Ռոբերտ Քոչարյանին ցանկանում են տուժող դարձնել գաղտնալսման գործով․ «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը երեկ առավոտյան դիմել է Քննչական կոմիտե՝ հայտնի գաղտնալսման գործով իր պաշտպանյալին տուժողի կարգավիճակ տալու վերաբերյալ: Տեղեկությունը մեր զրույցում հաստատեց Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը:
Մեր զրույցում նա պարզաբանեց, որ գաղտնալսումն անմիջականորեն վերաբերում է Քոչարյանին: Ըստ նրա՝ հրապարակված ձայնագրության բովանդակությունը պարունակում է այնպիսի տվյալներ, որոնք առերևույթ հաստատում են Քոչարյանի ազատությունն ապօրինի սահմանափակելուն ուղղված գործողություններին: ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը մեր զրույցում ասաց, որ դիմումը մուտք է եղել գրասենյակ:
Նշենք, որ մոտ մեկ ամիս առաջ հայտնի դարձավ, որ գաղտնալսվել են ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը: Նրանք այս գործի շրջանակում տուժողի կարգավիճակ ունեն: Քոչարյանին տուժող ճանաչելու դիմումը ամենայն հավանականությամբ պայմանավորված է նրանով, որ գաղտնալսված հեռախոսազրույցում ԱԱԾ տնօրենը և ՀՔԾ պետը խոսել են Քոչարյանի կալանքի մասին: Վերջինս ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ կալանավորվել էր, ապա ազատ արձակվել վերաքննիչ դատարանում: Ներկայումս գործը գտնվում է վճռաբեկ դատարանում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]