Վաշինգտոնի կենտրոնական պուրակում հայկական թոնրի լավաշ են թխում. «Ամերիկայի ձայն»
Հունիսի 27-ին Վաշինգտոնի կենտրոնական պուրակում բացվելու է Հայաստանին և Կատալոնիային նվիրված խոշոր փառատոն: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4447571.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։
Սմիթսոնիան մշակութային հաստատության կողմից կազմակերպվող փառատոնի նպատակն է ներկայացնել Հայաստանի պատմամշակութային բազմազանությունը, ինչպես նաև՝ հայերի բնավորությանը բնորոշ հատկանիշները, պատմում է փառատոնի պատասխանատու Հեյլի Բաթվինը.
«Մեր ծրագրի անվանումն է «Հայաստան՝ տուն», և մենք ցանկանում ենք, որ այցելուները զգան մշակույթի սերտ կապը հայկական տան, օջախի հետ, տեսնեն, որքան կարևոր է հայի համար հյուրեր ընդունել, զգան հայերի հյուրասիրություն ու մեծահոգությունը»:
Փառատոնի շրջանակներում Հայաստանից ժամանած խոհարարը սովորեցնելու է ցանկացողներին հայկական ուտեստներ պատրաստել: Երևանից և Գյումրիից ժամանած երաժիշտներ, խաչքարագործ, դարբին, քարագործ, գորգագործ՝ հայ արհեստավորները տեղում սովորեցնելու են բոլոր ցանկացողներին ավանդական արհեստներ, իսկ առանձին տաղավարում մարդիկ կարող են համտեսել և գնել հայկական գինիներ, ինչպես նաև ծանոթանալ Հայաստանում գինեգործության պատմությանը:
«Չեմ բացելու բոլոր գաղտնիքները, սակայն, բազմաթիվ հաճելի անակնկալներ են լինելու»:
Հայկական ուտեստների առանձնահատկությունը փոխանցելու համար որոշվել է նույնիսկ Վաշինգտոնի ազգային պուրակում իսկական հայկական թոնրի լավաշ թխել: Հատուկ դրա համար Հայաստանից թոնիր է բերվելու, իսկ Հայաստանից ժամանած մասնագետը տեղում սովորեցնելու է բոլոր ցանկացողներին իրենց սեփական տներում թոնիր կառուցել:
Յուրաքանչյուր տարի Սմիթսոնիան փառատոնի այցելուների թիվը կազմում է ավելի քան մեկ միլիոն մարդ: Նրանք բոլորը հնարավորություն կունենան ոչ միայն ծանոթանալ հայկական մշակույթին և հյուրասիրությանը, այլև կրկնօրինակել հայկական ավանդույթները: Իսկ երեկոյան Վաշինգտոնի կենտրոնում հնչելու է հայկական երաժշտություն: