6038 դիտում
15:49 25-09-2018
Արա Սաղաթելյանը մասնակցել է Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարների աշխատանքային հանդիպմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Սեպտեմբերի 24-25-ին Թբիլիսիում տեղի է ունեցել Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարների աշխատանքային հանդիպումը, որին ներկա է եղել ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը:
Հանդիպմանը մասնակցել են Արեւելյան գործընկերության անդամ երկրների՝ Մոլդովայի, Վրաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի եւ Բելառուսի խորհրդարանների, ինչպես նաեւ Գերմանիայի Բունդեսթագի ներկայացուցիչներ:
Քննարկվել են անդամ երկրների խորհրդարանների աշխատակազմերի միջեւ համագործակցության ընդլայնմանը, փորձի փոխանակմանը, մասնագիտական կարողությունների զարգացմանը միտված նախաձեռնություններին, տարածաշրջանային եւ միջազգային հարթակներում խորհրդարանական համագործակցության առաջմղմանը, համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:
Ողջույնի խոսքով հանդես է եկել Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն՝ նշելով, որ հանդիպումը լավագույն հնարավորություն է Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարների համար՝ մտքերի փոխանակման, կապերի ամրապնդման եւ փորձի փոխանակման տեսանկյունից: Նրա համոզմամբ՝ այն իր նպաստը կբերի ժողովրդավարական գործընթացների զարգացմանը: Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է նաեւ «Բաց կառավարման գործընկերություն» (OGP) նախաձեռնության շրջանակում իրականացվող աշխատանքները, տեղեկացրել, որ կա արդյունավետ համագործակցություն Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերակցության (GIZ) ու Գերմանիայի Բունդեսթագի հետ: Վրաստանի խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է նաեւ խորհրդարանի կարողությունների զարգացմանն ուղղված նախաձեռնություններին՝ այդ ուղղությամբ բարեկամ երկրների խորհրդարանների հետ արդյունավետ համագործակցելու պատրաստակամություն հայտնելով:
Վրաստանի խորհրդարանի գլխավոր քարտուղար Գիվի Միկանաձեն, ողջունելով հյուրերին, վստահություն է հայտնել, որ աշխատանքային նման ձեւաչափը կնպաստի անդամ պետությունների խորհրդարանների համագործակցության խթանմանը:
Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի գլխավոր քարտուղարի տեղակալ Ուլրիխ Շյոլերը նշել է, որ իրենք աջակցում են տարածաշրջանի երկրներում մի շարք ծրագրերի իրականացմանը: Նա կարեւորել է քաղաքական երկխոսությունն անդամ երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարների միջեւ՝ համոզմունք հայտնելով, որ հանդիպումն իր հերթին կհանգեցնի տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանը:
Վրաստանում Գերմանիայի դեսպանության Հարավային Կովկասի համագործակցության զարգացման բաժնի ղեկավար Դանիել Հաասն անդրադարձել է հանրային կառավարման ոլորտում իրականացվող բարեփոխումներին, ազգային օրենսդրությունների ներդաշնակեցման գործընթացներին՝ այս հարցում Արեւելյան գործընկերության մի շարք երկրների շարքում վկայակոչելով նաեւ Հայաստանի օրինակը:
Ելույթ է ունեցել նաեւ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը՝ անդրադառնալով Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների աշխատակազմերի երկարատեւ համագործակցության հնարավորություններին, մեր երկրի խորհրդարանի աշխատակազմի կարողությունների զարգացմանն ուղղված նախաձեռնություններին:
Հանդիպման ավարտին ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որը հաստատում է կողմերի՝ համագործակցելու ու փորձի փոխանակման ցանց ստեղծելու պատրաստակամությունը: Որոշվել են նաեւ հաջորդ հանդիպումների ձեւաչափերը, տեղը, քննարկվող թեմաները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
1670 դիտում
21:38 06-12-2018
Արա Բաբլոյանի ողջույնի խոսքն Արեւելյան գործընկերության խորհրդարանների գլխավոր քարտուղարների 2-րդ հանդիպմանը
Այս բաժնից
568 դիտում
15:14 27-12-2024
Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարություն է տարածել ամանորյա ուղերձների հեռարձակման վերաբերյալ