211652_close_icon
views-count1790 դիտում article-date 14:25 26-10-2018

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթին

Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Ընտրական օրենսգրքի բարեփոխումների նախագծերի փաթեթին: Նիստին ներկա հանձնաժողովի բոլոր անդամները կողմ քվեարկեցին փաթեթին դրական եզրակացություն տալու հարցին: Ինչպես հաղորդում է «[url=https://armenpress.am/arm/news/952336.html]Արմենպրես[/url]»-ը, հոկտեմբերի 26-ին կայացած հանձնաժողովի արտահերթ նիստի ընթացքում քննարկվեց Ընտրական օրենսգրքի բարեփոխումների նախագծերի փաթեթը, որի քննարկման համար պատգամավորների նախաձեռնությամբ հոկտեմբերի 29-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ է հրավիրվել: Նախագծերի փաթեթը պատգամավորների քննարկմանը ներկայացրեց Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գևորգ Պետրոսյանը: Գևորգ Պետրոսյանը, նախքան բուն փաթեթի բովանդակությանն անցնելը, հակիրճ նախաբանով հանդես եկավ. «Որպես իրավական ակտի նախագիծ՝ այս նախագիծը հայտնի է քաղաքական բոլոր ուժերին: Ես, հարգելով, քաղաքական բոլոր ուժերի դիրքորոշումները, այնուամենայնիվ, հանուն ճշմարտության չեմ պատրաստվում կիսել այն տարբերակը, թե սա հրապարակ նետված մի պատահական փաստաթուղթ է, որին կողմերը հնարավորություն չեն ունեցել ծանոթանալ: Այլ է խնդիրը, որ քաղաքական ուժերին պետք է պատրաստվել ընտրություններին, բայց ասել, որ այս Ընտրական օրենսգրքի փոփոխություններն այնքան հապճեպ են մատուցվել, որ չգիտեն, թե ինչը ինչով է, ես այդ կարծիքը կիսել չեմ կարող: Բոլորին էլ հայտնի է այն նորույթը, ինչը նախագծի հեղինակ կառավարությունը մտադիր է ներդնել Ընտրական օրենսգրքում»,- ասաց Պետրոսյանը: Այնուհետև Գևորգ Պետրոսյանը հպանցիկ ներկայացրեց առաջարկվող փոփոխությունների բուն բովանդակությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ փաթեթը նախորդ քննարկումների ժամանակ հանգամանալից ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը: «Մենք երկար ժամանակ, դեռևս 2017թ. ապրիլի համապետական ընտրություններից հետո սկսեցինք կասկածի տակ դնել ռեյտինգային ընտրակարգի կենսունակությունը: Ես իմ անձնական կարծիքը հրապարակելու իրավունք ունեմ, և կարող եմ ասել, որ, ըստ էության, ռեյտինգային ընտրակարգը վատ բան չէ, որովհետև շատ հնարավոր է, որ բնակչությունը, ժողովուրդը, նրա մի մասը ընդունեն քո անձը, ցանկանան քեզ տեսնել Ազգային ժողովում, բայց չհամակրել այն քաղաքական ուժին, որի կազմում իրավունք ունես համալրել օրենսդիրների շարքը,, և այս առումով իրենց ձայնը քեզ տալ: Բայց քանի որ փորձը ցույց տվեց, որ մեր երկրում ռեյտինգային ընտրակարգը վերածվեց ոչ թե քաղաքական ընտրապայքարի, քաղաքական կոմպոնենտով համեմված քարոզարշավի, այլ անձնական հարաբերությունների ճշտման ոլորտի, թաղային հեղինակությունների, շարքային խուժանի պայքարի: Փորձը ցույց տվեց, որ մեր երկրում դեռ չի հասունացել ռեյտինգային ընտրակարգը բարձր պահելու մշակույթը: Դրա համար էլ, անսալով բազմաթիվ քաղաքական ուժերի, այդ թվում՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջարկներից մեկին, ռեյտինգային ընտրակարգը ընդհանրապես դուրս է մղվել և կիրառվելու պարզ համամասնական ընտրակարգ»,- մանրամասնեց Պետրոսյանը: Նա հավելեց, որ փոփոխություններ կան կոալիցիաների ձևավորման սահմանափակումների առումով, քաղաքական բազմակարծությունը ապահովելու առումով: «Ի տարբերություն գործող օրենսգրքի, որով սահմանվում է, որ Ազգային ժողովում պետք է լինի առնվազն երեք քաղաքական ուժ, հիմա նախատեսվում է ունենալ 4 ուժ: Բայց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կարծիքը եղել է այն, որ չի կարելի քաղաքական բազմակարծություն ունենալու ցանկությունը բավարարել հանրային վստահության բավարար ռեսուրս չունեցող քաղաքական ուժի արհեստականորեն Ազգային ժողով բերելու միջոցով: Մենք ներկայացրեցինք մեր առաջարկը, որը չարժանացավ կառավարության ակտիվ դիմադրությանը: Կառավարությունն ընդունեց մեր առաջարկն այն մասին, որ, այո, Ազգային ժողովը պետք է բաղկացած լինի 4 խմբակցությունից, բայց նաև այս նախագծում, որը ներկայացվում է որոշ փոփոխություններով, նորույթն այն է, որ լուծում է տրվում այն հարցին, թե ինչ է լինելու այն իրավիճակներում, երբ տարբեր պատճառներով հնարավոր չէ ապահովել 4 ուժի ներկայացվածություն»,- ընդգծեց Գևորգ Պետրոսյանը: Պատգամավորը որպես նորամուծություն նշեց այն, որ նվազեցվել է Ազգային ժողովում հայտնվելու շեմը՝ կուսակցությունների համար սահմանելով 4, դաշինքների համար՝ 6 տոկոս: «Որոշակի բարելավումներ են կատարվել զորամասերում քարոզարշավն ավելի հասանելի դարձնելու առումով»,- ընդգծեց պատգամավորը: Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը նշեց, որ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթը՝ որպես իրավական փաստաթուղթ, պետք է ընդունվի և կարող է ծառայել որպես ընտրական ինստիտուտի բարեփոխման միջով: «Ես էլ եմ դրական համարում այս փաթեթը և առաջարկում եմ, որպեսզի բոլորս կողմ քվերակենք»,- ընդգծեց Կոստանյանը:

Նմանատիպ նյութեր