211652_close_icon
views-count1481 դիտում article-date 11:12 04-11-2022

Չինաստանը հայ ժողովրդի կողքին է, միշտ պատրաստ ենք արձագանքել հայ ժողովրդի կարիքներին. ՉԺՀ դեսպան

Ազգային ժողովում հյուրընկալեցի Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան` Ն.Գ. Պրն. Յոնգ Ֆանին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը:

Նա նաեւ նշել է. «Քննարկման առանցքում մարդու իրավունքների բնագավառում հայ-չինական համագործակցության զարգացման հարցերն էին՝ ի նպաստ Հայաստանում առկա ոլորտային խնդիրների կարգավորման գործում առաջընթացի ձեռքբերման։

Դեսպանին շնորհավորեցի Սի Ծինփինի՝ Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։

Միաժամանակ շնորհակալություն հայտնեցի հայ ժողովրդին աջակցելու համար։

Ընդգծեցի համագործակցության ոչ միայն տնտեսական, այլև քաղաքակրթական բաղադրիչի առկայությունը, հումանիտար հարցերում շփումների պատրաստակամությունս: Առաջարկեցի կազմակերպել չինարենի ուսուցում հատկապես մարզերում, որոնք մեր ուշադրության կարիքն ունեն առավել, քան երբևէ։

Պրն. Յոնգ Ֆանը իր խոսքում անդրադարձավ Չինաստանում աղքատության հաղթահարման ուղղությամբ իրականացված քայլերին, որոնց արդյունքում հասել են շոշափելի առաջընթացի մարդու իրավունքների պաշտպանության հարցերում. տեղի է ունեցել արդիականացում, այն է՝ հաշվի են առել տարբեր երկրների փորձը, բայց գնացել չինական ճանապարհով։ Դեսպանն ասաց, որ պատրաստ են մեզ հետ կիսել չինական փորձը։

«Այս տարի Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակն է։ Չինաստանը հայ ժողովրդի կողքին է, միշտ պատրաստակամությամբ է արձագանքել հայ ժողովրդի կարիքներին և ուրախ կլինի ցուցաբերել անհրաժեշտ օժանդակություն»,- ամփոփեց Դեսպանը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր