211652_close_icon
views-count5065 դիտում article-date 08:58 13-09-2018

Փաշինյան-Թրամփ հանդիպումը չի նշանավորի արտաքին քաղաքականության շրջադարձ․ «Ամերիկայի ձայն»

Նախագահ Թրամփի եւ վարչապետ Փաշինյանի հնարավոր հանդիպումից պետք չէ ակնկալել քաղաքական լուրջ շրջադարձ, հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում նշել է նախագահներ Նիքսոնի, Ռեյգանի եւ Բուշի աշխատակազմերի անդամ Արամ Բախշյանը. «Դա հավանաբար քաղաքավարության հանդիպում կլինի, երկու կողմերից բարի կամքի դրսեւորման նշան, այլ ոչ թե քաղաքական նժարի լուրջ փոփոխություն»: Բախշյանն, ով երկար տարիներ երեք նախագահների համար ելույթներ է գրել եւ քաջատեղյակ է Սպիտակ տան աշխատանքի կանոններին, ընդգծում է՝ Թրամփ-Փաշինյան հանդիպումը կարող է կայանալ միայն, եթե Հայաստանի արտգործնախարարությունն ու ԱՄՆ-ի պետքարտուղարությունը կարողանան նուրբ արարողակարգ մշակել. «Հայ-ամերիկյան հարաբերություններում որեւէ սրված հարց չկա, չկան նման հարցեր նաեւ հայ-ռուս-ամերիկյան հարաբերություններում: Այսպիսով, որեւէ ճգնաժամ, որն անհապաղ քննարկման կարիք ունենար, չկա: Ուստի, նման հանդիպումը, եթե այն տեղի ունենա, լինելու է բարի կամքի դրսեւորում: Սակայն, չմոռանանք, որ այսօր առկա են բազմաթիվ այլ, ավելի սուր հարցեր այլ երկրների հետ, որոնք լուծում են պահանջում, ինչի արդյունքում բարի կամքի հանդիպումը կարող է չկայանալ, քանի որ, կրկնում եմ, որեւէ ճգնաժամ երկու երկրների հարաբերություններում չկա»: Այլ պետությունների ղեկավարներ, որոնք իրոք ունեն ԱՄՆ-ի հետ չկարգավորված հարցեր եւ ցանկանում են հանդիպել նախագահ Թրամփին, կարող են առաջ ընկնել, ընդգծում է Արամ Բախշյանը. «Այս դեպքում, հարցը վերաբերում է այդ հանդիպումը նախապատրաստելու երկու երկրների արտաքին գերատեսչությունների ունակությանը, քանի որ, սուր խնդիրների բացակայության պայմաններում բարի կամքի հանդիպումն այն հարցը չէ, որով պետք է մտահոգվեն անձամբ երկու պետությունների ղեկավարները»: Նյու Յորքում սեպտեմբերի 24-ից 28-ն անցկացվելիք ՄԱԿ-ի գագաթաժողովի շրջանակներում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ հանդիպում անցկացնելու կոչով են դիմել մի քանի տասնյակ կոնգրեսականներ եւ ԱՄՆ-ի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Արամ Բախշյանի խոսքով սակայն, համաշխարհային ներկա իրավիճակում հնարավոր է, որ առօրյա թեժ խնդիրները թույլ չտան կողմերին բարի կամքի հանդիպում անցկացնել: Աղբյուրը՝ [url=https://www.amerikayidzayn.com/a/4569141.html]«Ամերիկայի ձայն»[/url]

Նմանատիպ նյութեր