211652_close_icon

Հայաստան-ԱՄՆ՝ մեկ դար միասին. Հայկական երաժշտություն Վաշինգտոնի մայր տաճարում․ «Ամերիկայի ձայն»

views-count3192 դիտում article-date 09:49 07-03-2020
Հայոց պատմությունը որպես գլոբալ ուղերձ՝ Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնի մայր տաճարում չորեգշաբթի երեկոյան կայացավ «Հայոց Ոդիսականը՝ Նռան Գույնը» հայկական փառատոնի համերգը, որը նվիրված էր հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարյուր ամյակին: Վաշինգտոնի Ազգային տաճարում հանդես եկան Ջիվան Գասպարյանն ու թավջութակահար Նարեկ Հախնազարյանը։ Հարղոդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5317119.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ Այսօր, մեկ դար անց, երկու երկրների միջև պետական հարաբերությունները շարունակում են զարգանալ, բացման խոսքում նշեցին Միացյալ Նահանգների և Հայաստանի արտաքին գերատեսչությունների ներկայացուցիչները: «Այսօր ռազմավարական երկխոսության մակարդակի բարձրացած հայ-ամերիկյան հարաբերությունների կենտրոնում նոր Հայաստանն է», - իր ելույթում նշում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը: Հայ-ամերիկյան հարաբերությունները եզակի են ԱՄՆ-ում Սփյուռքի առկայության առումով, նշեց Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլիոթ Էնգելը. «Հարյուր տարի անց, մենք ուզում ենք համոզված լինել, որ մեր հարաբերությունները շարունակում են լինել սերտ և բարեկամական և համոզված եմ, այդպես կլինի ընդմիշտ, քանի որ Ամերիկայի հայկական համայնքը մեզ ընդմիշտ միմյանց է կապում»: Մշակութային, հոգևոր ոլորտում Հայաստանի և Ամերիկայի ժողովուրդները միմյանց լիարժեք հասկանում են, նշում է Վիգեն արքեպիսկոպոս Այկազյանը: Նախագահ Թրամփի հետ նախկինում Սպիտակ տանն իր հանդիպման ընթացքում այդ հարցն արքեպիսկոպոսը ևս քննարկել է. «Երբ նախագահի հետ խոսեցի, մեծ գնահատանքով խոսեց հայ ժողովրդի՝ որպես խելացի, աշխատասեր ժողովրդի մասին»: Մայր տաճարում անցած միջոցառմանը ներկա էր նաև Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ով իր կողմից նշեց՝ հայ-ամերիկյան հարաբերությունները չափազանց ջերմ են. «Կարծում եմ, սա կլինի հիմք ապագայում ավելի խորը հարաբերություններ ստեղծելու համար»: Մայր տաճարում անցած միջոցառմանը հայ համայնքի հետ միասին ներկա էին Միացյալ Նահանգների քաղաքական, հասարակական, մշակութային ոլորտի ներկայացուցիչներ, ինչպես նաև ամերիկացիներ, ովքեր հայկական մշակույթը հարազատ են համարում: Նրանցից մեկն է ԱՄՆ-ի գլխավոր դատախազի նախկին տեղակալ Ռոդ Ռոզենսթայնը՝ հենց նա է այն պաշտոնյան, ով ապահովեց հատուկ դատախազ Մալլերի խմբի աշխատանքի անխափան գործունեությունը: Ռոզենսթայնը, ում տիկինը հայ է, հայկական մշակույթին լավ է ծանոթ. «Մենք երկու զավակ ունենք, և մենք հպարտ ենք նրանց ամերիկահայ ժառանգությամբ»:

Նմանատիպ նյութեր