211652_close_icon
views-count3732 դիտում article-date 18:33 17-10-2018

Հոկտեմբերի 21-ին մայրաքաղաքում կանցկացվի «Երևան մարաթոն» վազքի մրցույթը՝ նվիրված մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակին

Երևանի քաղաքապետարանը, «Արմ Մարաթոն» մարզակրթական հիմնադրամի և «Կոկա-Կոլա Հելլենիք Արմենիա» ընկերության հետ համատեղ, հոկտեմբերի 21-ին մայրաքաղաքում կանցկացնի «Երևան մարաթոն» վազքի մրցույթը՝ նվիրված մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակին։ Միջոցառման մանրամասները լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյանը, «Արմ Մարաթոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Անահիտ Ադամյանը, «Կոկա-Կոլա Հելլենիք Արմենիա» ընկերության հասարակական գործերի և հաղորդակցության տնօրեն Էլինա Մարգարյանը և «Երևան մարաթոն»-ի բարի կամքի դեսպան, «Վազք հանուն խաղաղության» ծրագրի իրագործող, ֆրանսահայ բարեգործ, վազորդ Արա Խաչադուրյանը, ինչպես նաև քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի բաժնի պետ Յուրի Մամիկոնյանը: «Երևանի քաղաքապետարանն արդեն ավանդաբար անցկացնում է վազքի մրցույթ: Այս տարի, սակայն, այն կլինի առանձնահատուկ, քանի որ ներառելու է 42.2կմ վազքուղի՝ մասնակիցներին հնարավորություն ընձեռելով ուժերը փորձել Հայաստանում կազմակերպվող առաջին լիարժեք մարաթոնյան վազքի մրցույթում: Բացի այդ, մարաթոնը նվիրված է Երևանի հիմնադրման 2800-ամյակին, ինչն ինքնին հիշարժան է դարձնելու օրը: Մարաթոնի նպատակն է խթանելով առողջ ապրելակերպը` նպաստել մարզական տուրիզմի զարգացմանը և պրոֆեսիոնալ ու սիրողական մարզիկների մասնակցությամբ ամրապնդել սփյուռքի հետ կապերը»,-նշել է Տիգրան Սարգսյանը: «Կոկա-Կոլա Երևան մարաթոնը» կմեկնարկի հոկտեմբերի 21-ին՝ ժամը 08:00-ին՝ Ս. Շահումյանի անվան հրապարակից և կշարունակվի մինչև 14:30-ը: Անցնելով Հանրապետության հրապարակով Մ. Նալբանդյան, Վարդանանց, Ալ. Մանուկյան, Ավ. Իսահակյան փողոցներով և Կասկադ համալիրով՝ վազորդները կշարունակեն երթուղին դեպի Մոսկովյան, Մ. Սարյան փողոցներ, այնուհետ Լեոյի, Հ. Պարոնյան, Ձորափի փողոցներով (մինչև Դավթաշենի կամուրջ), Հրազդանի կիրճով, Հաղթանակի կամրջով, Արգիշտի, Իտալիայի, Վ. Սարգսյան, Խ. Աբովյան, Ալ. Պուշկին փողոցներով՝ մրցավազքը կեզրափակվի մեկնարկային վերջնագծում: Ի դեպ, վազքուղին չափագրված է Մարաթոնների և վազքի միջազգային միության (AIMS) կողմից և ստացել է միջազգային կարգավիճակ: «Մարաթոնը կունենա 5 տարբեր մրցատարածություն ՝ 42,2կմ 21,1կմ, 11,5կմ, 5կմ և 1կմ՝ նախատեսված տարբեր տարիքային խմբերի և պատրաստվածության վազորդների համար: Մասնավորապես 7-12 տարեկան երեխաները կմրցեն 1կմ վազքուղով, 13 տարեկան և ավելի տարիք ունեցողների համար կլինի 5կմ վազքուղի, 16 և ավելի տարեկանները կմրցեն 11,5կմ վազքուղով, իսկ 18 և ավելի բարձր տարիքով մասնակիցները՝ 21,1կմ և 42,2կմ վազքուղով»,- նշել է «Արմ Մարաթոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Անահիտ Ադամյանը: Նշվել է նաև, որ մասնակցության համար սահմանված է որոշակի վճար.  1կմ մանկական վազք – 4000 ՀՀ դրամ  5կմ – 8000 ՀՀ դրամ  11,5կմ – 10000 ՀՀ դրամ  21,1կմ – 13000 ՀՀ դրամ  42,2կմ – 20000 ՀՀ դրամ: Կազմակերպությունների և դպրոցների համար թիմային գրանցման դեպքում գործում են զեղչեր: Խոսելով մրցանակների մասին՝ նշվել է, որ 42,2կմ, 21,1կմ, 11,5կմ և 5կմ մրցավազքի համար առաջին երեք տեղն զբաղեցրած մասնակիցները կստանան դրամական պարգևներ: Բացի անհատական մրցանակներից, սահմանվել է նաև թիմային հինգ մրցանակ՝ «Ամենամեծ մասնակից թիմ», «Ամենամեծ մանկական թիմ», «Ամենաարագ թիմ», «Ամենաարագ մանկական թիմ» և «Ամենալավ աջակցողներն ունեցող թիմ» անվանակարգերում: ««Կոկա-Կոլա Հելլենիք Արմենիա» ընկերությունը մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում մարզական միջոցառումները և աջակցում աշխարհի տարբեր մարզական միջոցառումներին: Սակայն մենք կարևորում ենք նաև Երևանում ացկացվող մարզական ծրագրերը, որոնք համախմբում են մարդկանց և լավ զգացողություններ պարգևում: Եվ պատահական չէ, որ Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ ավանդաբար անցկացվում է «երևանյան վազքի մրցույթ»,-նշել է «Կոկա-Կոլա Հելլենիք Արմենիա» ընկերության հասարակական գործերի և հաղորդակցության տնօրեն Էլինա Մարգարյանը: Նշվել է նաև, որ մարաթոնի մասնակիցների համար կազմակերպիչների կողմից ստեղծվել է անվճար մարզման հատուկ ակումբ, որին կարող են միանալ բոլոր ցանկացողները՝ անկախ պատրաստվածության աստիճանից և մասնակցել մարզումներին։ Կազմակերպիչները տեղեկացրել են, որ մարաթոնին մասնակցության հայտ է ներկայացրել արդեն 2000-ից ավելի հայաստանյան և արտասահմանյան սիրողական ու պրոֆեսիոնալ վազորդ: Նշենք, որ մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ այցելելով www.armeniamarathon.org հղումով: «Ուրախությամբ ընդունեցի հրավերը, նաև ցանկությունս է անձամբ մասնակցել Երևանի առաջին մարաթոնին: Կարծում եմ, որ մարաթոնը կծառայի իր գլխավոր նպատակին և մեծ թվով երիտասարդներ ոգևորությամբ կկատարեն սպորտում իրենց առաջին քայլը»,- ընդգծել է Արա Խաչադուրյանը: «Երևանյան վազքի մրցույթը միշտ սատարել է բարեգործական ծրագրերի, որոնք ուղղված են հաշմանդամություն ունեցող երեխաների աջակցությանը, անապահով ընտանիքների օգնությանը և կրթական ծրագրերի զարգացմանը։ Այդ է նաև պատճառը, որ 1կմ վազքուղում կմրցեն նաև հաշմանդամություն ունեցող վազորդները»,- նշել է աշխատակազմի սպորտի բաժնի պետ Յուրի Մամիկոնյանը: Մարաթոնի գլխավոր հովանավորն է «Կոկա-Կոլա Հելլենիք Արմենիա» ընկերությունը, աջակիցներն են՝ ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակը, Save the Children կազմակերպությունը, Բարրի, TriClub Երևան, Կոնվերս բանկը և մի շարք այլ ընկերություններ, ինչպես նաև Հայաստանի վազքի ակումբներ։ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նմանատիպ նյութեր