211652_close_icon
views-count6965 դիտում article-date 08:35 09-06-2018

Հայաստանի նոր իշխանություններին անհրաժեշտ է ցուցաբերել օգնություն․ Քերոլայն Մուգար․ «Ամերիկայի ձայն»

«Ինձ չափազանց շատ են ոգևորել Հայաստանի իրադարձությունները: Կարծես սրտիս կեսն այնտեղ էր»,- այսպիսի գնահատական է տալիս Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը Ամերիկայի հայկական համագումարի նախագահ, բարերար և ակտիվիստ Քերոլայն Մուգարը, ով խոստովանում է, որ Հայաստանից ժամանած իր ընկերների հետ ուշադրությամբ հետևել է ուղիղ եթերով հայաստանյան զարգացումներին: Պատասխանելով [url=https://www.amerikayidzayn.com/a/4431097.html]«Ամերիկայի Ձայնի»[/url] հարցերին՝ բարերարը կարծիք է հայտնել, որ հետխորհրդային Հայաստանում դեռևս պահպանվել են խորհրդային կարգերի մնացորդներ: Այդ տեսանկյունից նա կարևորում է երիտասարդության խաղացած դերը հեղափոխական այս շարժման հաջողության հարցում: «Ես չէի սպասում, և կարծում եմ ոչ ոք չէր սպասում այսչափ երիտասարդության ներգրավում: Իհարկե երկրում դեռևս առկա են խորհրդային կարգերի մնացորդներ: Սակայն երիտասարդները փնտրում են նոր հնարավորություններ, որոնք պետք է ապահովված լինեն յուրաքանչյուր մարդու համար: Այդ երիտասարդներն, ի տարբերություն ավելի ավագ սերնդի, որևէ կերպ կապված չեն խորհրդային կարգերի հետ»,- նշում է Մուգարը: Որպես երկրի կարևոր հիմնախնդիր Քերոլայն Մուգարն առանձնացնում է նոր աշխատատեղերի ստեղծումը: «Հայաստանին անհրաժեշտ են նոր աշխատատեղեր: Կարծում եմ ունենք հնարավորություն ստեղծելու այնպիսիս աշխատատեղեր, որոնք ոչ թե մարդկանց հնարավորություն կտան գումարներ դուրս բերել Հայաստանից, այլ փոխարենը պահպանել եկամուտն այստեղ ի նպաստ երկրի»,- ընդգծում է նա: Բարերարը կոչ է անում սփյուռքահայությանը կանգ չառնել ծառացած դժվարությունների ու խոչընդոտների առջև և շարունակաբար փորձել օգտակար լինել Հայաստանին: Որևէ խոչընդոտի պարագայում, ըստ Մուգարի, անհրաժեշտ է փորձել հասկանալ խնդրի էությունը և եղած հնարավորությունների սահմաններում տալ համապատասխան լուծումներ: Նոր ձևավորված իշխանություններին, բարերարի կարծիքով, անհրաժեշտ է ցուցաբերել օգնություն: Վերջին զարգացումները նա որակում է որպես Հայաստանին տրված մեկ այլ հնարավորություն երկրի զարգացման համար: «Սա մեր երկրորդ, անգամ կարող է երրորդ հնարավորությունն է: Սա մեր վերածնունդն էր անկասկած»,- ասում է նա: Բարերարը մոտ ժամանակներում պատրաստվում է այցելել Հայաստան: 1994 թվականից նա այստեղ է իրականացնում «Հայաստան ծառատունկ ծրագիր» նախաձեռնությունը:

Նմանատիպ նյութեր