211652_close_icon
views-count4610 դիտում article-date 16:56 12-11-2018

Առաջին անգամ ներկայացվել է «Խաչատրյան նոն-ստոպ» համերգային ծրագիրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն առաջին անգամ ներկայացրեց «Խաչատրյան նոն-ստոպ» համերգային ծրագիրը։ Հնչեցին Խաչատրյանի ստեղծագործությունները՝ գրված ֆիլմերի համար։ Խաչատրյանական փառատոնի շրջանակներում հրավիրված համերգի ընթացքում կինոերաժշտությունն ուղեկցվում էր ֆիլմերից կադրերի ցուցադրմամբ։ Դիրիժոր Րաֆֆի Միքայելյանի ղեկավարությամբ հնչեցին երաժշտական հատվածներ «Պեպո», «Զանգեզուր», «Ստալինգրադյան ճակատամարտը», «Անմար կրակը», «Ծովակալ Ուշակով», «Մարդ թիվ 217», «Գաղտնի առաքելություն» ֆիլմերից։ Ինքը՝ Արամ Խաչատրյանը, այսպես է արտահայտվել կինեմատոգրաֆիայի հետ իր համագործակցության մասին. «Կինոերաժշտություն գրելն ինձ համար եղել է դժվար, բայց չափազանց հետաքրքիր և շնորհակալ աշխատանք»։ Րաֆֆի Միքայելյանը նշում է, որ Խաչատրյանն այն կոմպոզիտորներից է, ովքեր ոգեշնչել են իրեն դիրիժոր դառնալ։ Նա ընդգծում է, որ իր բախտը պարզապես բերել է՝ առաջին անգամ ներկայացնել «Խաչատրյան նոն-ստոպ» համերգային ծրագիրը։ Դիրիժորը նաև նկատում է, որ երաժշտությանը զուգահեռ ֆիլմերից կադրերի ցուցադրումն ավելի ազդեցիկ է դարձնում համերգային ծրագիրը։ Խոսելով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցության մասին՝ դիրիժորը նկատում է, որ նվագախմբի երաժիշտներից շատերը եղել են իր համակուրսեցիները կամ տարեկիցները, միասին նվագել են կոնսերվատորիայի նվագախմբում, և միշտ հաճելի է սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցությունը։ «Լրիվ այլ զգացում է, երբ ղեկավարում ես քո ընկերներից կազմված նվագախումբը։ «Խաչատրյան նոն-ստոպը» բարդ ծրագիր էր, բայց պետք է ասեմ, որ մի քանի փորձով կարողացանք հաղթահարել այն։ Նվագախմբի երաժիշտները շատ լավ հետևում ու հասկանում են, թե ինչ է ցանկանում դիրիժորը»,- նշեց Րաֆֆի Միքայելյանը։ Նշենք, որ «Խաչատրյան նոն-ստոպ» համերգային ծրագրին ներկա էին նաև Երևանի թիվ 170 ավագ դպրոցի աշակերտները, որոնց հետ նախօրեին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը ԴասA ծրագրի շրջանակներում անցկացրել էր պարապմունք՝ աշակերտներին ներկայացնելով Խաչատրյանի կենսագրությունը, ստեղծագործությունները, դասական երաժշտությանն առնչվող թեմաներ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր