7576 դիտում
15:16 19-07-2018
Հայ գիտնականները մասնակցել են բարձր էներգիաների նեյտրինոների ճառագայթման աղբյուրի բացահայտման աշխատանքներին
Գիտնականների միջազգային խումբը աշխարհում առաջին անգամ հայտնաբերել է բարձր էներգիաների նեյտրինոների ճառագայթման տիեզերական աղբյուր, որը ժամանակակից բարձր էներգիաների աստղաֆիզիկիայի ամենաարդիական և կարևոր խնդիրներից մեկն է։ Հետազոտությունների արդյունքները հրապարակվել են հեղինակավոր Science ամսագրում:
Խմբի կազմում ընդգրկված են ՀՀ ԳԱԱ ԻԿՐԱՆԵՏ կենտրոն միջազգային կազմակերպության գիտնակաները:
Նրանք նաև համագործակցելով Մյունխենի տեխնիկական համալսարանի խմբի (Էլիզա Ռեսկոնիի գլխավորոթյամբ), Եվրոպական Հարավային Աստղադիտարանից՝ Պաուլու Պադովանիի և Իտալիայի տիեզերական գործակալությունից՝ Պաուլո Ջիոմիի հետ, ստացել են կարևոր արդյունք, որ Հարավային բևեռում տեղակայված IceCube դիտակով գրանցված նեյտրինոները միանշանակորեն առաջանում են մեր մոլորակից չորս միլիարդ լուսատարի հեռավորության վրա գտնվող տիեզերական աղբյուրից` բլազարից։ Նեյտրինոները լույսի արագությամբ շարժող մասնիկներ են, որոնք կարող են առանց կլանման տարածվել միլիարդավոր լուսային տարիների հեռավորություններ, և նրանց այս առանձնահատկությունը թույլ է տալիս ուսումնասիրել տիեզերքի ամենահեռավոր աղբյուրները։
IceCube նեյտրինոների դիտակի և տարբեր էներգետիկ տիրույթներում գործող մի շարք այլ դիտակների (օրինակ MAGIC միջազգային համագործակցությունը, որի լիիրավ անդամ է նաև ԻԿՐԱՆԵՏ կենտրոնը՝ սկսած 2018թ.) ուսումնասիրությունների արդյունքում առաջին անգամ հնարավոր եղավ միաժամանակյա գրանցել նեյտրինոներ և ֆոտոններ միևնույն աղբյուրից:
Ինչպես նշեց ՀՀ ԳԱԱ ԻԿՐԱՆԵՏ կենտրոն միջազգային կազմակերպության տնօրեն Նարեկ Սահակյանը, - «2017թ. սեպտեմբերի 22-ին նեյտրինոների գրանցումից հետո, մեր գործընկերների հետ համատեղ սկսեցինք մանրամասն ուսումնասիրել գրանցված ազդանշանի ուղղությունը մոտ 1.33 աստիճան շառավղով երկնային տիրույթը։ Համադրելով տարբեր ալիքային դիապազոնների դիտակների օգնությամբ գրանցված տվյալները՝ կարողացանք բացառել հնարավոր բոլոր այլ աղբյուրների ազդեցությունը և միանշանակ պնդել, որ TXS 0506+056 աղբյուրը հանդիսանում է գրանցված նեյտրինոների ճառագայթման աղբյուր»:
Նեյտրինոների գրանցման և նրանց ծագման աղբյուրների բացահայտման շնորհիվ կարելի է համարել, որ սկիզբ դրվեց նոր ուղղության՝ «բազմասուրհանդակային» աստղաֆիզիկային, երբ միևնույն աղբյուրում տեղի ունեցող պրոցեսներն ուսումնասիրվում են՝ գրանցելով ֆոտոններ և նեյտրինոներ։
ԻԿՐԱՆԵՏ կենտրոն միջազգային կազմակերպությունը ստեղծվել է ՀՀ ԳԱԱ-ի կազմում 2016 թ-ին: Կենտրոնի գործունեության հիմնական առարկան ռելյատիվիստական աստղաֆիզիկայի, աստղամասնիկային ֆիզիկայի, ռենտգենյան աստղաֆիզիկայի, բարձր և գերբարձր էներգիաների գամմա-աստղաֆիզիկայի, բարձր էներգիաների նեյտրինո-աստղաֆիզիկայի բնագավառներում տեսական և հաշվողական հետազոտությունների իրականացումն է:
Նմանատիպ նյութեր
1988 դիտում
14:20 21-11-2019
Հայ գիտնականները մասնակցել են գամմա բռնկումից գերբարձր էներգիաների ֆոտոնների գրանցման աշխատանքներին
4698 դիտում
10:46 20-07-2016
Եղանակի մասին. դեռևս նորմայից բարձր կլինի ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը
Այս բաժնից
946 դիտում
19:39 26-12-2024
2025թ.-ին աղբի վարձավճարը որոշ մարդկանց համար կնվազի, որոշների համար էլ կբարձրանա․ քաղաքապետ
679 դիտում
19:12 26-12-2024
Շիրակի մարզպետը հյուրընկալել է աշխատանքային այցով մարզում գտնվող Անահիտ Մանասյանին
880 դիտում
18:55 26-12-2024
Հայաստանը Մինսկում 2025-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին կմասնակցի տեսակապի միջոցով