1661 դիտում
13:01 03-12-2018
Կոռուպցիայի դեմ պայքարում որևէ անսկզբունք կոմպրոմիս չի լինելու. Փաշինյանն անդրադարձել է Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությանը
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է պատգամավոր Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությանն Ազգային ժողովին: Ինչպես հաղորդում է «[url=https://www.armenpress.am/arm/news/956649.html]Արմենպրես[/url]»-ը, դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում Արարատի մարզի Արարատ քաղաքում բնակիչների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ ՀՀ գլխավոր դատախազությունն Ազգային ժողովին միջնորդություն է ներկայացրել, որպեսզի պատգամավոր Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվի:
«Արամ Հարությունյանը բնապահպանության նախկին նախարար է, և նա կասկածվում է 14 միլիոն դոլար կաշառք վերցնելու մեջ: Սա հերթական դրսևորումն է ու ապացույցն այն բանի, որ կոռուպցիայի դեմ պայքարում մենք լինելու եք հետևողական»,- ասաց Փաշինյանը:
Նա նշեց, որ ցանկանում է այս գործի օրինակով ներկայացնել, թե ինչու կոռուպցիայի դեմ պայքարը շատ դեպքերում երկար է տևում: «Ես գիտեմ, որ հարցեր կան, ու շատ կարևոր է, որ գործընթացի մանրամասները մենք բոլորս պատկերացնենք: Այս գործի վերաբերյալ, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, քաղաքացին հայտարարություն տվել է մոտավորապես 4 ամիս առաջ, հնարավոր է՝ նույնիսկ 5 ամիս առաջ: Եվ քանի որ այդ գործողությունները ըստ նախնական տվյալների կատարվել էին օտարերկրյա բանկերի միջոցով, քրեական գործի քննությունը չէր կարող շարունակվել այնքան ժամանակ, քանի դեռ օտարերկրյա պետություններից մեկից պաշտոնապես պատասխան չէր ստացվել մեր քննչական մարմինների ուղարկված հարցմանը, որն ուղարկվել էր արտաքին գործերի նախարարության միջոցով: Երբ Ազգային ժողովում հանդես էի գալիս որպես վարչապետի թեկնածու, ասել եմ, որ մեր օտարերկրյա գործընկերների ընթացակարգերն այնպիսին են, որ դա ավելի արագ չի կարող լինել՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով: Այդ պատասխանի գալը, որին մեր քննչական մարմինները սպասում էին, տևեց մոտավորապես 4 ամիս: Եվ, երբ այդ պատասխանը գար, բուն գործողություները, որ մեր քննչական մարմինները պետք է անեին, տևելու էր մի շաբաթից 10 օր: Բայց մեր քննչական մարմինները միայն այց հարցման պատասխանին ստիպված էին 4 ամիս սպասել: Ընդ որում, այն բոլոր տվյալները, որոնք անհրաժեշտ էին քրեական գործ հարուցելու համար, քննչական մարմինները ոչ պաշտոնապես հայթայթել էին և ունեին: Իրենք նախապես գիտեին, թե ինչ պատասխան է գալու, բայց քանի դեռ այդ պատասխանը պաշտոնական չէ, այդպիսի որևէ տեղեկատվություն չի կարող դրվել որևէ մարդու մեղադրանքի հիմքում»,- մանրամասնեց Փաշինյանը:
ՀՀ վարչապետի պաշտոնակատարն ընդգծեց, որ շատ են եղել դեպքեր, երբ որևէ քրեական գործ է հարուցվել, հետո մեղադրյալն ազատ է արձակվել դատարանի որոշմամբ, գրավի դիմաց և այլն: «Եվ մարդկանց մեջ եղել են խոսակցություններ կամ ոմանք սոցիալական ցանցերում փորձել են տպավորություն ստեղծել, թե իշխանությունները շոու են արել, բռնել են, պայմանավորվել են ինչ-որ բան, բաց են թողել: Ես ուզում եմ ձեր աչքերի մեջ նայելով ուղիղ ասել, որ կոռուպցիայի դեմ պայքարում որևէ անսկզբունք կոմպրոմիս չի լինելու: Բացառված է, որ մենք ժողովրդի թիկունքում որևէ գործարք կնքենք որևէ հարցի վերաբերյալ, առավել ևս այն հարցերի վերաբերյալ, որոնք սկզբունքային նշանակություն են ունեցել Հայաստանում ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխություն իրականացնելու գործում: Ես ցանկանում եմ, որ այս բանը մենք արձանագրենք՝ ժողովրդի թիկունքում ոչ մի գործարք չի լինելու: Թալանված գումարները պետք է կոպեկ առ կոպեկ հետ բերվեն»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
652 դիտում
09:31 25-12-2024
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
973 դիտում
23:38 24-12-2024
Երեւանի քաղաքային իշխանությունը անհիմն թանկացումների մասին հերթական որոշումն ընդունեց. Հայկ Մարության