211652_close_icon
views-count2818 դիտում article-date 18:23 12-06-2018

Արա Բաբլոյանը շնորհավորել է Արիս Պապիկյանին՝ Կանադայի Օնտարիո նահանգի խորհրդարանի անդամ ընտրվելու առթիվ

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Արիս Պապիկյանին՝ Կանադայի Օնտարիո նահանգի խորհրդարանի անդամ ընտրվելու առթիվ։ Նրանում ասված է. «Հարգելի պարոն Պապիկյան, ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ Կանադայի Օնտարիո նահանգի խորհրդարանի անդամ ընտրվելու առթիվ: Այս ուրախալի լուրը Հայաստանում ընդունեցինք որպես Կանադայի բարօրության համար ծավալած Ձեր մասնագիտական եւ հասարակական գործունեության, ինչպես նաեւ երկրի հայ համայնքի կյանքին տասնամյակներ շարունակ ակտիվ մասնակցության գնահատություն: Համոզված եմ, որ ընտրողների արտահայտած դիրքորոշումը նաեւ Հայ դատի՝ Տորոնտոյի գրասենյակի ղեկավարման, Հայոց ցեղասպանության ճանաչման եւ ցեղասպանությունների կանխարգելման նպատակով Կանադայի իշխանությունների հետ Ձեր երկար տարիների տքնաջան աշխատանքի արտացոլումն է: Կանադան հավատարիմ մնաց համամարդկային արժեքներին եւ երկրորդ տուն ու հայրենիք դարձավ հատկապես Հայոց ցեղասպանությունը վերապրած հազարավոր գաղթականների համար՝ հետագայում ճանաչելով Հայոց ցեղասպանությունը: Ուստի լիահույս ենք, որ առաջիկա տարիներին Ձեր օրինաստեղծ աշխատանքը կդառնա հայ ժողովրդի յուրօրինակ շնորհակալությունն Օնտարիո նահանգին եւ Կանադային: Հայաստանի Հանրապետությունն ու Կանադան բարեկամ եւ գործընկեր պետություններ են, ինչը դրսեւորվում է ամենատարբեր հարթակներում ու ձեւաչափերում սերտ համագործակցության տեսքով: Եվ բնական է, որ Ձեր խորհրդարանական գործունեությունն առաջին հերթին պիտի իր նպաստը բերի Ձեր երկու հայրենիքների միջեւ բարեկամական կապերի հետագա ամրապնդմանը: Սիրելի պարոն Պապիկյան, մաղթում եմ Ձեզ արդյունավետ գործունեություն Օնտարիո նահանգի խորհրդարանում եւ նույնքան եռանդուն աշխատանք՝ ի շահ Կանադայի հայ համայնքի»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում:

Նմանատիպ նյութեր