211652_close_icon
views-count1374 դիտում article-date 16:59 10-02-2020

Տաթև Սրբազանը հովվական այցերով եղել է Բուրգասի և Վառնայի հայոց համայնքներում

Վեհափառ Հայրապետի կողմից Բուլղարիայի հայոց թեմի Առաջնորդական Տեղապահ նշանակվելուց հետո Տաթև Սրբազանն իր մշտական հոգածության և ուշադրության կենտրոնում է պահում թեմը, որի վառ վկայությունն են բազմաթիվ այցելությունները, պաշտոնական հանդիպումներն ու ձեռքբերված պայմանավորվածությունները ինչպես տեղային իշխանությունների, այնպես էլ Բուլղար Ուղղափառ Եկեղեցու հետ՝ նպատակ ունենալով ընդլայնել համագործակցության ոլորտներն ու առավել աշխուժացնել: Ինչպես հայտնեցին Ռումանիոյ հայոց թեմից, Սրբազան Հայրը հերթական այցելությունը կատարեց փետրվարի 7-9-ը, երբ հովվական այցով եղավ Բուլղարիայի Բուրգաս և Վառնա հայոց համայնքներում: Փետրվարի 8-ին Տաթև Սրբազանը պատարագ մատուցեց տեղի Ս. Խաչ եկեղեցում (1853թ.), հավարտ պատարագի Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ կատարեց երիտասարդների օրհնության կարգ և իր օրհնությունը բաշխեց նրանց ու համայն հավատացյալ ժողովրդին: Փետրվարի 9-ին Տաթև Սրբազանը պատարագ մատուցեց արդեն Վառնայի Սուրբ Սարգիս եկեղեցում (1844թ.), հավարտ որի մեծ շուքով նշվեց եկեղեցու ուխտի օրը և տեղի ունեցավ Սուրբ Սարգսի տոնին նվիրված տոնակատարություն: Այցելելով Բուլղարիայի հայոց թեմի հայաշատ և մանավանդ ոչ հայաշատ ծուխեր՝ Տաթև Սրբազանի տեսլականն է նորից ակտիվացնել ու նոր զարկ, շունչ հաղորդել այդ համայնքներին, հնարավորություն ստեղծել, որպեսզի հայոց բոլոր եկեղեցիներում հնչի հայերեն աղոթք և մատուցվի սրբազան Պատարագ, քանզի հայրենիքից հեռու Հայ եկեղեցին է միակ այն վայրը, ուր հայերի հոգիները նորոգվում և ինքնամաքրվում են: Այցելությունների ժամանակ Առաջնորդական Տեղապահին դիմավորել և ուղեկցել են համայնքների եկեղեցական վարչությունների ատենապետերն ու անդամները: Առաջիկայում Առաջնորդական Տեղապահը մեկնելու է այն համայնքներ ու ծուխեր, ուր այս ընթացքում դեռևս չի հասցրել այցելել:

Նմանատիպ նյութեր