Երևանում բախվել են «Honda» ավտոմեքենան ու մոպեդը, վերջինը կողաշրջվել է․ Երևանի 1-03 շտապօգնության և «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել մոպեդավարի կյանքը փրկել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հոկտեմբերի 24-ին ավտոմեքենայի և մոպեդի բախում է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 01։25-ի սահմաններում Սասունցի Դավիթ-Խորենացի խաչմերուկում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 26-ամյա Արման Ա․-ի վարած «Honda» մակնիշի ավտոմեքենան և դեռևս չճշտված անձի կողմից վարած մոպեդը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, ապա օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել մոպեդավարին և տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Սարգսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Սերյոժա Ադամյանն ու Տիրայր Անտոնյանը։
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Գրիգոր Ավետիսյանի, Արթուր Ադամյանի և ավագ քննիչ Հայկ Պետրոսյանի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է հիվանդանոց տեղափոխված մոպեդավարի ինքնությունը։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։