211652_close_icon
views-count4014 դիտում article-date 21:32 06-07-2018

Արցախի պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է ՀՀ գյուղնախարար Արթուր Խաչատրյանին

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հուլիսի 6-ին ընդունել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանին և նրա տեղակալ Ռոբերտ Մակարյանին: Ողջունելով հյուրերին Արցախ կատարած առաջին պաշտոնական այցի կապակցությամբ՝ պետնախարարը հույս է հայտնել, որ այն նոր սկիզբ կդառնա երկու նախարարությունների միջև ձևավորված սերտ կապերի ամրապնդման համար: Գ. Մարտիրոսյանը ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտում վերջին տարիներին ունեցած ձեռքբերումներն ու խնդիրները՝ նշելով, որ այն Արցախի տնտեսության զարգացման առաջնահերթ ճյուղերից մեկն է հանդիսանում: «Գյուղատնտեսության ոլորտում մենք ունենք չօգտագործված մեծ ներուժ, որի լիարժեք իրացման համար մշակել ենք զարգացման հայեցակարգ: Այն շուտով կընդունվի և այդ բնագավառում կդառնա պետական հետագա քաղաքականության համար ուղենշային փաստաթուղթ»,- ասել է Գ. Մարտիրոսյանը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՀՀ գյուղատնտեսության նախարար Ա. Խաչատրյանը նշել է, որ արդեն հասցրել են արցախցի գործընկերների հետ քննարկել համագործակցության ծրագրերի շրջանակը: Նրա խոսքով՝ ոչ միայն շարունակվում են նախկինում սկսված ծրագրերը, այլև քայլեր են ձեռնարկվում համագործակցությունն ընդլայնելու նպատակով: Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել կադրերի շարունակական վերապատրաստման, ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման, հակակարկտային կայանների արդյունավետության բարձրացման և այլ հարցերի շուրջ: Հանդիպմանը մասնակցել է ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը:

Նմանատիպ նյութեր