211652_close_icon
views-count12792 դիտում article-date 10:46 29-06-2018

Պետք է նախևառաջ փոխել սփյուռքի նախարարության անունն ու գործառույթները․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ օգտատերերից մեկը գրեց, որ ապրում է Միացյալ Նահանգներում, աշխատում է ՏՏ ոլորտում, բայց պատրաստ է վերադառնալ հայրենիք, եթե նրան նույնատիպ աշխատանքի համար տրվի գոնե 4000 դոլար աշխատավարձ: Այդ գրառումը քննադատաբար ընդունվեց մյուս օգտատերերի կողմից՝ 4000 դոլարով ո՞վ չի աշխատի: Եվ իրոք, դա Հայաստանի համար բարձր աշխատավարձ է, թեև ոչ ֆանտաստիկ՝ այստեղ արտասահմանյան կապիտալով ՏՏ ոլորտում կան մասնագետներ, որոնք ստանում են ավելի բարձր (և, որն ավելի կարևոր է, սպիտակ, հարկերը մուծած) աշխատավարձ: Բայց պետք է, այնուամենայնիվ, հասկանալ նաև մեր հայրենակիցներին: Մարդն այնտեղ աշխատում ստանում է, ենթադրենք, իր նշած գումարից 5 անգամ ավելի բարձր աշխատավարձ: Ի՞նչ եք կարծում՝ նա կթողնի ամեն ինչ ու կգա Հայաստան միայն այն պատճառով, որ այստեղ փոխվել են ռեժիմն ու իշխանությո՞ւնը: Ոչ, նրան երաշխիքներ են պետք, որ այստեղ նա կունենա բնակարան և աշխատանք: Նույնը կարելի է ասել մեր այն հայրենակցի մասին, որը, ասենք, Չելյաբինսկում ասֆալտ է փռում և ստանում է ամիսը 1000 դոլար: Նա դեմ չի լինի նույն աշխատավարձով աշխատել հայրենիքում, բայց նրա կարիքն այստեղ առայժմ չկա: Վերադառնա իր դատարկված գյուղը (սովորաբար արտագաղթածների այդ կոնտինգենտը մարզերից է), ինչո՞վ զբաղվի: Գումարած դրան՝ երեխաները հայերեն խոսում են, բայց չեն կարդում, իսկ թոռները ոչ խոսում են, ոչ էլ կարդում: Նրան, ինչպես և բոլորիս, ոգևորել է այն լուրը, որ գեներալ Մանվելին ձերբակալել են, բայց նման ոգևորությամբ նա դժվար թե կարողանա ընտանիք պահել: Գումարած դրան՝ պետք է նախևառաջ ապահովել Հայաստանում ապրող գործազուրկ ասֆալտ փռողներին և հետո միայն հրավիրել Հայաստանից գնացածներին: Բայց մնացածների մասին նույնպես արժե մտածել: Ինձ թվում է՝ պետք է նախևառաջ փոխել սփյուռքի նախարարության անունն ու գործառույթները: Եթե մենք այստեղ 2 միլիոն ենք, իսկ Հայաստանից դուրս ապրում է 10 միլիոն հայ, էլ ի՞նչ «սփյուռք»: Կառույցը Իսրայելի օրինակով պետք է կոչվի «հայրենադարձության և աբսորբացիայի» նախարարություն կամ նման մի բան: Եվ խնդիր պետք է դառնա հենց հայրենադարձությունը, նախևառաջ վերադարձն այն մարդկանց, որոնք Հայաստանից են գնացել վերջին 25 տարիների ընթացքում»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր