211652_close_icon
views-count14645 դիտում article-date 10:49 05-09-2018

«Ժողովրդի կողքին», «ժողովրդի հետ» և «ժողովրդին դեմ» արտահայտություններն իմաստազուրկ են․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Երևանի քաղաքապետի պաշտոնին հավակնող դերասան Հայկ Մարությանը չունի քաղաքական փորձ և այդ պատճառով իր հայտնի ելույթում թույլ է տվել անզգույշ արտահայտություններ: Դա ինձ համար այնքան էլ մեծ խնդիր չէր լինի, եթե նրա ավելի մեծ քաղաքական «ստաժ» ունեցող թիմակիցները փորձեին շտկել դերասանի ասածները: Բայց քանի որ դա տեղի չունեցավ, ենթադրելի է, որ Հայկն ուղղակի պարզ ու անկեղծ արտահայտում է այն, ինչ մտածում են իր քաղաքական թիմի անդամները, սակայն երբեմն զգուշանում են բարձրաձայն ասել: Տրամաբանությունը, որքան հասկանում եմ, հետևյալն է. «Մենք («Քաղաքացիական պայմանագիրը», «Իմ քայլը» դաշինքը, Փաշինյանի զինակիցները) և միայն մենք ենք մարմնավորում ժողովրդին: Եվ այդ պատճառով մենք սպիտակ ուժեր ենք, լավն ենք, քաղցր ենք, անթերի ենք, և, հետևաբար, մեր, այսինքն՝ ժողովրդի դեմ խաղ չկա: Կան նաև «ոչ մենք», այսինքն՝ «ոչ ժողովուրդ», և քանի որ «նրանք» ժողովուրդ չեն, նրանք սև ուժեր են, ժողովրդին դեմ են և պետք է քաղաքականապես ոչնչացվեն»: Երևանի ավագանու ընտրությունների համատեքստում դա կարելի է հասկանալ այսպես. կա «մենք»-ը՝ «Իմ քայլը» դաշինքը, որին պետք է քվեարկել, և կա «ոչ մենք»-ը՝ «Լույս» դաշինքը, ԲՀԿ-ն, «Ժառանգությունը» և այլն, որոնց քվեարկել պետք չի: Սպիտակ ուժերը «մենք» ենք, սևը՝ «ոչ մենք»: Բոլոր նրանք, ովքեր գտնվում են «մենք»-ի շրջանակներից դուրս և չեն ցանկանում, որ «մենք» հաղթենք, թալանչի են, ավազակ են, ժողովրդի արյունը խմող են և ընտրակեղծարար: Ինձ թվում է՝ այստեղ կա մեթոդաբանական սխալ: «Ժողովուրդ» հասկացողությունը հնարավոր չէ սահմանափակել որևէ՝ թեկուզ շատ մեծ խմբով: Այս պահին, այո, ժողովրդի մեծամասնությունը համակրում է Նիկոլ Փաշինյանին և որոշ վերապահումներով՝ նրա թիմին: Բայց նախ՝ այս վիճակը, ինչպես և ցանկացած այլ քաղաքական իրավիճակ, ժամանակավոր է: Իսկ երկրորդ՝ ժողովուրդ են նաև նրանք, ովքեր ներկայիս վարչապետին չեն համակրում: «Ժողովուրդ» բառը փաղաքշանք կամ հաճոյախոսություն չի: Ժողովուրդ են այլ կուսակցությունների համակիրները, ժողովուրդ են նաև ՀՀԿ-ականները և քոչարյանականները, ժողովուրդն են նրանք, ովքեր քաղաքականությամբ չեն հետաքրքրվում, ժողովուրդ են նաև հանցագործները կամ նրանք, ովքեր կասկածվում են հանցագործության մեջ: «Ժողովրդի կողքին» («ժողովրդի հետ») և «ժողովրդին դեմ» արտահայտություններն ինձ համար իմաստազուրկ են: Կան պետության օրենքները հարգողներ, և կան օրենքներ խախտողներ, որոնք պետք է պատժվեն՝ մնացած որակումները խիստ կամայական են: Ինչպես սևն ու սպիտակը: …Գեորգի Դանիելիայի «Կին-ձա-ձա» կինոկատակերգությունում մի հեռավոր մոլորակում մարդիկ հատուկ գործիք ունեն՝ «վիզատոր», որի միջոցով իմանում էին՝ «ով ինչ գույնի է»: Բայց այնտեղ մարդիկ բաժանվում էին «կանաչների» և «նարնջագույների»»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր