211652_close_icon
views-count3370 դիտում article-date 12:05 17-07-2018

Ջրային կոմիտեի նախագահն աշխատանքային շաբաթը սկսել է մարզային այցերով

Արմավիրի մարզը հանրապետությունում ոռոգման ջրի ամենաշատ սպառողն է: Մարզում գործում են ջրօգտագործողների 3 ընկերություններ, որոնք սպասարկում են 97 համայնքի 23700 ջրօգտագործողների, իսկ ջրի սպառման ծավալը տարեկան միջինում կազմում է 290 մլն.խ.մ: Դեռևս ձմեռվանից, ելնելով եղանակային պայմաններից, ակնհայտ էր, որ տարին ջրասակավ է լինելու և ոռոգման համակարգը պետք է գործի մեծ լարվածության պայմաններում: Իսկ վերջին օրերի շոգ եղանակն այս տարածաշրջանում ավելի է մեծացրել ջրի պահանջարկը, ստիպելով նախատեսվածից շատ ջուր օգտագործել: Ոռոգման ջրի պատշաճ մատակարարման, արդար բաշխման, նորմատիվների, ինչպես նաև վարձավճարների գանձման խնդիրներն ու համակարգում իրականացվող աշխատանքները տեղում քննարկելու համար այսօր Արմավիրի մարզ են մեկնել Ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանը, ՋՕԸ-ների աջակցող խմբի համակարգող Կարեն Դադոյանը: Կոմիտեի նախագահը մարզում խորհրդակցություն է հրավիրել «Էջմիածին», «Արմավիր» և «Շենիկ» ՋՕԸ-ների գործադիր տնօրենների, «Ջրառ» կազմակերպության, մարզպետարանի ներկայացուցիչների մասնակցությամբ: Տիկին Գաբայանը լսել է ընկերությունների ղեկավարներին, կիսել նրանց մտահոգությունները սակավաջրության հետ կապված, բայց և վստահեցրել, որ ունեցած ջուրն առավելագույն արդարությամբ, օպտիմալ տարբերակներով բաշխելու դեպքում բոլոր ջրօգտագործողները հավասարաչափ կկարողանան օգտվել ջրից, էական վնասներ չեն կրի ու կկարողանան ավելի պարտաճանաչ վճարել օգտագործած ջրի դիմաց: Պատկերը մտահոգիչ էր նաև գանձումների մակարդակով. շուրջ 30 տոկոսի նվազում է արձանագրվել, որի հետևանքներն առաջին հերթին զգալի կլինեն հենց համակարգում: Դրանք կանխելու համար կոմիտեի ղեկավարն առաջարկում է ջրօգտագործողներին իրազեկել, պարզաբանել, հողի մշակին հաշվետու լինել, թե ինչ նպատակներով են ծախսվում նրանց վճարած գումարները և արդարության սկզբունքի պահպանման դեպքում վստահ լինել, որ ավելի պարտաճանաչ վճարումներ կկատարվեն, իսկ այդ գումարները կուղղվեն նաև համակարգի պահպանությանն ու մնացած ծախսերին: Ինեսսա Գաբայանը խոսել է ՋՕԸ-ների մասին, որոնց աշխատաոճի փոփոխությունը հրատապ պահանջ է առաջին հերթին՝ ինքնակառավարման տեսանկյունից: «Ջրօգտագործողների ընկերությունները ժամանակին ստեղծվել են՝ հենց ջրօգտագործողին մասնակցային կառավարման հնարավորություն տալու համար: Դա շատ կարևոր է և պետք է լիարժեք իրացվի, որպեսզի մեր ջրօգտագործողները տեղյակ ու մասնակից լինեն իրենց ընկերության ամբողջ գործունեությանը: Մենք այս ուղղությամբ էլ լրջագույն անելիքներ ունենք»,- ասել է կոմիտեի նախագահը: Ընկերությունների ղեկավարներն անդրադարձել են նաև կարկտահարությունից, /ցրտահարությունից/ տուժած տնտեսություններին փոխհատուցում տալու խնդրին, պարզաբանելով, որ նախկինում կառավարությունից այդ փոխհատուցումը սուբսիդավորման տեսքով էր և վնասներ կրած գյուղացին կարողանում էր այդ կերպ փակել մասնավորապես ոռոգման ջրի վարձը: Կոմիտեի նախագահը խոստացավ խնդիրը քննարկել շահագրգիռ մյուս կառույցների հետ, ներկայացնել նաև կառավարությանը: «Արմավիրի մարզում լուրջ խնդիր կա նաև գերնորմատիվ հողերի հետ կապված. այստեղ պետք է պետության հստակ քաղաքականությունը լինի. այդ տարածքներում անիմաստ է ինտենսիվ ոռոգում պահանջող մշակաբույսեր աճեցնել, մյուս կողմից դա կանխելու և գյուղացուն ճիշտ ուղղորդելու համար պետք է անդադար աշխատանք համապատասխան կառույցների հետ միասին, որպեսզի անընդհատ չբախվենք անիմաստ ջուր վատնելու խնդրին»,- տեսակետն է ներկայացրել Ինեսսա Գաբայանը, շրջելով մի քանի համայնքների աղակալված հողատարածքներով: Այցի հաջորդ կանգառը Զարթոնքի պոմպակայանն էր, որն իր ներուժից էապես նվազ հզորությամբ է աշխատում Սևջուր գետի ցամաքելու պատճառով և չի կարողանում լիարժեք ջուր հասցնել իր սպասարկման գոտու ջրօգտագործողներին: Այցն ավարտվել է անհետաձգելի մի քանի հանձնարարականներով: Կոմիտեի նախագահը առաջիկա աշխատանքային օրերը հիմնականում կտրամադրի մարզային այցերին՝ առկա խնդիրները տեղերում լիարժեք գույքագրելու, իրականացվող ծրագրերին ծանոթանալու և անելիքները հստակեցնելու նպատակով:

Նմանատիպ նյութեր