Հունգարիայի ռազմական ինքնաթիռները տագնապով օդ են բարձրացել ուկրաինական օդանավի պատճառով
Ոչ մեծ ուկրաինական ինքնաթիռի պատճառով Հունգարիայի ռազմական ինքնաթիռները տագնապով օդ են բարձրացել:
Միջադեպը տեղի է ունեցել Լուժանկա-Բերեգշուրան սահմանային անցակետի շրջանում: Հունգարական սահմանապահները տագնապ են հայտարարել և տեղի ունեցածի մասին հայտնել ՆԱՏՕ-ի անվտանգության մարմիններին:
Հունգարական ռազմաօդային ուժերը մարտական պատրաստվածության են անցել. օդ են բարձրացել չորրորդ սերնդի Saab JAS 39 Gripen կործանիչները:
Սահմանախախտ ինքնաթիռը մի քանի պտույտ կատարելուց հետո լքել է հունգարական օդային տարածքը: Զինվորականների տվյալներով, դա կարող էր մաքսանենգ ինքնաթիռ լինել, որը Կարպատներից Եվրամիություն էր տեղափոխում ներգաղթյալների կամ արգելված բեռ:
Նշենք, որ Ուկրաինայի և Հուգարիայի հարաբերությունները վատթարացան այն բանից հետո, երբ Ուկրաինայում ընդուվեց կրթության մասին նոր օրենքը, որ սահմանափակում է այլ լեզուներով երկրում կրթություն ստանալու հնարավորությունը: Բուդապեշտը դա համարում է ազգային փոքրամասնությունների իրավունքների խախտում՝ նկատի ունենալով Ուկրաինայում հունգարական հոծ համայնքը: