211652_close_icon
views-count4327 դիտում article-date 11:03 30-08-2018

Հայաստանում ցույցեր լինելու են միշտ․ Աստված մի արասցե՝ չլինեն․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Օգոստոսի 27-ին ռեպորտաժ էինք հրապարակել այն մասին, որ Ախուրյանին միավորված 7 համայնքների՝ Բասենի, Հովիտի, Կառնուտի, Ջրառատի, Արևիկի, Այգաբացի, Կամոյի բնակիչները փակել էին դեպի Վրաստան տանող միջպետական ճանապարհը և իշխանություններից պահանջում էին չեղյալ համարել համայնքների միավորումը: Ցավոտ խնդիր է՝ բերվում են բազմաթիվ փաստարկներ հօգուտ և ընդդեմ խոշորացման: Փաստ է, սակայն, որ խոշորացումն անցկացվել է առանց լուրջ հանրային լսումների, առանց բնակիչների հետ շփվելու, առանց նրանց կարծիքը հաշվի առնելու, և գուցե հենց դրանից են մարդիկ նեղսրտում: Տեղին են քաղաքացիների պահանջները, թե ոչ՝ դժվարանում եմ ասել, չնայած շարունակում եմ պնդել, որ միջպետական ճանապարհ փակելն ուղղված է ոչ թե իշխանությունների, այլ պետության դեմ: Բայց խոսքը տվյալ դեպքում ոչ թե քաղաքացիների բողոքի ճիշտ կամ սխալ լինելու մասին է, այլ՝ համացանցային արձագանքների: Մեկնաբանողները բողոքավորներին վիրավորում են ամենավերջին բառերով, և նրանց մեղադրանքների հիմնական «պաթոսն» այն է, թե՝ ինչպես եք դուք մեր պայծառ իրականության մեջ համարձակվում դժգոհել ու բողոքել: Բայց դա նորմալ վիճակ է ցանկացած ոչ տոտալիտար, այդ թվում նաև՝ «պայծառ իրականություն» ունեցող երկրների համար: Ժամանակ առ ժամանակ Փարիզի փողոցները հեղեղվում են հարյուր հազարավոր ցուցարարներով, որոնք հանդես են գալիս սոցիալ-տնտեսական պահանջներով: (Այնտեղ ցույցերի կազմակերպիչները հիմնականում արհմիություններն են, որոնք մեզանում, ցավոք, թույլ են): Հաճախ ցույցեր են լինում, օրինակ, Միացյալ նահանգներում, այդ թվում նաև՝ ռասայական հողի վրա: Կարելի է երկու ձեռքի մատների վրա թվարկել այն երկրները, որտեղ ցույցերն, ըստ էության, արգելված են: Օրինակ, Հյուսիսային Կորեայում եթե ցույց է կազմակերպվում, ապա՝ միայն «հանճարեղ առաջնորդին» շնորհակալություն հայտնելու նպատակով: Մենք այդպես չենք ուզում, չէ՞: Հայաստանում նույնպես այս 27 տարվա ընթացքում բազմաթիվ մեծ ու փոքր ցույցեր են եղել, այդ թվում, ի դեպ, համայնքների խոշորացման դեմ: Իշխանությունները խոչընդոտում էին ցույցերին միայն այն դեպքում, երբ դրանք սպառնում էին նրանց աթոռներին (բացառությամբ վերջին հեղափոխության): Մնացած դեպքերում տրամաբանությունը հետևյալն էր՝ «թող որտեղ ուզում են հավաքվեն և ինչ ուզում են խոսեն, միևնույն է՝ մենք նրանց ուզածը չենք անի»: Հիմա, հուսով եմ, իսկապես իրավիճակ է փոխվել, և «վերևներում» անհաղորդ չեն լինի մարդկանց պահանջներին: Իսկ ներկայիս իշխանության չափից դուրս խանդավառ երկրպագուները պետք է որ հասկանան՝ բողոքի ցույցեր Հայաստանում լինելու են միշտ: Աստված մի արասցե՝ չլինեն»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր