211652_close_icon
views-count4378 դիտում article-date 15:25 05-11-2018

ՀՀ վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիան բաց նամակով դիմել է Նիկոլ Փաշինյանին

ՀՀ վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիան բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։ Նամակում ասված է. «Մեծարգո պարոն Վարչապետ «Հայաստանի Հանրապետության վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիա» ՀԿ-ն, խիստ մտահոգված լինելով այսօր Հայաստանում փոքր հէկ-երի հանդեպ արհեստականորեն ստեղծված անարդարացի և անկառուցողական մոտեցումներով և իրավիճակով, ոլորտը կործանող վտանգներով և ռիսկերով, ահազանգում է էներգետիկայի ոլորտում հնարավոր անդառնալի և ծանր հետևանքների մասին: Հարգալի պարոն Վարչապետ Հատկապես վերջին շրջանում բացարձակ միակողմանի և սուբյեկտիվ կերպով Ձեզ է ներկայացվում այսօր Հայաստանում փոքր հիդրոէներգետիկայի վիճակը և դրանում փոքր հէկ-երի այսպես կոչված «համատարած օրինախախտումները», ինչը վստահեցնում ենք իրականությանը չի համապատասխանում՝ առանց համապարփակ և բազմակողմանի ներկայացնելով ոլորտում տիրող իրավիճակը: Իհարկե, կան անբարեխիղճ տնտեսվարողներ, որոնք թերևս կան բոլոր ոլորտներում և դրա դեմ խստորեն պայքարում ենք նաև մենք, սակայն այն համատարած նշանակություն չունի, ինչպես ներկայացվում է: Մենք բարձր ենք գնահատում Ձեր անողոք պայքարը երկրում կոռուպցիայի հաղթահարման և օրինականության ամրագրման հարցում և լիարժեք աջակցում ենք Ձեզ: Այդ առումով իսկ վստահ ենք, որ որդեգրած նպատակներին հասնելու համար հարկավոր է առաջնորդվել ոչ թե միակողմանի, այլ բազմակողմանի տվյալներով, հիմնավորումներով և օրինաչափություններով՝ ոլորտի ոչ թե նեղ շրջանակներին, այլև բոլոր շահագրգիռ կողմերին լսելով և վերլուծելով: Ըստ այդմ, հարկ ենք համարում նշենք, որ 5 սեպտեմբերի 2018, 1177-Ա աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին Կառավարության որոշմամբ սահմանվող աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին տեղեկատվությանն Ասոցիացիան արձագանքել և դիմել էր ՀՀ կառավարություն անհապաղ՝ խնդրելով դրանում ներգրավելու նաև իր մասնագետներին, որն այդպես էլ չընդունվեց: Փոխարենը Ձեզ է ներկայացվում մի իրավիճակ, որ իբրև այսօր հենց փոքր հէկ-երն են հանդիսանում երկրում «ջրային ռեսուրսները վատնող հիմնական կառույցները»: Հետաքրքիր է, երբ նշում են Ձեզ այն մասին, որ փոքր հէկ-երի 95%-ն այսօր ջրաչափեր չունի, իսկ ինչո՞ւ չեն նշում, որ գետերում ջրառի կետերն ապահովող անհրաժեշտ ջրաչափական սարքեր տեղադրված չեն, որոնց միջոցով առաջին հերթին պետք է պարզվի գետերում առկա ջրերի քանակը և որից հետո միայն արձանագրվի փոքր հէկ-երին տրվող ջրաքանակը: Ինչո՞ւ չեն նշում, որ սույն թվականի հունվարի 25-ին ընդունել են էկոթողքի սահմանաչափեր, որոնք օրենքի և իրավունքի առումներով խիստ հակասական են՝ առանց հաշվի առնելու Հայաստանում յուրաքանչյուր գետի առանձնահատկությունները՝ առանց հաշվի առնելու արդեն իսկ տրամադրած ջրօգտագործման թույլտվությունները, որոնց հիման վրա էլ փոքր հէկ-երը կատարել են բազմամիլիոն ներդրումներ: Ինչո՞ւ չեն նշում, որ կա դեռևս 14 հունվարի 2010 թվականին ընդունված ՀՀ կառավարության N 118-Ն որոշում, որը սահմանում է, որ ջրօգտագործողների՝ այդ թվում նաև փոքր հէկ-երի կողմից, վերոնշյալ «ջրառի կետը ջրաչափական դիտակետով կամ ջրաչափով կարող է ապահովվել միայն վերջիններիս համաձայնության դեպքում», իսկ այս պարագայում՝ իրականացվում է ստիպողաբար և միակողմանի ճնշում՝ տեղադրելու հենց միայն տնտեսվարողների կողմից, այն ինչ այդ ջրաչափական սարքերը բավական թանկ են, իսկ պատկան մարմինները դրանում որևէ մասնակցություն չունեն: Եվ ինչո՞ւ չեն նշում, որ ջրօգտագործողների շրջանում միայն փոքր հէկ-երը չեն համարվում ջրօգտագործողներ, սակայն, ինչպես երևում է, աչքի փուշ են դարձել հենց միայն վերջիններս, որը, կարծում ենք՝ հստակ սուբլիմավորված միտում ունի: Այսօր Հայաստանում հաշվառվում է 10 մլրդ ավել ջրապաշար, որի համար սպառմանը բավարարում է ընդհանուր մոտ 1.5 մլրդ: Սակայն պատկան մարմինների կողմից ներկայացվում է, որ ջրաքանակները չեն բավարարում և հատկապես փոքր հէկ-երը անօրինական ջրայուրացումներ են իրականացնում: Մինչդեռ այսօր հանրապետությունում տիրող ջրային կորուստների հսկայական թվերը, որոնք մինչև 90 տոկոս են հասնում, առնվազն մտորելու առիթ պետք է տան, ինչը վկայում է այն մասին, որ ջրաչափերը պետք է նախ և առաջ տեղադրվեին ոռոգման հատվածներում: Ի հավելում նշենք, 2002 թվականին արդեն իսկ պետական գանձապետարանի հաշվին 2100 միավոր ջրաչափական սարքեր տեղադրվել էին ոռոգման համակարգերում, սակայն դրանք անբարեխիղճ սուբյեկտների կողմից պարզապես հեռացվել են կամ նույնիսկ անհետացել, իսկ դրա արդյունքում որևէ հետաքննություն չի իրականացվել: Փոխարենն այսօր մենք խոսում ենք փոքր հէկ-երի մոտ ջրաչափերի բացակայության մասին: Եվ երբ այդ հարցով դիմում են ոլորտը համակարգող կառույցին՝ Ջրային կոմիտեին՝ խնդրելով ներկայացնել կորուստների քանակը և այն մեխանիզմները, որոնք չեն կիրառվել և չեն կիրառվում խնդիրները չեզոքացնելու համար, պատասխան է հնչում, որ չկան օբյեկտիվ տվյալներ կորուստների մասին, քանի որ ջրաչափեր չեն եղել և մինչև հիմա դրանք բացակայում են: Այդ դեպքում, ինչպե՞ս են չափել գետերի ջրաքանակը, որ պարտադրում են անցնել նոր էկոթողքի սահմանաչափերին, եթե չեն չափել գետերի ջրաքանակը: Եվ ինչո՞ւ են պարտադրում ջրաչափեր տեղադրել և առցանց միացնել, եթե օրենքով որևէ կերպ Ձեզ նշված չի առցանց պայմանների մասին, իսկ այդ սարքավորումները հսկայական ծախսերի հետ են կապված, որոնք ներկա պայմաններում ոչ բոլոր տնտեսվարողներն են ի վիճակի կատարել, հատկապես, որ մոտ 80 տոկոս փոքր հէկ-երն այսօր հսկայական բանկային պարտավորությունների ներքո են գործում, որոնցից շատերը՝ գերմանական KFW բանկի: Սա ևս մեկ պատճառ է, որ ամեն բան աղավաղվում է և բացառապես միակողմանի է ներկայացվում Ձեզ: Ի հավելում նշենք նաև, որ ոլորտի ոչ մի շահառու, չնայած պատկան մարմինների կողմից ներկայացվող պահանջներում առկա հակասություններին, դեմ չի տեղադրել դրանք, եթե իհարկե վերջիններիս կողմից լինի աջակցություն՝ ոլորտը առողջացնող խթանիչ միջոցներ, փոխարենն այսօր մենք տեսնում ենք միմիայն պարտադրանք և ճնշումներ, ինչը որևէ կերպով «լավ կառավարում» ենթադրող պետության (Good Governess) սկզբունքներին չի համապատասխանում: Բազում օրինակներ կարելի է բերել առնվազն այն մասին, որ Հայաստանում ջրամբարների կառուցումն ու դրանց կանոնակարգված շահագործումը ոչ միայն համակարգային լուծումներ կառաջարկեն ոլորտի առողջացման համար, այլ նաև կնպաստեն բոլոր շահագրգիռ կողմերի խնդիրների հաղթահարմանը: Ընդ որում, հատուկ կարևորություն մենք տալիս ենք յուրաքանչյուր գետի անհատական ուսումնասիրությունների հիման վրա էկոթողքի սահմանմանը: Միևնույն ժամանակ շարունակում է անհասկանալի մնալ այն հանգամանքը, որ տարբեր պատկան մարմիններ շարունակում են մեղադրել փոքր հէկ-երին այն հարցում, որ իբրև վերջիններս յուրացնում են հատկապես այն գետերի և ջրամբարների ջրերը, որոնք հոսում են թշնամի երկրներ: Ստացվում է այնպես, որ փոքր հէկ-երին զրկում են թեկուզ հավելյալ ջուր կիրառել մի ջրապաշարից, որն անմիջապես գնում է թշնամի երկիր Ադրբեջան, ինչը կարող է մեր պետությանը տալ հավելյալ հայրենական արտադրանք-էներգիա: Եկե՛ք տեսնենք, թե դրա պատճառով իրականում որքա՞ն էլեկտրաէներգիա է կորցնում պետությունը, որքա՞ն հարկային մուտքեր պետական գանձապետարան և աշխատատեղ: Ո՞րն է այս ամենում տրամաբանությունը… Այսօր խիստ մտահոգիչ են ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման և կանոնակարգման հիմնահարցը, որը մեծապես խառնաշփոթության մեջ է դրել ներդրողներին և տնտեսվարողներին։ Մի կողմից, տրամադրվել են դրանք՝ հաշվի առնելով ներկայացված տնտեսատեխնիկական հիմնավորումներն ու էկոթողքի հաստատված սահմանաչափերը, մյուս կողմից՝ նոր որոշումներ և նոր էկոլոգիական թողքի պահպանման չափանիշներ են ներդրվում, որը մեծապես հարված է հասցնում ներդրող-տնտեսվարողներին՝ խոցելի դարձնելով ներդրումների ոլորտի ողջ համակարգը։ Միևնույն ժամանակ դեռևս անհասկանալի են այդ ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման և ժամկետների կանոնակարգումներն ու համակարգումները։ Եվ թերևս անհասկանալի է այս ամենը այն առումով, որ մաքուր վերականգնվող էներգետիկայի առանցքային մաս կազմող հիդրոէներգետիկան, այսօր ՀՀ Կառավարության կողմից ճանաչվելով գերակայություն, դեռևս թերարժևորված է և խոցելի։ Ի վերջո, հանրությունը պետք է իմանա, որ պետության համար ինչքան թանկ է նստում գազով արտադրվող էլեկտրաէներգիան և փոխարենը ինչպիսի էժան սակագնով է ձեռք բերվում փոքր հէկ-երի կողմից արտադրված էլեկտրաէներգիան: Հարգարժան պարոն Վարչապետ Հայաստանում ներկայումս գործում է թվով 184 փոքր հէկ, որոնք մոտ 365 ՄՎտ ընդհանուր դրվածքային հզորությամբ արտադրում են միջինը 1 մլրդ կՎտ/ժ էլեկտրաէներգիա և ապահովում հանրապետության էներգիայի ներքին սպառման շուկայի մոտ 20 տոկոսը, ինչը փաստում է այն մասին, որ այդ էներգիա արտադրողները ոչ միայն բավական լուրջ դերակատարում ունեն Հայաստանի էներգետիկայի ոլորտում, այլ նաև հանդիսանում են աշխարհում մաքուր, անվնաս, իսկ մեր պարագայում նաև շատ կարևոր՝ հայրենական արտադրանք տվող կառույցներ, որոնք, հատկապես հաշվի առնելով արտաքին քաղաքականության սպառնալիքներն ու վտանգները, հատուկ ռազմավարական նշանակություն ունեն մեր երկրի անվտանգության համար: Չէ, որ, լինելով անկախ և անվտանգ էներգակիրներ, մեծապես իրենց շնորհիվ այսօր հնարավոր է պահել և մեծացնել մեր երկրի թե՛ էներգետիկ անվտանգություն և թե՛ էներգետիկ անկախությունը, ինչը մեր պետականության ապահովման գործում ունի կենսադինամիկ և գերագույն նշանակություն: Այսօր շատ անգամ հենց փոքր հէկ-երի շնորհիվ են մեծապես ապահովվում սահմանամերձ շրջաններում աշխատատեղեր, որոնք տարբեր տվյալների համաձայն հասնում են մոտ 5000-ի, հենց այդ կառույցներն են ակտիվ ներդրումներ կատարում ոլորտում՝ դառնալով այսօր հանրապետությունում ամենաակտիվ բանկային շահառուներից մեկը և հարկատուները: Այդ ամենին զուգահեռ այսօր ակտիվորեն դիտարկվում է Հայաստանում հիդրոտուրիզմի ինստիտուտի ներդրման հնարավորությունները, փոքր հէկ-երին կից ջերմոցային տնտեսությունների հիմնումը, որոնց կայացման մեջ առանցքային նշանակություն ունեն հենց փոքր հէկ-երը: Եվ չնայած այդ ամենին, այսօր Հայաստանում փոքր հէկ-երի գործունեությունը խիստ թերագնահատված է, որոշ դեպքերում նաև՝ արհամարված և թիրախավորված։ Նման բացասական կարծիք դրսևորվում է ոչ միայն հանրության որոշ ներկայացուցիչների, այլ նաև ոլորտի այլ շահագրգիռ կողմերի կողմից։ Նման մոտեցումների անհամարժեքություն է նկատվում այդ թվում ոլորտի պատկան մարմինների կողմից։ Ըստ էության հիմնական խնդիրների շարքում առանձնացնում են էկոլոգիական խնդիրները և որոշ փոքր հէկ-երի կողմից սահմանված նորմերի չհետևողականությունը, ինչը մեծապես վերագրվում է ոլորտի բոլոր փոքր հիդրոէներգիա արտադրողներին։ Այո՛, չենք բացառի կան հիմնախնդիրներ, այդ թվում էկոլոգիական նշանակության, կան նաև անբարեխիղճ կատարողներ, սակայն դրանք, ինչպես վերը նշվեց, հավաքական չեն և ոչ էլ համակարգային։ Ավելին, տնտեսության այս ճյուղը ոչ թե սահմանափակելու, կրճատելու, ճնշելու, այլ առողջացնելու և արդիականացնելու ընդհանուր պահանջ ունի, և այդ ամենում մեծ դերակատարում պետք է ունենան ինչպես ներդրող-տնտեսվարողը, այնպես էլ պետությունը՝ ինչպես կանոնակարգող և զարգացմանը նպաստող մարմին։ Հակառակ դեպքում մենք այսօր կկանգնենք ոլորտը ի սպառ վերացնելու լրջագույն վտանգի առջև: Ըստ այդմ, մենք առաջարկում ենք. - գետերում, որոնց վրա գործում են ջրօգտագործման թույլտվություններ տրամադրված փոքր հէկ-երը, իրականացնել անհատական ուսումնասիրություններ ջրերի իրական ծավալները պարզելու համար - նման ուսումնասիրությունների հիման վրա հստակ որոշումներ կայացնել՝ ելնելով սույն գետերի առանձնահատկություններից - տեղադրել ժամանակակից ջրաչափեր և վերացնել խաբկանք հանդիսացող ձողաքանոններն ինչպես փոքր հէկ-երի, այնպես էլ պատկան մարմինների կողմից, որտեղ անմիջական ֆինանսական մասնակցություն պետք է ունենան բոլոր շահագրգիռ կողմերը - գետերը, որոնք ծանրաբեռնված են, սակայն ունեն պոտենցիալ, մշակել զարգացման հատուկ ծրագրեր, նախաձեռնել ջրամբարների կառուցում - ներդրումների գործընթացներին մասնակից դարձնել գետերի այն շահառուներին, որտեղ կգործի պետություն-ջրօգտագործող մոդելը - ձևավորել այնպիսի պրոֆեսիոնալ թիմ, որը ջրային կորուստների հետքերով խնդիրներ կլուծի՝ հաշվի առնելով ոռոգման ոլորտը, խմելու ջուրը և խնդիրների բուն պատճառները - ներկայացնել օբյեկտիվ տվյալներ Հայաստանից հարևան երկրներ հոսող գետերի ջրաքանակների վերաբերյալ - միայն մասնագիտական ուսումնասիրությունների և մոնիտորինգի արդյունքների հիման վրա սահմանել գետերի էկոլոգիական թողքը - իրականացնել ջրային կառավարման մեխանիզմների հստակ փոփոխություններ - այսօր յուրաքանչյուր փոքր հէկ ձգտում է ստեղծել հիդրոկայաններին կից ջերմոցային տնտեսություններ-արտադրություններ՝ կատարելով ներդրումներ նաև այս ոլորտում: Սակայն փոքր հէկ-երի նկատմամբ ստեղծված այս վատ մթնոլորտը և ինչու չէ նաև ճնշումները հարցականի տակ են դնում այդ ամենի իրականացման հնարավորությունները՝ ներդրումային ծրագրերը, որոնց իրականացման համար չեն տրվում ո՛չ աջակցություն և ո՛չ էլ վստահություն: Մենք լիահույս ենք, որ, ոչ թե միակողմանի, այլ բազմակողմանի ծանոթանալով համալիր այս խնդիրներին՝ Ձեզ մոտ պատկերը շրջադարձային կերպով կփոխվի՝ հիմնվելով կոնկրետ օբյեկտիվության, օրինականության և օրինաչափության համընդհանուր արժեքների և սկզբունքների վրա, որոնք հստակ սահմանում են, որ փոքր հէկ-երը մեր երկրի և տնտեսության համար ոչ թէ չարիք են, այլ ամենայն բարիք, իսկ ոլորտն իրապես արժանի է պետական աջակցության և խթանման: Ամենայն հարգանքով՝ [b]«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԻԱ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ» ՀԿ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆ[/b]

Նմանատիպ նյութեր