211652_close_icon
views-count3948 դիտում article-date 22:45 25-05-2018

«Լավագույն ուսանող» ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել մրցանակաբաշխություն

Այսօր՝ մայիսի 25-ին, ՀՕՄ-ի հայաստանյան շրջանակային վարչության նախաձեռնությամբ և ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան սրահում «Լավագույն ուսանող» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ մրցանակաբաշխություն: Ներկաներին Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի ողջույնի խոսքը փոխանցեց նախարարի տեղակալ Բաբկեն Տեր Գրիգորյանը, որում մասնավորապես ասվում էր. «25-ամյա այս մնայուն և արժեքավոր ձեռնարկը լավագույնս փաստում է Հայ օգնության միության դերակատարությունը Հայրենիքի շենացման գործում: Իրապես, արդեն ավելի քան մեկդարյա հայրենանվեր ու հայապահպան առաքելությամբ կառույցն անդավաճանորեն հավատարիմ է մնում իր որդեգրած հավատամքին: Տարիներ շարունակ նեցուկ կանգնելով կրթական համակարգին, աջակցություն ցուցաբերելով ուսանողներին՝ ՀՕՄ-ը վիթխարի դերակատարություն ունի Հայաստանի ապագայի կերտման հարցում, քանզի կրթված, լայնախոհ և առաքինի երիտասարդներն այսօրվա և վաղվա օրվա հուսալիության գրավականն են: Այս անգամ անցկացվող «Լավագույն ուսանող» ծրագիրը խորհրդանշական է, քանզի անցկացվում է Մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակի շրջանակներում: Գնահատելի է այն հանգամանքը, որ ծրագրում ընդգրկված են Ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակցած, սահմանամերձ շրջաններում բնակվող և զինհաշմանդամություն ունեցող ուսանողները»: ՀՕՄ Հայաստանի շրջանային վարչության ատենապետուհի Դիանա Հովսեփյանը նշեց, որ ծրագրի նպատակը կրթությանն աջակցելն ու լավագույն ուսանողներին խրախուսելն է: «Երկրի ապագան կերտողները երիտասարդներ են: Ուրախ եմ, որ այս տարի մրցանակներ են ստանում մեր վիրավոր զինվորները, Ապրիլյան պատերազմի մասնակիցներն ու սահմանապահ գյուղերի ուսանողները: Շնորհակալ եմ Սփյուռքի նախարարությանը սերտ գործակցության և աջակցության համար»,-ընդգծեց Դիանա Հովսեփյանը: ՀՕՄ կենտրոնական վարչության անդամ Ալեսյա Բեջանյանը ուսանողներին փոխանցեց միության կենտրոնական վարչության ողջույնի խոսքը և նշեց, որ պատերազմին մասնակից և սահմանապահ գյուղերի ուսանողները մեր ժամանակի իրական հերոսներն են: Այս տարի Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին ընդառաջ` «Լավագույն ուսանող» մրցանակին արժանացան 100 ուսանողներ: Մրցանակաբաշխության ավարտին ուսանողները շնորհակալություն հայտնեցին պարգևների համար: «Շնորհակալություն, որ մեր կողքին եք և օգնում եք մեր դժվար դարձած ճանապարհը հեշտացնել»,- ասաց Հայրենիքի պաշտպանության գործում վիրավորում ստացած Արսենը, ով այժմ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանող է:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր