5442 դիտում
21:28 09-07-2018
«Վեոլիա Ջրի» արձագանքը՝ «Լեւ Գրուպ» փաստաբանական գրասենյակի հրապարակման հետ կապված
Վեոլիա Ջրին քննադատողների շարքերը ծանրակշիռ համալրում ստացան: Ջրամատակարարին «քլնգելու» (ներողություն նման ոչ պատշաճ, բայց տվյալ դեպքում տեղին արտահայտության համար) «սուրբ գործում» շտապեց իր լուման ունենալ Լեւ Գրուպ փաստաբանական գրասենյակի ղեկավար Լեւոն Բաղդասարյանը:
Կարելի է ասել, մարդու բախտը պարզապես բանեց: Քանզի երբ նա ճայթեց իր «բարեմաղթանքներով», խնդիրը գրեթե լուծված էր, ջրամատակարարումը Երեւանում ժամ առ ժամ կարգավորվում էր, բայց կրքերը հանրության մեջ, հասկանալի է, դեռ եռում էին:
Ինչեւէ: Մենք կատարվածին «ըմբռնումով» ենք մոտենում: Առավել եւս, որ խոսքը փաստաբանի մասին է: Պետք է չէ՞ իր մասին մարդկանց պարբերաբար հիշեցնել տալ. ի վերջո, կլիենտ-պատվերի խնդիր կա: Աններելի բան կլիներ հանրային շահի պաշտպանի պատմուճանը հագնելու նման առիթը բաց թողել:
Պարզապես իրավիճակի նրբությունը նրանում է, որ նույն Լեւ Գրուպը, ասել է թե Լեւոն Բաղդասարյանը, ոչ հեռու անցյալում Վեոլիա Գրուպի մաս կազմող Երեւան Ջուր ՓԲԸ-ին իրավաբանական ծառայություններ էր մատուցում: Լավ վաստակում էր ու ոչ մի բացասական բան էլ ջրամատակարարի աշխատանքում չէր նկատում:
Բայց հենց եկամտի սույն աղբյուրը կտրվեց, անմիջապես պարզվեց, որ Վեոլիա ջուրը խելքի չի եկել, «որտեղ ուզում քանդում ա, ամիսներով թողնում ա, թաղամասերով ջուրը կտրում ա, օրը ցերեկով կենտրոնական ճանապարհները փակում ա…», եւ ընդհանրապես քրեական օրենսգրքի «մի բուկետ» հոդվածներ է խախտում: Մի խոսքով, գնդակահարելու արժանի մի բան է: «Ընկնես անապատ, ծարավից ու շոգից պապակվես, մի հատ ուղտն ինչ ա չլնի, որ թքի վրեդ` հովանաս» - մաղթում է Վեոլիա Ջրին այս, ինչ խոսք, ի ծնե ինտելիգենտ արարածը:
Վեոլիա Ջրում նմանները չկան, այդօրինակ բառապաշարի էլ չենք տիրապետում: Անելիքներս էլ երեւի լավ չգիտենք: Մխիթարվում ենք նրանով, որ Հայաստանում Լեւ Գրուպ կա, որն ամեն ինչ նկատում է, ժողովրդի դարդը կես խոսքից հասկանում ու իրավիճակին հնթացս իրավական գնահատականներ տալիս: Ավելին, համոզված ենք, Լեւ Բաղդասարյանը պատրաստ է «անգամ» բողոքավորների շահերը պաշտպանել: Հասկանալի է, վճարովի հիմունքներով: Ի վերջո, «սկզբունքայնությունը» լավ բան է, բայց դրանով ընտանիք չես պահի:
Վեոլիա Ջրում հասկանում են Լեւ Գրուպին, ու ցավակցում: Բայց համոզված չեն, որ Լեւոն Բաղդասարյանի (ու նրա նմանների) «հոգու ճիչը» գեթ որեւէ նշանակություն ունեցավ մայրաքաղաքում ջրամատակարարման կարգավորման գործում:
[b]Հանրային կապերի ծառայություն
[/b]
Նմանատիպ նյութեր
5723 դիտում
15:07 03-02-2022
«Ջերմուկ Գրուպ» և «Ռոյալ Գլաս Գրուպ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից
Այս բաժնից
736 դիտում
19:40 20-11-2024
ՀՀ մշտական ներկայացուցիչն իր հավատարմագրերն է հանձնել ԵԽ գլխավոր քարտուղարին
778 դիտում
19:27 20-11-2024
Սոնա Ղազարյանը հանդիպել է Լատվիայի դեսպանի հետ
589 դիտում
19:03 20-11-2024
Մհեր Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին