումների և իրավական դիրքորոշումների հենքին առաջնահերթ երեք ուղղություններով Հայաստանում մարդու կոնվենցիոն իրավունքների պաշտպանության վիճակի ուսումնասիրություններն ու դրանց արդյունքում արձանագրված խնդիրների վերացման նպատակով Դատախազության կողմից սահմանված կանոնների ներդրումը: Խոսքը վերաբերում է խոշտանգման կանխարգելմանն ու արդյունավետ քննությանը, արդար դատաքննության կարևոր բաղադրիչ հակընդդեմ հարցման իրավունքի ապահովմանը և խափանման միջոց կալանքի կիրառման պրակտիկային: Արդարացման դատավճիռների ուսումնասիրությամբ միջոցներ են ձեռնարկվել վարույթն իրականացնող մարմինների կամ դատախազի կողմից թույլ տրվող՝ հատկապես անթույլատրելի ապացույցներ ներկայացնելու հետ կապված դատավարական սխալները, թերությունները նվազագույնի հասցնելու նպատակով: Սա, իհարկե, ամբողջը չէ», նշել է Ա. Դավթյանը: Մանրամասներ՝ [url=https://www.tert.am/am/news/2018/12/08/artur-davtyan/2867243?fbclid=IwAR2WXOfHNqKMGcBfmryCSFgDR8qRk1VpLPk0Z8hYrjmbnkO1yi8oLC6VvTw]սկզբնաղբյուրում[/url]

Նմանատիպ նյութեր