211652_close_icon
views-count64399 դիտում article-date 10:42 28-07-2018

Դուք որևէ մեկից լսե՞լ եք, որ պարզ ասի՝ «ես կայֆ եմ ստացել իշխանություն ունենալուց»․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Ռոբերտ Քոչարյանի քրեական հետապնդումը դրական արձագանքի է արժանացել հասարակության մեծ մասի կողմից: Չթաքցնեմ, զուտ հուզական առումով այդ լուրն իմ մեջ էլ ուրախություն առաջացրեց. միակ անկախ հեռուստաալիքը ամբարտավան, լկտի ձևով եթերից զրկած մարդը չի կարող վայելել որևէ նորմալ լրագրողի համակրանքը: Բայց Քոչարյանին դրա՛ համար չեն հետապնդում: Փողոցում և համացանցում մարդիկ ինձ ասում են և գրում՝ բա 10 տարի էս երկիրը թալանել է, պիտի նստի: Բայց դա՛ չէ Քոչարյանին մեղսագրվում: Նրան մեղադրում են «մարտի 1-ի» համար: Սակայն (առայժմ` համենայնդեպս) խոսվում է ոչ թե այն մասին, որ երկրորդ նախագահը հրաման է տվել կրակել անզեն ցուցարարների վրա՝ չնայած այդ հարցում Քոչարյանի մեղքն, իմ կարծիքով, կա: Նա մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ: Այստեղ իրենց խոսքը պետք է ասեն իրավաբանները: Նրանք պետք է ասեն նաև, թե որքանով է այս դեպքում գործում նախկին նախագահների համար Սահմանադրությամբ նախատեսված անձեռնմխելիությունը: Ենթադրում եմ, որ Քոչարյանին համակրող փաստաբանները կասեն, որ հետապնդումն ապօրինի է, իսկ չhամակրողները կհայտարարեն, որ ՀՔԾ-ի մեղադրանքն օրենքի սահմաններում է: Իսկ մենք` քաղաքացիներս, երևի պետք է հրաժարվենք զուտ հուզական մոտեցումներից: Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի քաղաքացի էր, իրավունք ունի բոլորիս նման իր տեսակետն արտահայտելու, նրա վրա տարածվում է անմեղության կանխավարկածը, նա կարող է վարձել մեր լավագույն փաստաբաններին: Այդ ամենին պետք է ավելացնել, որ նա մեծ դեր է խաղացել Արցախի ազատագրման գործում, իսկ Հայաստան պետության համար արել է թե՛ վատ (շատ վատ), թե լավ բաներ: Եթե մարդը նենգ է և հիշաչար, եթե նա կարծում է, որ իսկական տղամարդ լինելը զոռբայություն և մեծամտություն է նշանակում, ապա դա ինքնին չի ենթադրում, որ մենք բոլորս պետք է դրսևորենք նույն հատկանիշները: Կասեք, որ իմ ասածը կյանքից կտրված իդեալիզմ է, և ես, անշուշտ, դրա հետ կհամաձայնեմ. բոլոր պարագաներում մարդկային վերաբերմունքը նույնիսկ «առերևույթ» հանցագործի հանդեպ, շատ կարևոր է: Քաղաքական գործիչների, առավել ևս առաջին դեմքերի մեջ իդեալիստները քիչ են, եթե Մանդելայի կամ Հավելի նման մարդկանց մի կողմ թողնենք: Հիմնականում նրանք իրենց նպատակներին հասնում են խարդախությամբ, կեղծիքներով, հաճախ նաև՝ քայլելով դիակների վրայով: Այդ «դեմքերի» մեջ սովորաբար քիչ են նաև անկեղծ մարդիկ, և նրանց հիմնական խոսակցության թեման են այն «բարեգործությունները», որոնք նրանք անձնուրացաբար մատուցել են ժողովրդին: Դուք որևէ մեկից լսե՞լ եք, որ պարզ ասի՝ «ես կայֆ եմ ստացել իշխանություն ունենալուց»»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր