4371 դիտում
22:08 08-06-2018
Ովքեր կկարողանան օգտվել դայակների աշխատավարձի փոխհատուցման ծրագրից. ներկայացվել է ծրագրի իրականացման կարգը
ՀՀ կառավարության 08.06.2018թ․ նիստում հաստատվել է Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատանք փնտրող անձանց՝ մինչև երեխայի երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրման ծրագիրի իրականացման կարգը։ Սա ծրագրի մասին բազմաթիվ հարցերի առիթ է դարձել։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է առավել հաճախ շրջանառվող հարցերի ամփոփ և ամբողջական պատասխանները։
Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատանք փնտրող անձինք, որոնք մինչև երեխայի երկու տարին լրանալը ցանկանում են վերադառնալ աշխատանքի՝ երեխայի խնամքը կազմակերպելով ծրագրի միջոցով, պետք է նախապես հաշվառված լինեն իրենց բնակության վայրի զբաղվածության տարածքային կենտրոններում:
Ծրագրում ընդգրկվել ցանկացող անձանց թիվը ՀՀ պետական բյուջեով սահմանված ծրագրերի թիվը գերազանցելու դեպքում (նախատեսված է ծրագիրն իրականացնել 200 շահառուի համար) Ծրագրում ընդգրկվելու առաջնահերթություն տրվում է հետևյալ անձանց՝
1) ում միջին ամսական աշխատավարձը չի գերազանցում Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված՝ Հայաստանի Հանրապետությունում ձևավորված նախորդ տարվա միջին ամսական աշխատավարձի չափը, որը 2017թ․ նախնական տվյալներով կազմել է 195 074 դրամ կամ
2) ընտանեկան նպաստ ստացող ընտանիքի անդամ են կամ
3) ունեն մինչև երկու տարեկան երկու և ավելի երեխա կամ
4) ունեն երեք և ավելի երեխա կամ
5) ունեն հաշմանդամություն ունեցող երեխա:
Նշված պայմանների հավասարության կամ բացակայության դեպքում ծրագրում ընդգրկվելու նախապատվությունը տրվում է տարածքային կենտրոնում առավել երկար ժամկետով հաշվառված անձանց:
Տարածքային կենտրոնի տնօրենը, ծրագրում ընդգրկվելու ցանկություն հայտնած անձի հետ թղթային տարբերակով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցով կնքում է աջակցության տրամադրման պայմանագիր:
Ծրագրի շրջանակներում աջակցությունը տրամադրվում է երեխայի մինչև 2 տարին լրանալը:
Աջակցությունը տրվում է ծրագրում ընդգրկված անձանց յուրաքանչյուր տարի ոչ ավելի, քան 11 ամիս ամսական կտրվածքով՝ մինչև երկու տարեկան յուրաքանչյուր երեխայի խնամքի համար ծառայությունների մատուցման կամ աշխատանքային պայմանագրով սահմանված ամսական վարձատրության 50%-ի չափով, բայց ոչ ավելի, քան նվազագույն ամսական աշխատավարձի չափը, որը ներկայումս 55 000 դրամ է:
Աջակցության տրամադրման պայմանագիրը կնքելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում ծրագրում ընդգրկված անձը տարածքային կենտրոն է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝
1) իր՝ աշխատանքի վերադառնալու և իրեն վճարվող միջին ամսական աշխատավարձի չափի վերաբերյալ գործատուի կողմից տրված տեղեկանք,
2) դայակի կամ վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատության հետ երեխայի խնամքը կազմակերպելու նպատակով կնքած ծառայությունների մատուցման կամ աշխատանքային պայմանագրի կրկնօրինակը,
3) հայտարարություն իր բանկային հաշվի տվյալների մասին:
Ծրագրում ընդգրկված անձը երեխայի խնամքի կազմակերպման նպատակով կարող է պայմանագիր կնքել վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատության (մասնավոր մանկապարտեզ), կամ իր բնակության վայրում չհաշվառված անձի (կարող է լինել նաև իր բնակության վայրում չհաշվառված ազգականը)` դայակի հետ: Երեխայի խնամքի կազմակերպման պայմանագիրը կարող է լինել կամ քաղաքացիաիրավական, կամ աշխատանքային: Աշխատանքային պայմանագիր կնքելու դեպքում գործատու հանդիսացող մայրը պետք է կատարի ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված բոլոր պարտավորությունները:
Դայակի կամ նախադպրոցական հաստատության փոփոխության դեպքում` ծրագրում ընդգրկված անձը պայմանագիր կնքելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում դրա կրկնօրինակը պետք է ներկայացնի զբաղվածության տարածքային կենտրոն:
Պայմանագրով նախատեսված գումարը դայակին փոխանցելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում, էլեկտրոնային փոստի միջոցով ծրագրում ընդգրկված անձը զբաղվածության տարածքային կենտրոն պետք է ներկայացնի փոխանցման անդորրագրի էլեկտրոնային պատկերատպված (սքանավորված) տարբերակը, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետում վճարումը կատարելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում՝ դայակի կողմից եկամտային հարկի վճարումը հավաստող փաստաթղթի սքանավորված տարբերակը:
Ծրագրի իրականացման կարգի նախագիծը հաստավել է ՀՀ կառավարության 08.06.2018 թ․ նիստում և ուժի մեջ կմտնի հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նմանատիպ նյութեր
1789 դիտում
12:03 22-08-2019
Դայակների աշխատավարձի փոխհատուցման ծրագրում ընդգրկվել է ևս 400 շահառու
5054 դիտում
08:47 06-12-2017
Դայակներին վճարվող գումարի փոխհատուցման ծրագրից կարող է օգտվել 200 ծնող. «Հայկական ժամանակ»
2136 դիտում
18:35 19-10-2016
Շուրջ 2000 այցելու օգտվել է «Երևան Սիթի Տուր» զբոսաշրջային ծրագրից
Այս բաժնից
799 դիտում
18:55 26-12-2024
Հայաստանը Մինսկում 2025-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին կմասնակցի տեսակապի միջոցով
1147 դիտում
18:43 26-12-2024
Գնդապետ Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ
826 դիտում
18:29 26-12-2024
ՆԳ նախարարը մասնակցել է Մարի Իզմիրլյանի անվան մանկատան սաների Ամանորի միջոցառմանը