211652_close_icon
views-count1854 դիտում article-date 10:51 01-11-2018

Պառլամենտարիզմի «մայրուղի»․ բանավեճերը՝ սուր, անզիջում, բայց զուսպ, փաստարկված և հարգալից․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Եվ այսպես, այսօր շրջվում է հայկական պառլամենտարիզմի ևս մեկ էջ: Առաջին անգամ է երրորդ հանրապետության պատմության մեջ, որ Ազգային ժողովը լուծարվում է, առաջին անգամ են անցկացվելու արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Հեղափոխություններից հետո սովորաբար այդպես է լինում: Ռուս բոլշևիկները, օրինակ, ցրեցին Պետական դուման՝ դրա տեղը ներմուծելով բանվորագյուղացիական «սովետների» (խորհուրդների) համակարգը: Իսկ 1993 թվականի հոկտեմբերին Ելցինը տանկերի օգնությամբ ցրեց Գերագույն խորհուրդը և վերականգնեց Դուման: Մեր դեպքում՝ չնայած «Ազգային ժողով» անունը պահպանվելու է, բայց խորհրդարանի բովանդակությունն այլ կլինի: Գլխավոր օրենսդիր մարմինը (համենայնդեպս, որոշ ժամանակ) վայելելու է ժողովրդի լիակատար վստահությունը: Բովանդակությունը, այո, փոխվելու է: Իսկ ձե՞ւը: Ձևի տեսանկյունից մենք տեսել ենք պառլամենտարիզմի երկու տեսակ. 1/ հանրահավաքային՝ 1990-1995, 2/ լճացած՝ միտինգային տարրերով, 1988-1990 և 1995-2018: Երկրորդ տարբերակում հլու-հնազանդ «պարտխոզակտիվին»՝ մեծամասնությանը, հակադրվում էին «ժողովրդական տրիբունները»` պահ կար, երբ «տրիբուններն» ընդամենը երկուսն էին՝ Աշոտ Մանուչարյան և Խաչիկ Ստամբոլցյան: Ընդ որում, «պարտխոզակտիվը» (ավելի ժամանակակից լեզվով ասած՝ օլիգարխների և իշխանության կուսակցության համախումբը) չափազանց անկայուն միավոր է՝ քաղաքական քամիների փոփոխությամբ այն իսկույն թեքվում է ուժեղի կողմը: Բնականաբար՝ «պետության շահերից ելնելով»: Ես վստահ եմ, որ եթե ոչ դեկտեմբերին ձևավորվելիք, ապա հաջորդ գումարման որևէ խորհրդարան կգնա մեկ այլ՝ երրորդ ճանապարհով, և մենք դուրս կգանք ժամանակակից, դասական պառլամենտարիզմի «մայրուղի», որտեղ միտինգներ չեն անում, իսկ բանավեճերը, իհարկե, կարող են լինել սուր, անզիջում, բայց միշտ զուսպ, փաստարկված և հարգալից: Կարևոր է, որ մարդիկ պայքարեն իրենց իդեալների համար: Նույնքան կարևոր է, թե ինչպես են նրանք դա անում»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր