211652_close_icon
views-count2144 դիտում article-date 23:20 13-11-2018

1988 թ. երկրաշարժի զոհերին հարգանքի տուրք մատուցելու բոլոր միջոցառումները կկազմակերպվեն բարձր մակարդակով. Ֆելիքս Ցոլակյան

Նոյեմբերի 13-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ Սպիտակի աղետալի երկրաշարժի 30-րդ տարելիցի միջոցառումների կազմակերպման և անցկացման միջգերատեսչական հանձնաժողովի ընդլայնված նիստը: Միջգերատեսչական հանձնաժողովում ընդգրկված են ՀՀ նախարարությունների, կառավարությանն առընթեր մարմինների ու ծառայությունների ներկայացուցիչներ, մարզպետներ, քաղաքապետեր: Միջգերատեսչական հանձնաժողովի նիստի մեկնարկին ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը ողջունեց նիստի անդամներին և առաջարկեց քննարկումը սկսելուց առաջ մեկ րոպե լռությամբ հարգել լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանի հիշատակը: Հանձնաժողովի քարտուղարը զեկուցեց կատարված աշխատանքների և վերջնական արդյունքների մասին, ապա սկսվեց քննարկվել դեկտեմբերի 7-ին Գյումրիում անցկացվող միջոցառումների օրակարգը: Նախարարի պաշտոնակատար Ֆ. Ցոլակյանը հանձնարարեց վերանայել որոշ միջոցառումներ, հստակեցնել կազմակերպչական հարցերը և պատշաճ կազմակերպել բոլոր անելիքները: Երկրաշարժի 30-րդ տարելիցին ընդառաջ և այդ օրը նախատեսված համապետական միջոցառումները կներառեն երկրաշարժի զոհերի հիշատակման միջոցառման կազմակերպում, աղետներին դիմակայունության համապետական վարժանք, «Սպիտակի երկրաշարժ, 30 տարի անց. փորձ և հեռանկարներ» միջազգային գիտաժողովի անցկացում: Աշխատանքային խմբերի ղեկավարներն ըստ ուղղությունների ներկայացրեցին միջոցառումների նախապատրաստման և անցկացման հետ կապված ընթացիկ աշխատանքները, անդրադարձան որոշ խնդիրների: Աղետներին դիմակայունության համապետական վարժանքի շրջանակում Երևան քաղաքում և մարզկենտրոններում կկազմակերպվեն տարհանման ուսումնավարժություններ, տակտիկական և ցուցադրական վարժանքներ, իսկ Սպիտակի երկրաշարժից հետո ստեղծված ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) որակավորում անցած քաղաքային որոնողափրկարարական թիմերի եռօրյա վարժանքը ևս մեկ հնարավորություն կլինի ցուցադրելու, որ այս տարիների ընթացքում փրկարար ծառայությունը լուրջ ձեռքբերումներ է գրանցել: Դեկտեմբերի 7-ին երեկոյան նախատեսվում է նաև մշակութային միջոցառում՝ հիշատակի երաժշտական երեկո Գյումրու Սև բերդում: ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆ. Ցոլակյանը մեկ անգամ ևս նշեց, որ 1988 թ. դեկտեմբերի 7-ի աղետալի երկրաշարժի զոհերին հարգանքի տուրք մատուցելու բոլոր միջոցառումները հանրապետությունում պետք է կազմակերպվեն բարձր մակարդակով՝ հարգելով զոհերի հարազատների ապրումներն ու հույզերը:

Նմանատիպ նյութեր