Ո՞նց ենք դուրս գալու էս ավանտյուրայի տակից. եթե ինձ ասեն՝ ԱԳՆ-ն քո տրամադրության տակ է, սրանց քանդածը հավաքիր, կնստեմ, կլացեմ. Աբրահամ Գասպարյան․ 168․am
168․am-ը գրում է․
«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի տնօրեն, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Աբրահամ Գասպարյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
Հարավային Կովկասը՝ որպես Մեծ Մերձավոր Արևելքի հյուսիսային սահմանադուռ, չի կարող անմասն մնալ այն բոլոր ազդեցություններից, որ
տեղի են ունենում հենց Միջին և Մերձավորարևելյան բուն տարածքներում: Պարզ է, որ Եմենում և Սաուդյան Արաբիայում տեղի ունեցածը չպետք է դիտարկել լոկալ կամ ռեգիոնալ մակարդակով։ Սա մեծ նշանակություն ունի և հասնում է ընդհուպ մինչև Հաբեշստան (Եթովպիա), Էրիթրեա, Եգիպտոս, Պակիստան և, ընդհուպ մինչև, այսպես կոչված, Մեքքայի դեկլարացիային միացած մյուս պետություններից մեկը՝ Թուրքիան։
Եվ այդ ամբողջի անդրադարձը մենք, բնականաբար, զգալու ենք, տեսնելու ենք նաև Իրան-Հայաստան սահմանագծին տեղի ունեցող իրադարձությունների կամ պոտենցիալ իրադարձությունների առումով։
Հութիներն արդեն դարձել են իրանական պրոքսի ուժը և գործիքը, այդ տարածաշրջանում հակաամերիկյան կամ հակասաուդյան ինչ-որ գործողություններ իրականացնելու համար, ինչպիսին Հըզբոլլահն էր դեռևս 2000-ականների կեսերին՝ Իսրայելի հյուսիսային սահմանին։ Լիբանանում հութիներն արդեն ունեն սոցիալական մեծ հենարան, քաղաքական ներկայացվածություն, տնտեսական լծակներ և, բնականաբար, արտաքին քաղաքական պրոտեժե՝ ի դեմս Իրանի, որի միջոցով կարողանում են ոչ թե փոխել անվտանգության բալանսն այդ տարածաշրջանում, համենայնդեպս՝ Բաբ էլ Մանդեբի նեղուցում՝ Կարմիր ծովից դեպի օվկիանոս դուրս եկող հատվածում, այլ այդ դիսբալանսն ավելի նկատելի դարձնել։
Բայցև հութիների պայքարը կամ շարժումներն ընդհանրապես չեն կարող հանգել մեկ կոճակի, որը Թեհրանում սեղմելու դեպքում ամեն ինչ կավարտվի. իրենց իշխանությունների հետ տարաձայնությունները նույնպես վաղուց են։
Ի՞նչ կապ ունի Եգիպտոսն այս ամենի հետ։ Եգիպտոսը Կարմիր ծովի երկայնքով երկար սահման ունի, ինչպես Սաուդյան Արաբիան, սահմանային, ինչպես նաև կղզիների խնդիրներ ունեն։ Եվ այդ ամբողջը, բնականաբար, կապված է Բաբ էլ Մանդեբի նեղուցի հետ, որով անցնում են այդ ուղիները։ Այդ նեղուցի նկատմամբ Թուրքիայից մինչև Իրան, մինչև Սոմալի, Ջիբութի և Էրիթրեա՝ այս երկրներն ունեն և՛ ռազմական ներկայացվածություն, և՛, բնականաբար, անվտանգային շահեր։ Իսրայելը նույնպես ներգրավված է այս ամենում։ Հիշեք՝ Պենտագոնը զգուշացրեց, որ հնարավոր է՝ հարվածներ հասցվեն նաև Եթովպիային։ Որովհետև Եթովպիայում գործում են նաև իսրայելական հատուկ հետախուզական ծառայությունները։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում․