6961 դիտում
16:44 26-05-2018
Թուրքական քարոզչամեքենան կեղծիքի միջոցով փորձում է կասեցնել Իսրայելի կողմից Ցեղասպանության հնարավոր ճանաչումը
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ եթե Իսրայելը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ապա դրանով կխախտի Հոլոքոստի հատուկ կարգավիճակը:
«Իսրայելը Հայոց ցեղասպանության ճանաչմամբ վնասելու է հենց ինքն իրեն: Իսրայելը Հայոց ցեղասպանությունը և Հոլոքոստը չպետք է հավասարեցնի, քանի որ 1915թ. տեղի ունեցածը պատմական, այլ ոչ թե քաղաքական և իրավական հարց է»,-նշված է Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Համի Աքսոյի տարածած հայտարարության մեջ:
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում անդրադառնալով Թուրքիայի ԱԳՆ խոսնակի կատարած հայտարարությանը՝ նշեց, որ Թուրքիայի ԱԳՆ պաշտոնյայի հայտարարությունները զուրկ են տրամաբանությունից և դուրս են համամարդկային, հումանիստական մտածելակերպի սահմաններից:
«Թուրքական քարոզչամեքենան իր երկարամյա ապատեղեկատվության և կեղծիքի քաղաքականության մեջ երբեմն թույլ է տալիս քաղաքական և իրավական զավեշտալի բացթողումներ, անուղղակի կամ ուղղակի բացահայտում է իր ազգայնամոլ կերպարը: Համեմատության մեջ դնել տարբեր ցեղասպանությունները, կամ առավելություն տալ այս կամ այն ցեղասպանությանը քաղաքակիրթ մարդկության համար բացարձակ անընդունելի է: Համեմատել, թե որն է ավելի ծանր հանցագործություն՝ Հայոց ցեղասպանությո՞ւնը, թե՞ հրեական Հոլոքոստը, և եթե այս հանցագործություններից որևէ մեկի մասին ընդունվի բանաձև, ապա դա կվնասի մյուսին, հանցագործությունը ժխտող մտածելակերպի բացահայտ դրսևորում է, այն ինչ Թուրքիայի պետական քաղաքականությունն է տասնամյակներ շարունակ»,- ասաց մասնագետը:
Մելքոնյանը շեշտեց՝ դրանք տարբեր հանցագործություններ են.Հայոց ցեղասպանությունն, ի տարբերություն Հոլոքոստի, միևնույն ժամանակ նաև հայերի հայրենազրկումն է, և Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումը Իսրայելի, կամ որևէ այլ պետության կողմից չի կարող ստվերել մեկ այլ համամարդկային չարիքի՝ Հոլոքոստի կարգավիճակը:
«Թուրքիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնյայի հայտարարություններն, ըստ էության, զուրկ են տրամաբանությունից, դուրս են մարդասիրական և համամարդկային մտածելակերպի սահմաններից: Միևնույն ժամանակ, դրանք ի ցույց են դնում, որ Հայոց ցեղասպանության հետ կապված տարատեսակ քայլերը, քննարկումները և այլն շարունակում են թուրքական քաղաքական համակարգի համար մնալ մեծ խնդիր և առիթ դառնալ, որ թուրքական քարոզչամեքենան հանդես գա տրամաբանությունից դուրս և իր խորքային հակամարդկային, ռասիստական բնույթը ի ցույց դնող հայտարարություններով»,- եզրափակեց նա:
Նմանատիպ նյութեր
2319 դիտում
13:27 06-02-2014
Հայոց ցեղասպանության ճանաչումը Չեխիայի օրակարգ է գալիս. թուրքական մամուլ
1183 դիտում
21:45 31-08-2023
Թուրքական քարոզչամեքենան ամերկացիներին նորից մեղադրում է քրդերի հետ համագործակցելու մեջ
Այս բաժնից
970 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
997 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»