Իրանն ԱՄՆ-ին դատով Է սպառնացել Փոմպեոյի հայտարարությունների պատճառով
Իրանի ԱԳՆ-ն Միացյալ Նահանգներին սպառնացել Է «դատական հետապնդմամբ»՝ ի պատասխան Իրանի վրա ճնշումը շարունակելու և հնարավոր նոր պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոյի՝ վերջերս արած հայտարարությունների։
Այդ մասին տեղեկացնում է Ria Novosti-ն:
«Իրանի Իսլամական Հանրապետությունը ԱՄՆ-ի պետքարտուղարի լպիրշ հայտարարությունները դիտարկում է որպես ակնհայտ միջամտություն՝ Իրանի ներքին գործերին և անօրինական սպառնալիք՝ ՄԱԿ-ի անդամ պետության դեմ, ու իրեն դատական հետապնդման իրավունք է վերապահում։ ԱՄՆ-ի կառավարությունը պատասխանատվություն կկրի իրանական ազգի դեմ ցանկացած բռնաճնշումների, ապօրինի և բռնի գործողությունների համար»,- ասված Է Իրանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ: