211652_close_icon
views-count1929 դիտում article-date 21:39 27-08-2018

Նախարարը բուժհաստատություններում կոռուպցիայից ազատվելու միջոց է համարում բուժաշխատողների աշխատավարձի բարձրացումը

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կարծիքով՝ որոշ բուժհաստատություններում կոռուպցիայից, պացիենտներից անհարկի գումար պահանջելուց ազատվելու միակ լուծումը բուժաշխատողներին նորմալ աշխատավարձի տրամադրումն է: Նախարարը նման կարծիք հայտնեց «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս»-ում: «Պացիենտների և բժիշկների մեջ ոչ օրինական հարաբերությունները երբեք չեն ողջունվել: Բժիշկներին շատ քիչ գումար ենք տալիս: Վճարովի ծառայություններն այնքան էլ թանկ չեն, որ ապահովեն բժիշկների բարեկեցիկ կյանքը: Նման պահանջներ դնելուց մենք միշտ պետք է հիշենք և հարցը լուծենք այդ գումարների չափի թե՛ մեծացմանը և թե՛ հավասարաչափ բաշխմանը զուգընթաց: Ինչպես նաև պետք է պատժենք չարամիտներին»,- ասաց նախարարը: Նրա խոսքով՝ պետությունից վիրահատության համար հիվանդանոցին վճարվող գումարից բժշկին գրեթե ոչինչ չի հասնում: Մյուս տարի բժիշկներին հատկացվող այդ գումարը կավելացվի: «Լուծումը բուժաշխատողներին ադեկվատ աշխատավարձ հատկացնելն է: Կան հաստատություններ, որտեղ բուժաշխատողներին տրամադրվող գումարը նորմալ է, և եթե անգամ այդ դեպքում պացիենտից պահանջում են լրացուցիչ գումար, նրանց հարցերով շատ լուրջ կզբաղվենք»,- ընդգծեց նախարարն ու հավելեց՝ մանկաբուժության ոլորտում, սակայն, վիճակն ավելի բարվոք է, քանի որ աշխատողները համեմատաբար ավելի շատ գումար են ստանում: Կոռուպցիոն ռիսկերն այս օղակում ավելի քիչ են:

Նմանատիպ նյութեր