3438 դիտում
23:14 20-09-2018
Ջրային կոմիտե- Ջրային կոմիտեի տեխնիկական հանձնաժողովը քննարկել է Սևանից հավելյալ ջրառի, ջրամբարների անվտանգության հարցեր
Ջրային համակարգերի օգտագործման և պահպանության տեխնիկական հանձնաժողովը մշտապես գործող հանձնաժողով է, ստեղծվել է շուրջ 15 տարի առաջ, կազմում ընդգրկված են ոլորտի փորձառու, վաստակաշատ մասնագետներ: Սակայն վերջին տարիներին հանձնաժողովը պարապուրդի էր մատնվել, անգամ նիստեր չէին գումարվում: Այնինչ, ըստ կանոնադրության, պետք է նիստեր գումարվեն առնվազն 3 ամիսը մեկ, ավելի հաճախ՝ ըստ անհրաժեշտության:
Իր պաշտոնավարման առաջին իսկ օրերից Ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանը կարևորել է հանձնաժողովի դերը, անընդունելի համարել նման ներուժ ունեցող մասնագետների արհեստական անգործությունն ու առաջարկել հանձնաժողովին վերադառնալ ակտիվ օրակարգ և օր առաջ անցնել համակարգում կուտակված հրատապ խնդիրների քննարկմանն ու օպտիմալ լուծումներ առաջադրելուն:
Այսօր արդեն կայացել է հանձնաժողովի երկրորդ նիստը՝ Հովհաննես Թոքմաջյանի նախագահությամբ: Նիստին ներկա է եղել նաև Ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանը, որ հանձնաժողովի անդամներին առաջարկել է ակտիվ մասնակցել այս և առաջիկա մյուս քննարկումներին, քանի որ անելիքներն ու ակնկալիքն իրենցից շատ են: «Համատեղ անելիք շատ ունենք, պետք է կարողանանք առավելագույնս կենտրոնացնել մեր մասնագիտական փորձն ու ներուժը և ավելի արդյունավետ գործել: Լրջագույն անելիք ունենք մեր ռազմավարական խնդիրների լուծման, ջրային տնտեսության վարման ճանապարհին»,-ասել է Ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանը:
Նիստում անդրադարձ է եղել նաև Սևանից հավելյալ ջրառին: Կոմիտեի նախագահը ներկայացրել է փաստացի տվյալներ, պարզաբանել, թե ինչպես է բաշխվել Սևանից վերցվող ջուրը: Օրվա դրությամբ արդեն իսկ ջրառը կազմել է 195.6 մլն խ/մ: Միջգերատեսչական աշխատանքային խումբը շարունակում է մարզերում հետևել ոռոգման ջրի բաշխման գործընթացին, արձանագրվող թերացումներին հնարավորին արագ լուծումներ ու կարգավորումներ են տրվում:
«Սևանից ջրառն իրականացվում է խիստ հսկողության պայմաններում: Այդ նպատակով, գիտեք, միջգերատեսչական աշխատանքային խումբ է գործում և մենք գրեթե ամեն օր մարզեր ենք այցելում, տեղում պատկերն ավելի հստակ ենք տեսնում: Այն, որ ոռոգման համակարգը վատ վիճակում է, ակնհայտ է և առաջին հերթին դրանով են պայմանավորված մեծ կորուստները, շուրջ 50 տոկոսի չափով: Համակարգում իրականացվող արդիականացման ցանկացած աշխատանք ջրամատակարարման բարելավման հետ նաև կորուստներն է նվազեցնում, սակայն դրանք դեռևս շատ քիչ են՝ էապես եղանակ փոխելու համար: Մեր խնդիրն է վերացնել, բացառել մարդկային գործոնով պայմանավորված կորուստները»,- ասել է կոմիտեի նախագահը:
Օրակարգային հարցերից նիստում անդրադարձ է եղել Ազատի ջրամբարին: Քննարկվել է հատակային ջրթողի վթարային աշխատանքների նախագծային լուծումների ճշգրտման նպատակով՝ մեռյալ (9.2 մլն մ3) ծավալից ոռոգման նպատակով ջրի թողքեր կատարելու (6-7 մլն մ3) նպատակահարմարության հարցը:
Օրակարգում նաև Արփի լճի տեխնիկական վիճակի քննարկումն էր. պատվարի ստորջրյա մասի տեխնիկական վիճակը ճշտելու, հնարավոր ջրամեկուսացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ առկա ջրի ծավալը Ախուրյանի ջրամբար տեղափոխելու նպատակահարմարության հարցը:
Կարևորելով Ջրօգտագործողների ընկերությունների դերը, հանձնաժողովը քննարկել է նաև ՋՕԸ և ՋՕԸՄ կանոնակարգող խորհրդի մասին՝ ՀՀ կառավարության որոշման մեջ փոփոխություններ կատարելու հարցը:
[b]
ՀՀ ԷԵԲՊՆ ջրային կոմիտեի լրատվական ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
2821 դիտում
16:37 27-06-2017
Սևանից հավելյալ 100 մլն. խմ ջրառի առաջարկն այլ նպատակ ունի. բնապահպանները քննադատում են
5192 դիտում
22:48 31-08-2018
Սևանից լրացուցիչ ջրառն իրականացվում է խստագույն հսկողությամբ. Ջրային կոմիտե