211652_close_icon
views-count1225 դիտում article-date 15:45 16-11-2018

Արա Սաղաթելյանը մասնակցել է խորհրդարանի վերահսկողական գործառույթի հզորացման թեմայով միջազգային համաժողովի

ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը մասնակցել է նոյեմբերի 13-15-ը Կիեւում GIZ-ի կողմից հրավիրված միջազգային համաժողովին: Այն նվիրված է եղել Արեւելյան գործընկերության երկրներում խորհրդարանի վերահսկողական գործառույթի հզորացմանը: Համաժողովի ընթացքում մասնակիցները քննարկել են Արեւելյան գործընկերության երկրներում խորհրդարանական վարչակազմերի բարեփոխման ընթացիկ մարտահրավերները, խորհրդարաններում հետագա բարեփոխումների գործընթացում գիտահետազոտական վերլուծական կենտրոնների կարեւորության, ինչպես նաեւ բարձրագույն վերաքննիչ հաստատությունների եւ խորհրդարանների միջեւ ավելի ամուր համագործակցության հարցերը: Համաժողովին ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը` մասնավորապես նշելով. «Հարգելի՛ գործընկերներ եւ բարեկամներ, Շնորհակալ եմ GIZ-ին հրավերի եւ հետաքրքիր քննարկման հնարավորության համար: Խորհրդարանների աշխատակազմերի բարեփոխումներն առաջ մղելու, փորձի փոխանակման եւ նոր ու հետաքրքիր մոտեցումների ծանոթանալու տեսանկյունից նման քննարկումներն իսկապես կարեւոր են եւ օգտակար: Շատ կարեւոր է նաեւ այստեղ ծավալվող քննարկումների արդյունքում ձեռք բերվող նոր գաղափարների գործնական կիրառությունը՝ խորհրդարանների վերլուծական պոտենցիալի մեծացման, միջգերատեսչական համագործակցության խորացման եւ աշխատանքի ընդհանուր արդյունավետության բարձրացման ուղղություններով: Հայաստանում այս հարցերն այժմ առավել քան արդիական են, քանի որ, ինչպես գիտեք, 2018թ.-ին մեր երկիրը կառավարման կիսանախագահական համակարգից անցում կատարեց խորհրդարանական մոդելի եւ այժմ գտնվում է կառավարման նոր համակարգին ադապտացվելու փուլում, որը ենթադրում է որոշումների կայացման, ներքաղաքական օրակարգերի ձեւավորման գործում խորհրդարանի դերի վերարժեւորում ու նոր մարտահրավերներին դիմակայելու պարտաստվածության մակարդակի բարձրացում: Միաժամանակ, խորհրդարանական համակարգին անցումը հանգեցրեց գործող Ազգային ժողովի պատասխանատվության բեռի ավելացմանը, ուստի լայնածավալ բարեփոխումներն, այդ թվում՝ աշխատակազմում, դարձան անհրաժեշտ եւ անխուսափելի: Հարգելի՛ գործընկերներ, Խորհրդարանների աշխատակազմերում բարեփոխումների գործընթացն անընդհատություն է պահանջում, քանի որ մշտապես անհրաժեշտ է ապահովել խորհրդարանական ենթակառուցվածքների գործունեության համապատասխանությունը՝ պատգամավորների ընթացիկ կարիքներին եւ ակնկալիքներին, ինչպես նաեւ երաշխավորել խորհրդարանի oրենսդրական, ներկայացուցչական, վերահսկողական (այդ թվում՝ բյուջեի ձեւավորման) եւ մի շարք այլ գործառույթների իրականացման լիարժեք եւ համահունչ լինելը: Հայաստանի Ազգային ժողովում շարունակական բնույթ կրող բարեփոխումների նպատակը պատգամավորների սահմանադրական լիազորությունների եւ գործառույթների իրականացման համար առավել բարենպաստ պայմանների ստեղծումն է: Բարենպաստ պայմաններ ասելով՝ նկատի ունենք ԱԺ աշխատակազմի կողմից խորհրդարանի եւ դրա առանձին մարմինների՝ ԱԺ խոսնակի, փոխխոսնակների, պատգամավորների, հանձնաժողովների, խմբակցությունների աշխատանքային կարիքների համակարգված եւ արդյունավետ սպասարկումը: Ցավոք, բարեփոխումների գործընթացը հարթ եւ միատարր չէ, եւ հաճախ ծագում են մի շարք խնդիրներ ու մարտահարվերներ, որոնք որոշակիորեն դանդաղեցնում են բուն գործընթացը: Իմ խորին համոզմամբ՝ բարեփոխումների սկզբնական փուլում հանդիպող մեծագույն խնդիրը խորհրդարանի աշխատակազմի կառուցվածքի ռացիոնալացումն ու դրա համապատասխանեցումն է փոփոխվող քաղաքական պահանջներին եւ սոցիալ-տնտեսական պայմաններին, ինչպես նաեւ՝ խորհրդարանականների ու հանրության ակնկալիքներին: Այս փուլում, որպես կանոն, դրսեւորվում է ներքին դիմադրություն բարեփոխումն իրականացնողների եւ այն աշխատակիցների միջեւ, ովքեր չեն ցանկանում դուրս գալ իրենց «հարմարավետության գոտուց» եւ դժվարություններ են ունենում նոր գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերելու հարցում: Հենց այստեղ էլ ի հայտ են գալիս մի շարք տեխնիկական խնդիրներ, այդ թվում՝ աշխատակազմի ոչ լիարժեք համակարգման, գործառույթների կրկնման եւ այլնի տեսքով, որոնք պետք է լուծել իրականացվող բարեփոխումների համատեքստում: Մեկ այլ կարեւոր խնդիր է կադրերի կոմպետենտության եւ բարձրորակ փորձագետների ներգրավվածության հարցը: Հաշվի առնելով բյուջետային միջոցների անբավարարությունը՝ դժվար է մրցակցել մասնավոր հատվածի հետ: Պրոֆեսիոնալ կադրերը, որպես կանոն, նախընտրում են հենց մասնավոր հատվածում աշխատել, քանի որ լավ մասնագետը աշխատանքի դիմաց համարժեք վարձատրություն է պահանջում: Բյուջետային միջոցների սղությունը խոչընդոտում է նաեւ փորձի փոխանակման ծրագրերի իրականացմանը, կամ շատ սահմանափակ է դարձնում դրանք: Այդ պատճառով էլ առաջադեմ փորձի փոխանակման գործընթացի շարունակականության ապահովման եւ վերապատրաստման հարցերը բոլոր աշխատակազմների «Աքիլլեսյան գարշապարն են», եւ այս խնդիրը մենք չենք կարող լուծել առանց միջազգային գործընկերների ակտիվ ներգրավվածության: Իմ գնահատմամբ՝ հաջորդ խնդիրը խորհրդարանի դերի եւ նշանակության ամբողջական եւ խորքային ընկալման բացակայությունն է, ընդ որում՝ թե՛ իշխանության մյուս ճյուղերի, թե՛ հանրության կողմից. սա, թերեւս, քաղաքական մշակույթի լիարժեք ձեւավորված չլինելու հետեւանք է: Խնդիրների մյուս խումբը վերաբերում է աշխատակազմի ֆինանսական ապահովմանն ու ֆինանսական անկախությանը: Միաժամանակ, շատ կարեւոր է ֆիսկալ մարմինների հետ ծախսերի հաստատման ընթացակարգերի պարզեցումը: Այս տեսանկյունից, որպես մարտահրավեր, կարելի է մատնանշել նաեւ Կառավարության կողմից պատշաճ մակարդակի երկխոսության հաստատման պատրաստակամությունն ու հաղորդակցման չափանիշների մշակումը, այդ թվում՝ խորհրդարանական վերահսկողության ընթացակարգերի շրջանակներում: Լուրջ խնդիր է նաեւ փորձագիտական հանրույթի հետ ինստիտուցիոնալ համագործակցության պակասը, ինչի մասին խոսվելու է հաջորդ քննարկմանը նախատեսվող ելույթում: Հարգելի գործընկերներ, Երեւի շատ սխալված չեմ լինի, եթե պնդեմ, որ թվարկածս խնդիրները մի քիչ ավել, մի քիչ պակաս ներհատուկ են մեր բոլորի երկրների խորհրդարանների աշխատակազմերի զարգացման ընթացքին: Բայց կա մեկ խնդիր, ավելի շուտ մարտահրավեր, որ հաստատապես բոլորինս է եւ ամեն հաջորդ օր ավելի ուժգին է բախում մեր դռները: Դա հենց ժամանակի մարտահրավերն է: Թեթեւ, գերարագ ինֆորմացվող, գերարագ տրամադրությունը փոխող ու նույնպիսի արագությամբ էլ պահանջներ ներկայացնող տեխնոլոգիական-ինտերնետ-հասարակության եւ մեր ինստիտուցիոնալ, լուրջ ու համակողմանի կշռադատող կառույցների միջեւ ամեն օր ավելի շատ երեւացող խզման մարտահրավերն է: Եթե լրիվ անկեղծ լինենք, բոլորս էլ դա նկատում ենք: Մեր աշխատակազմերը, անգամ դրանցից ամենաձեւավորվածները, նման են լավ խնամված, լուրջ, յուրաքանչյուր շրջադարձը համակողմանի ծանրութեթեւ անող, առանց խախտումների ճամփա ընկած ավանդական Ռոլս-Ռոյսերի, որոնք անցյալում հանրային վարքագծի խնդիրներ էին կարողանում լուծել՝ անգամ իր ներկայացուցչական տեսքով ազդելով մարդկանց պատկերացումների եւ պահանջների վրա: Այսօր իրավիճակը մի փոքր այլ է: Հիմա մեր Ռոլս-Ռոյսերը պիտի սպասարկեն հասարակություններ, որտեղ եղանակ են ստեղծում մեքենաների արանքով սլացող չմշկորդը, թվիթերի հաղորդագրությունը, ֆեյսբուքյան քոմենթը, սելֆին ու վիքիպեդիայից արված «քոփին»: Այսինքն արագը, թեթեւը, ոչ խորը, պարզը ու ամենակարեւորը` ներառականը, երբ քաղաքականության օբյեկտը այլեւս պարտադիր ուզում է նաեւ դրա իրականացման սուբյեկտը լինել: Սա է այսօրվա իրականությունը: Արդյոք մեր ավանդական համակարգերը պատրա՞ստ են սրան, կարծում եմ` ոչ ամբողջովին: Այսօր պատգամավորը մեզանից առաջին հերթին ակնկալում է ոչ թե օժանդակություն երկօրյա համաժողովների կազմակերպման համար, այլ տեխնիկական սատարում է խնդրում ֆեյսբուքյան «լայվ» մտնելու հարցում: Ես, իհարկե, պարզունակ օրինակներ եմ հիմա բերում ավելի պատկերավոր լինելու համար, բայց ասածս երեւի պարզ է. մենք պիտի կարողանանք պահպանել ավանդականը, ինստիտուցիոնալը, Ռոլս-Ռոյսը, բայց չպետք է շատ հետ մնալ առաջ սլացող չմշկորդից, այլապես կկորցնենք մեր ու իր կապը, ինչը ամենեւին էլ ցանկալի չէ: Սա խնդիր է, որի շուրջ քննարկումների առիթներ դեռ շատ կունենանք, կարծում եմ: Ավարտելով ելույթս՝ եւս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում միջոցառման կազմակերպիչներին եւ գործընկերներին օգտակար եւ արդյունավետ քննարկման համար»,-ասել է Արա Սաղաթելյանը:

Նմանատիպ նյութեր