Եվրոպայի լիգա. «Փյունիկն» ու «Ալաշկերտը» դուրս մնացին պայքարից
Եվրոպայի լիգայի որակավորման 3-րդ փուլի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» արտագնա խաղում 0:5 հաշվով պարտվեց ռումինական «Կլուժին»:
«Կլուժը» երկու խաղերի ընդհանուր արդյունքով հաղթեց 7:0 հաշվով և դուրս եկավ 4-րդ փուլ:
Շատ մոտ էր սենսացիային «Փյունիկը», որը պատասխան խաղում հյուրընկալվել էր Թել Ավիվի «Մաքքաբիին»:
Առաջին հանդիպումը Երևանում ավարտվել էր 0:0: Պատասխան խաղում «Փյունիկը» բացեց հաշիվը. 11-րդ րոպեին աչքի ընկավ Դենիս Վոյնովը:
Սակայն երկրորդ խաղակեսում տանտերերը կարողացան ուշքի գալ և 55-րդ և 68-րդ րոպեներին գոլ խփելով, հաղթել 2:1 հաշվով և նույնպես դուրս գալ հաջորդ փուլ:
Այսպիսով, հայկական ակումբներն ավարտեցին իրենց մրցելույթները եվրագավաթներում: «Փյունիկն» ու «Ալաշկերտը» առաջին հայկական ակումբներն էին, որոնք եվրագավաթային 2 փուլ հաղթահարեցին: