Զոհրաբ Մնացականյանը հունիս 6-ին կմեկնի Մոսկվա, իսկ համանախագահները հունիսի 13-ին կայցելեն Երևան. Տիգրան Բալայան
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հունիսի 13-ին կայցելեն Երևան։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մայիսի 15-ին Փարիզում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո համատեղ հայտարարություն էին տարածել, որտեղ նշել էին, որ ակնկալում են Հայաստանի նոր ղեկավարությանը հանդիպել հունիսին:
ԱԳՆ մամուլի խոսնակը տեղեկացրեց, որ, նախքան ԵԱՀԿ համանախագահների այցը, ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հրավերով հունիսի 6-7-ը աշխատանքային այց կկատարի Մոսկվա:
ԱԳՆ մամուլի խոսնակը տեղեկացրեց նաև, որ հունիսի 18-19-ը Հայաստան կայցելի Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությունը: Ծրագրվում են հանդիպումներ Հայաստանի օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչների հետ: