211652_close_icon
views-count26723 դիտում article-date 22:05 16-07-2018

ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆԻ ՀԱԹԵՐՔ ԳՅՈՒՂՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ԺԵՆԳՅԱԼՈՎ ՀԱՑ»-Ի ՓԱՌԱՏՈՆ.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հուլիսի 15-ին , Մարտակերտի շրջանի Հաթերք համայնքում տեղի է ունեցել արցախյան ամենահամեղ ուտեստներից մեկի՝ ժենգյալով հացի փառատոնը: Միջոցառմանը ներկա է եղել Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար Էդգար Հարությունյանը՝ տիկնոջ և երեխաների հետ, Հաթերքի եւ հարակից համայնքերի ղեկավարները: Ինչպես նաև ներկա էին Մարտակերտի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի աշխատողները, Մշակույթի եւ երիտասարդության կենտրոնի աշխատողներ, լրագրողներ, համայնքի երիտասարդությունը, ինչպես նաև հյուրեր: Ինչպես մեզ հայտնեց փառատոնի կազմակերպիչ, <<էկոտուրիզմն Արցախում» նախաձեռնող խմբի ղեկավար Սամվել Միրզախանյանը, փառատոնը կազմակերպվել է «Հզոր Հաթերք» ծրագրի շրջանակներում, ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի ու զբոսաշրջության նախարարության և Մարտակերտի շրջվարչակազմի աջակցությամբ: Փառատոնին մասնակցում էին նաեւ հարեւան գյուղերից, որոնք ունեին իրենց տաղավարները: Նա նշեց նաև, որ սկսվել է <<Հզոր Հաթերք>> ծրագիրը, որի նպատակն է հզորացնել, շենացնել Հաթերք գյուղը ,մարդկանց ուշադրությունը սևեռել նրա վրա, Հաթերքը ներկայանալի դարձնել աշխարհին իր մշակույթով, պատմությամբ, աշխույժ առօրյայով , ինչպես նաև զարգացնել էկոտուրիզմը, քանի որ Հաթերքն ունի իր մեծ տնտեսական և աշխարհագրական նպաստավոր պայմաններն այն զարգացնելու համար: Իսկ էկոտուրիզմը զարգացնելու համար պետք է Հաթերքը նախ հայտնի դարձնել, պահանջարկ ստեղծել և ներկայանալ աշխարհին ու զբոսաշրջիկներին ինչպես հարկն է: Այդ պատճառով որոշեց սկսել ժենգյալով հացի փառատոնից: Փառատոնի նպատակն է դարձյալ միանգամից հրավիրել թե մարդկանց , թե պաշտոնյաների, թե զբոսաշրջիկների և թե էկոտուրիստների ուշադրությունը դեպի Հաթերք և փոփոխություն մտցնել գյուղի առօրյայի մեջ: Փառատոնի մեկնարկն տրվեց ժամը 12:00-ին, բացման խոսքով հանդես եկավ Հաթերք համայնքի Բ. Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Ներսես Մանուկյանը, խոսք ասաց նախաձեռնող Սամվել Միրզախանյանը, որից հետո երգ ու պարով,ասմունքով և դերասանական խաղով հանդես եկան Հաթերք համայնքի դպրոցի և մանկապարտեզի, ինչպես նաև Մարտակերտի մշակույթի և երիտասարդության կենտրոնի սաները: Մինչ այդ տաղավարներում արդեն եռուզեռ էր տիրում: Բոլորը շտապում էին համտեսելու արցախյան ժենգյալով հացը և մնացած ուտեստները: Ժենգյալով հացը համարվում է արցախյան խոհանոցի «այցեքարտը: Յուրաքանչյուր արցախցի լավ գիտի նրա պատրաստման ձևը և համեղ համը, որը ուտելուց երբեք չես կշտանա: Ժենգյալով հացը մոտ 25 տեսակի կանաչիներից է պատրաստվում: Արցախի տարբեր կողմերից Հաթերք էին ժամանել արհեստավարժ մասնագետներ, որոնք հյուրերին ծանոթացնում էին ժենգյալով հացի պատրաստման հմտություններին, առանձնահատկություններին և գաղտնիքներին։ Տաղավարներում ներկայացվեց նաև “Haterk Food" բնական սնունդը,որից հետո եղավ հյուրասիրություն և վաճառք։ Տոնական սեղանների անպակաս մասն էին կազմում նաև խորովածը, գինին, վիլսալին, փախլավան, կաթնաշոռով հացը, բազմապիսի թթուների եւ մուրաբաների տեսականին, և այլ ազգային համեղ ուտեստներ: Փառատոնի ամբողջ ընթացքն ուղեկցվում էր կենդանի երաժշտությամբ, ազգային եւ հայրենասիրական երգ ու պարով՝ Հաթերքի միջնակարգ դպրոցի աշակերտների, մանկապարտեզի սաների եւ Մարտակերտի մշակույթի եւ երիտասարդության կենտրոնի երգիչների կատարմամբ: Լուսինե Զաքարյան, Մարտակերտի շրջանի «Ջրաբերդ» պաշտոնաթերթ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+

Նմանատիպ նյութեր